Կարծիք

29.03.2020 13:50


Դեռ ուշ չէ սանձել «հրեշին»

Դեռ ուշ չէ սանձել «հրեշին»

Վարչապետը երեկոյան հրապարակեց օրվա ընթացքում կորոնովիրուսով ախտորոշված քաղաքացիների թվաքանակի աճի վերաբերյալ նոր տվյալներ՝ 35 մարդ մարտի 28-ի առավոտյան ժամը 10.00-ից հետո ընկած ժամանակահատվածում: Ընդ որում բնութագրական է այդ վիճակագրության ներկայացման ձևակերպումը՝ ‹‹կորոնովիրուսով վարակվածների թիվը գնալով աճում է, բայց իրավիճակը դեռևս կառավարելի է››:

Եթե փորձենք վերծանել այդ ձևակերպումը, ապա Վարչապետը, ըստ էության, խոստովանում է, որ համաճարակի տարածման կանխարգելման նպատակով Կառավարության կողմից իրականացվող միջոցառումները չեն տալիս սպասելի արդյունքները (աճում է ոչ միայն վարակվածների թիվը, այլև ընդլայնվում է տարածման աշխարհագրությունը):

Իրերի ընթացքի նման ներկայացումը միանգամայն հասկանալի է, քանի որ դեռևս առավորտյան ժամը 10.00-ի դրությամբ վարակվածների թիվը նախորդ օրվա համեմատ աճել էր 43-ով, իսկ միայն այսօրվա ցերեկային ժամերի ընթացքում նրանց թիվը ավելացավ ևս 35-ով: Ըստ էության, վարակվածներրի թիվը միայն վերջին մեկ և կես օրվա ընթացքում ավելացել է 78-ով՝ 329-ից հասնելով 407-ի կամ շուրջ 24%: Սա իհարկե մտայոգիչ է և դրա մասին է վկայում նաև Վարչապետի՝ ‹‹վարակվածների թիվը գնալով աճում է›› ձևակերպումը:

Իրերի նման վիճակը ակնհայտորեն արդյունք է նրան, որ Կառավարությունը, և առաջին հերթին Վարչապետն ու առողջապահության նախարարը, տեղեկացված լինելով Չինաստանում և Իրանում համաճարակի մահաբեր հետևանքների մասին, համաճարակի բռնկման սկզբի օրերից լուրջ չվերաբերվեցին այդ խնդրին և, նախապատվությունը տալով սեփական քաղաքական հետաքրքրություններին, չձեռնարկեցին համաճարակի սպառնալի հետևանքների կանխման համար համապատասխան կազմակերպական միջոցառումներ: Արդյունքում պահը բաց թողնվեց և այսօր մենք, ըստ էության, փորձում ենք հասնել վիրուսի հետևից՝ փոխանակ կանխելու այն:

Կարծում եմ տարբեր երկրներում այս կարճ ժամանակահատվածում մշակվել և հաջողությամբ կիրառվել են հանրային առողջապահության և էքստրեմալ պայմաններում հանրային կյանքի կազմակերպման արդյունավետ մոդելներ և հարկավոր է դուրս գալ ‹‹ամենակարող հեղափոխականի›› կերպարից և դիմել մեր գործընկերներին, մասնավորապես Չինաստանին և Ռուսաստանին, թե՛ բժշկական սարքերով, թեսթերով, դեղամիջոցներով և պիտույքներով, թե՛ փորձառու համաճարակաբաններով աջակցելու և թե՛ կազմակերպչական միջոցառումների իրականացման փորձի փոխանցման խնդրանքով: Օգտակար կլինի նաև համաճարակի դեմ պայքարի գերմանական փորձը ևս:

Հիմա դեռ կարող ենք սանձել ‹‹հրեշին››, հակառակ պարագայում Վարչապետի՝ ‹‹իրավիճակը դեռևս կառավարելի է›› ձևակերպումը կիմաստազրկվի:

Այս պայմաններում առանձնահատուկ կարևորություն է ձեռք բերում նաև մեր քաղաքացիների կողմից ինքնամեկուսացման ռեժիմի խստագույնս պահպանելու, անձնական հիգիենայի պահանջների ապահովման և պարետի սահմանած կանոնների անվերապահ հետևելու հարցը: Ոչ մի միջոցառում չի կարող արդյունավետ լինել, եթե մեր քաղաքացին չգիտակցի իր սոցիալական պատասխանատվությունը թե՛ հարազատների և թե՛ հանրության անդամների առջև:

Ինչ վերաբերվում է համաճարակի տնտեսական հետևանքների չեզոքացման վերաբերյալ Կառավարության նախաձեռնություններին, ապա դրանք առանձին և խորքային քննարկման կարիք ունեն և պահանջում են առանձին անդրադարձ:

Խոսրով Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը