Կարծիք

19.02.2020 10:09


Մեր քաղաքացիները կարող են մի պահ կանգ առնել ու հարց տալ՝ ինչո՞ւ

Մեր քաղաքացիները կարող են մի պահ կանգ առնել ու հարց տալ՝ ինչո՞ւ

Երեկ մամուլում ակտիվ տարածում գտավ մեր կուսակցության խորհրդի հայտարարությունը, որով մենք կոչ ենք արել մեր աջակիցներին՝ հրաժարվել ապրիլի 5-ին ընտրատեղամասեր գնալուց, և դրանով իրենց վերաբերմունքը արտահայտել գործող իշխանության կազմակերպած հակասահմանադրական միջոցառմանը։

Մենք նախորդ իշխանությունից ժառանգություն ենք ստացել իրապես խնդրահարույց սահմանադրություն։ Այն ընդունվել է՝ փաստացի երկարաձգելու մեկ կոնկրետ անձի իշխանությունը, դրանով ստեղծելով իշխանության գերկենտրոնացման նախադեպը չունեցող իրավիճակ, որն իրենով արդեն լուրջ վտանգ է երկրի համար։ Այժմ այդ անձն արդեն իշխանության մեջ չի, փոխարենը այդ գերկենտրոնացված, առանց նորմալ հակակշիռների համակարգը ծառայում է մեկ այլ անձի։ Չբավարարվելով իշխանության տառացիորեն բոլոր մարմինների նկատմամբ ձեռք բերված փաստացի վերահսկողությամբ, և իր նախորդի թեթև ձեռքով ժառանգություն ստացած սահամանադրությունը արմատապես բարեփոխելու փոխարեն, այս անձը հիմա էլ խաղում է հասարակության զգացմունքների հետ, փորձելով ապօրինաբար կազմաքանդել գործող Սահմանադրական դատարանը, որը սահմանադրական կարգի ապահովման անկախ գերագույն մարմինն է։ Ընդ որում, դա անում է այլոց ձեռքերով՝ ԱԺ "Իմ քայլը" խմբակցության, ՀՀ նախագահի, դյուրահավատ այն մարդկանց, որոնք ժամանակին ընտրել են իրեն, և հիմա էլ անկեղծորեն հավատում են, որ եթե վերացնեն գործող Սահմանադրական դատարանը, կյանքը կտրուկ կլավանա։

Նախորդ դարի պատմությունը տալիս է բազմաթիվ օրինակներ, երբ առավել դաժան բռնապետությունները հաստատվել են ժողովրդի զգալի հատվածի աջակցությամբ, որին մոլորեցրել են ատելության քարոզով։ Լենինը, Ստալինը, Մուսոլինին, Հիտլերը, Մաո Ցզեդունը, Ֆիդել Կաստրոն, Պոլ Պոտը՝ բոլորը եկել են ժողովրդի զգալի հատվածների աջակցությամբ։ Մարդիկ, որոնք այս բռնապետներին բերել են իշխանության, երազել են լավ ապագայի մասին, համոզված են եղել իրենց ճշմարտացիության մեջ, վճռականորեն մերժել են անցյալը։ Չեն մտածել երբևիցե, որ իրենց գործողությունները ի վերջո բերելու են վիճակների, որոնց արդյունքում անցյալին երնեկ են տալու։ Չեն մտածել, որ տասնյակ միլիոններ են զոհվելու՝ պատերազմի դաշտերում, համակենտրոնացման ճամբարներում, բանտերում ու աքսորում, և մի անգամ շշից իրենց ձեռքով դուրս թողած ատելության ջինը ի վերջո գալու է իրենց ետից, ու խլի իրենց իսկ կյանքերը։

Այսօր մենք հնարավորություն ունենք կանգնել, և չգնալ այս անկանխատեսելի ճանապարհով։ Հայաստանում համարյա բոլոր քաղաքական ուժերը հրաժարվել են գործող իշխանության նախաձեռնած արկածախնդրությանը մասնակցելուց՝ գիտակցելով սահմանադրական կարգի տապալման և անձնիշխանության հաստատման վտանգավոր հետևանքները։ Մեր քաղաքացիները, նույնիսկ նրանք, ովքեր այս իշխանության համոզված ջատագովներն են, կարող են ևս մի պահ կանգ առնել ու հարց տալ՝ ինչո՞ւ։ Ի՞նչ գիտեն քաղաքական ուժերը, որ հրաժարվում են մասնակցել այս գործընթացին, և ի՞նչ պետք է յուրաքանչյուրս իմանանք, մինչև մեր հաջորդ քայլն անելը։ Ի՞նչ ենք մենք շահելու այս գործողությունից և ի՞նչ կորուստներ կարող ենք ունենալ, որի մասին այսօր դեռ չի խոսվում։ Ես խոստանում եմ առաջիկա շաբաթների ընթացքում պարբերաբար խոսել այս թեմայով, մինչ այդ նորից կիսվում եմ մեր հայտարարությամբ՝ խնդրում եմ կարդացեք, ու մինչև հաջորդ քայլն անելը ձեզ տվեք այս դժվար հարցերը։

Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը