Լրահոս

14.03.2011 14:28


Արամ Կարապետյան. «Ընդդիմության համար իրավիճակը գնալով բավական բարենպաստ է դառնում»

Արամ Կարապետյան. «Ընդդիմության համար իրավիճակը գնալով բավական բարենպաստ է դառնում»

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի կարծիքով՝ հեղափոխություն Հայաստանին անհրաժեշտ էր «արդեն նույնիսկ երեկ», ինչ տեսքի էլ որ լիներ՝ ներքևի՞ց, թե՞ վերևից։

Երբևէ պատկերացնո՞ւմ եք մի թիմ, որ լինի ճահիճի մեջ, և այդ թիմը, մեկը մյուսին չխեղդելով, կարողանա իրար հետ ճահճից դուրս գալ։ Մեզ հիմա ասում են՝ Սերժ Սարգսյանն իր թիմով գտնվում է տնտեսաքաղաքական ճահճի մեջ, և ասում են՝ կարո՞ղ ես, Սե՛րժ Սարգսյան, ոչ ոքի ձեռք չտալով, դու քեզ Բարոն Մյունխհաուզենի նման քաշես ու ճահիճից դուրս բերես,–ասել է նա։

Անդրադառնալով օրերս Սերժ Սարգսյանի ելույթին՝ նա նշել է, թե ինքը մշտապես լսում է նման ելույթներ, սակայն դրանց գործողություններ չեն հետևում։ Նրա խոսքերով՝ երբ իշխանության վիճակը վատանում է, փորձում է ցույց տալ, որ ինքն այդ ամենն ընկալում է, սակայն գործողություններ չի իրականացնում այդ ուղղությամբ։

Նա շեշտել է, որ Հայաստանում այսօր կան մարդիկ, սակայն չկան համակարգեր։ Այդ ամենը Սերժ Սարգսյանը գիտի, ինչի վկայությունն էր նախարարների հետ նրա վերջին հանդիպումը, սակայն լայնածավալ կադրային փոփոխությունների նախագահը, Ա. Կարապետյանի համոզմամբ, չի կարող գնալ և չի էլ գնա։

Հեղափոխությունը Հայաստանում, ըստ Ա. Կարապետյանի, անհրաժեշտ պայման է, սակայն պետք է անարյուն լինի, ժողովրդի շատ մեծ զանգվածի ճնշման տակ.

Ընդդիմության այսօրվա գործը՝ թե՛ աղավնիների, թե՛ բազեների, մեկ բան է՝ մեզ քաղաքական պահի խնդիրն էլ արդեն չպետք է հետաքրքրի։ Մենք պետք է աշխատենք քանակի վրա, մարդկանց քանակ, որը կանգնած է լինելու հրապարակում, և այդ քանակի պարագայում կարելի է սկսել իշխանության հետ ռեալ բանակցությունները,–ասել է նա։

Ա. Կարապետյանի կարծիքով՝ անգամ եթե հրաշք տեղի ունենա, և ամեն ինչ գնա հերթական ընտրություններին, ապա դա էլ չի փրկելու իշխանությանը, որովհետև հերթական ընտրությունները, եթե դրանք ընթանան՝ ինչպես մինչ օրս, դառնալու են այն քաղաքական պահը, որի պարագայում Հայաստանում ժողովուրդն ապստամբելու է։ Եթե ընտրություններն արդար անցնեն, իշխանական կուսակցությունները չեն կարող ստանալ այն թվերը, որոնք պետք է գրեն։

Կեղծում են՝ ապստամբություն է, չեն կեղծում՝ ուղղակիորեն ընդդիմությունը մեծամասնություն է վերցնում խորհրդարանում։ Այսինքն՝ ընդդիմության համար իրավիճակը գնալով բավական բարենպաստ է դառնում,–շեշտել է Ա. Կարապետյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը