Լրահոս

21.02.2020 16:20


«Բավրայի» մաքսատան գործով մաքսակետի հերթափոխի պետին և տեսուչին կալանավորելու մասին որոշումները բողոքարկվել են

«Բավրայի» մաքսատան գործով մաքսակետի հերթափոխի պետին և տեսուչին կալանավորելու մասին որոշումները բողոքարկվել են

«Բավրայի» մաքսատան գործով մաքսակետի հերթափոխի պետին՝ Դավիթ Հակոբջանյանին ու տեսուչ Ա.Մինասյանին կալանավորելու որոշումները բողոքարկվել են։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ մեղադրյալների փաստաբաններից։

Նշենք, որ բողոքարկվել է նաև նույն գործով մեղադրյալ մաքսատան տեսուչին կալանավորելու մասին դատարանի որոշումը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Ա. Մինասյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը։

«Բավրայի» մաքսակետի գործը մեծ աղմուկ ստացավ կառավարության նիստում վարչապետի հնչեցրած հայտարարություններից հետո։

Հիշեցնենք՝ փետրվարի 6-ին՝ կառավարության նիստում վարչապետը հայտարարել էր, թե Բավրայի մաքսակետում «անցած գիշեր բացահայտվել է մաքսանենգության խոշոր դեպք, որում ներգրավված են մաքսային ծառայության մի շարք աշխատողներ», ինչից որոշ ժամանակ անց ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրություն տարածեց, թե ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հյուսիսային մաքսատուն-վարչության իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող «Բավրա» մաքսակետի հերթափոխի պետը եւ մաքսային 2 տեսուչ, 2020 թ. հունվարի 25-ին ընդունելով բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպության համասեփականատիրոջ առաջարկը, համաձայնության են եկել առանձնապես խոշոր չափի՝ 1.436.610 ՀՀ դրամին համարժեք 3000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դիմաց, առանց պատշաճ մաքսային հսկողության եւ ձեւակերպման մաքսային տարածքից բաց թողնել հիշյալ կազմակերպության կողմից Վրաստանից տեղափոխվող շուրջ 4.5 տոննա ընդհանուր քաշով բեռը:

Փաստաբանները հայտարարել են, որ վարչապետի հայտարարությունից հետո ԱԱԾ քննիչները դիմում եմ աննախադեպ խախտումների՝ փորձելով ամեն ինչ անելով վարչապետի խոսքերը հիմնավորելու համար։

Մասնավորապես տեսուչի մասնակցությամբ քննչական գործողություններ են կատարվել՝ առանց պաշտպանի, թեեւ տեսուչը հրաժարվել էր մասնակցել քննչական գործողություններին, իսկ հերթափոխի պետը արգելանքի տակ է պահվել՝ օրենքի կոպիտ խախտումներով։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ փետրվարի 8-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Հ․Մանուկյանի, մերժել էր հերթափոխի պետին կալանավորելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը, սակայն ԱԱԾ քննչականը շարունակել էր նրան արգելանքի տակ պահել` անգամ ձերբակալության 72 ժամը լրանալուց հետո: Քննիչը նոր միջնորդություն էր ներկայացրել կալանավորելու՝ առանց մեղադրանքի ծավալ փոխելու, ինչը մակագրվել էր դատավոր Մնացական Մարտիրոսյանին։ Երկրորդ միջնորդությունն արդեն բավարարվել էր։

«Այն, ինչ մենք ենք տեսնում, կարծում եմ, իրավական բեսպրեդելի տիպիկ օրինակ է: Սա իրավական բեսպրեդել է»,- «Փաստինֆո»-ին ասել էր Հովհաննիսյանը:

Այս խորագրի վերջին նյութերը