Կարծիք

09.04.2020 09:35


Քոչարյանը շուրջ տարիուկես պատանդն է սույն իշխանության

Քոչարյանը շուրջ տարիուկես պատանդն է սույն իշխանության

Ռոբերտ Քոչարյան՝ մարդ, ով չընկրկեց թշնամու առաջ՝ ո՛չ ներքին, ո՛չ արտաքին, մարդ, ում չկոտրեց ո՛չ մարտադաշտը, ո՛չ բանտախուցը։

Հիրավի ֆենոմենալ ու նախանձելի կամքի, ոգու ամրության, տոկունության տեր անձնավորություն է, հայի ու աշխարհի համար պատմական թվացող մեր ժամանակաշրջանում՝ բացառիկ պետական գործիչ, հզոր անհատականություն։

Պետական շինարարության, անկախության, ազատության, ինքնիշխան երկու հանրապետություններ ունենալու գործում անուրանալի է ավանդը նրա, վստահ եմ՝ յուրաքանչյուր սթափ մտածողությամբ մեծամասնություն ունեցող ժողովուրդը պիտի երազեր նման առաջնորդ ունենալ. հաճախ նաև բարձրաձայն ինքս դժգոհել եմ հայից հերոսի մեռածը սիրելու համար։

Փաստը, որ Քոչարյանը շուրջ տարիուկես անազատության մեջ է, քաղբանտարկյալ է, պատանդն է սույն իշխանության, խարանն ու ամոթի դրոշմն մեր երեսին, մեր քամահրանքն է պետականությանը, սեփական պատմությանը՝ մենք չենք գնահատում ունեցածը, մենք չենք կարող լինել երախտապարտ, մենք ունակ չենք արժևորելու արժանին, զանազանելու թացն ու չորը։

Գաղտնիք բացած չեմ լինի՝ կալանքի հիմքերն ու պայմանները բացակայում են՝ ինչում նրան մեղադրում են, ամբողջապես հասկանալի չէ նույնիսկ մեղադրողներին, միաժամանակ վստահ եմ՝ չկա մեկն, ում մտքով անցնում է, թե Քոչարյանը, լինելով ազատության մեջ, պիտի խոչընդոտի քննությանը կամ թաքնվի քննությունից, այժմ նրա կալանավորման հիմք որպես՝ նշվում է խոչընդոտելը. հարց է առաջանում՝ ինչպե՞ս․ քրեական գործում չկա մեկ ապացույց, որը Քոչարյանը «չէր ուզի, որ լինի», չկա մեկ վկա, որի ցուցմունքներով հիմնավորվում է սահամանադրական կարգի՝ այնժամ նույնիսկ գոյություն չունեցած հոդվածով մեղադրանքն, ավելորդ եմ համարում նշել, որ ժամանակին նույն հոդվածով «Յոթի գործով» մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց քրեական օրենքին հետադարձ ուժ տալու դեպքում նրանց վիճակը վատթարացվելու պատճառով։ Նման պայմաններում յուրաքանչյուր ադեկվատ ուղեղի մեջ հարց է ծնվում՝ նույն հոդվածը, նույն իրականությունը, նույն դեպքերը, նույն իրավակիրառներն՝ ինչո՞ւ Քոչարյանի պարագայում մեկ իրականություն է, մնացյալ բոլորի դեպքում՝ լրիվ մեկ այլ ... Շուրջ մեկ և կես տարի ամբողջապես շինծու քրեական գործի քննությունից հետո, կարծես, հասել էինք մի փուլի, երբ հանրության առջև պետք է քանդվեր ապօրինությունների այդ քրեստոմատիան՝ ի ցույց դնելով իշխանության ու այդ իշխանության ձեռքին բութ գործիքից չտարբերվող իրավակիրառների մարդկային-մասնագիտական մերկությունը, սակայն դատավոր Դանիբեկյանը հիվանդ է ու հիվանդացել է հենց այն նիստի նախօրեին, երբ ՀՀ ու ԱՀ մի քանի նախկին վարչապետներ պետք է երաշխավորություններով հանդես գային՝ խնդրանքով՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու վերաբերյալ, ինչ խոսք՝ միստիկ սրկայական է։ Հերիք չէ, որ Քոչարյանի ազատության համար պետք է միջնորդեին, խնդրեին՝ ինքնին ստորություն է նրա բանտարկված լինելը, սակայն սա ևս դեռ ամենը չէ՝ հայտնի չէ՝ ի՞նչ հիվանդությամբ է տառապում դատավոր Դանիբեկյանը, որտե՞ղ է բուժվում, ե՞րբ է ավարտվելու բուժումը..., ստացվում է իրավիճակ՝ եթե Դանիբեկյանն, Աստված մի արասցե, տառապի անբուժելի հիվանդությամբ, Քոչարյանը պետք է «ցմահ կրի խափանման միջոց կալանավորումն»՝ իրավունքի ու պարզագույն տրամաբանության իմաստով՝ բացարձակ իրավախայտառակություն։ Գրավը ևս Քոչարյանի պարագայում կիրառելի չէ։ «Կոռոնավիրուս» համավարակի՝ աշխարհի առջև առաջացրած մարտահրավերների կապակցությամբ նույնիսկ Եվրոպայի Խորհուրդը հանդես եկավ զեկույցով՝ անազատության մեջ գտնվող անձանց նկատմամբ պետք է հնարավորինս կիրառվեն անազատությանն այլընտրանքային հնարավորությունները, սակայն, երբ խոսքը գնում է Արցախի Առաջին ու ՀՀ Երկրորդ նախագահ, Արցախյան ազատամարտի հաղթական առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ, ՀՀ ներկա դասալիք ու դավադիր իշխանությունը լուռ է, կույր է, համր է, մինչդեռ արդեն իսկ փաստ է՝ ՔԿՀ-ում վարակը տարածված է, իսկ Նախագահն արդեն 66 տարեկան է։ Մասնագետները նշում են՝ տարեց մարդիկ առավել ծանր են տանում վարակը՝ չհաշված, որ Քոչարյանն արդեն իսկ առողջական խնդիրներ, ինչի կապակցությամբ էլ տեղափոխվել էր Էրեբունի Բ/Կ, այլ խոսքով՝ իշխանությունն իր բացահայտ ապօրինությունների շնորհիվ կրկնակի հարվածի տակ է դնում քաղբանտարկյալ Նախագահին. սա չէ՞ խոշտանգումը, բայց միևնույն է՝ անդրդվելի են՝ բարոյական ու իրավական յուրաքանչյուր խախտման գնով նույնիսկ Քոչարյանը չպետք է լինի ազատության մեջ։

Քինախնդրությո՞ւն, վրե՞ժ, վա՞խ, ցուցո՞ւմ՝ կարծում եմ՝ սա ամբողջական ցանկը չէ շարժառիթների՝ Քոչարյանին բանտում պահելու՝ ի դեմս Փաշինյանի՝ իշխանությունը զգում է՝ Քոչարյանը հերթական քաղաքական գործիչը չէ, հերթական մեղադրյալը կամ քաղաքական թիրախը չէ, Քոչարյանն այն եզակի ռազմաքաղաքական գործիչն է, ով Արցախյան հերոսամարտի ամենաճգնաժամային փուլում՝ 1992 թվականին, երբ Արցախի կեսն արդեն գրավված էր թշնամու կողմից, ստանձնել է Արցախի պետական պաշտպանության կոմիտեի նախագահի պաշտոնն ու հաղթանակով Արցախը դուրս բերել պատերազմից՝ յոթ ազատագրված շրջաններով հանդերձ, այն եզակի պետական գործիչն է, ով 1997 թվականին Հայաստան եկավ ու զբաղեցրեց վարչապետի, ապա նաև նախագահի պաշտոնը, երբ Հայաստանն էլ տնտեսական ֊ սոցիալական ճգնաժամի ճանկերում էր, մատնված՝ աղքատությանն ու հանցավորությանը, երբ մարդիկ աշխատավարձ, իսկ տարեցները՝ թոշակ չէին ստանում, երբ բառի բուն իմաստով՝ չկար ոչինչ, մինչդեռ քոչարյանական կառավարումը դա ևս հաղթահարեց, երկիրը սկսեց վերստին շնչել, կյանքն աշխուժացավ. դժվա՜ր, չափազանց դժվար է թվել Քոչարյանի բոլոր ձեռքբերումները՝ ներքին ու արտաքին քաղաքականությունից մինչև ազգային ֊ պետական մտքի զարթոնք, անվտանգությունից մշակույթ ու սոցիալական բարեկեցություն։

Հա՛յ, քաղաքացի՛, պատասխանի՛ր՝ հպարտ ես հիմա՞, թե՞ երբ պետությանդ ղեկավարը բաց ճակատով ՄԱԿ ֊ի ու աշխարհի բարձր ամբիոններից թշնամուդ էր նախատում, քեզ՝ դրվատում, երբ պատերազմ էիր հաղթո՞ւմ, թե՞ երբ հաղթանակդ ու դրա համար ընկած հերոսների կյանքը ոչինչ ու ոչնչի համար են կոչում, երբ Եղեռնի փաստի հետ աշխարհն էր հաշվի նստու՞մ, թե՞ երբ Ցեղասպանությունը որպես օրակարգ չի էլ ընկալվում ..., թեպետ ի՜նչ օրակարգ, քե՛զ, քաղաքացի՛, իրավախայտառակ քրեական մի գործով են սնում, որի մասին նվազագույն պատկերացում նույնիսկ չունես, անբարո ու անիրավ հեքիաթ ես միայն լսում՝ տասը զոհե՜ր, իսկ ո՞ւր են էդ զոհերը, մոռացե՞լ ես՝ վարչապետն էր հպարտորեն գլուխ գովում՝ Մարտի 1 ֊ը բացահայտվա՜ծ է՝ ամբողջովի՜ն, ողջ ծավալո՜վ, ապա թե բացահատված է, էլ ինչո՞ւ են կալանված պահում Քոչարյանին՝ իրենք էլ են հաշտվել՝ չի փախչելու՝ մինչև ատամները զինված թուրքը նույնիսկ թիկունքը չի տեսել նրա, այս դասալիքը պիտի տեսնի՞, կասես՝ դասալիք չէ՞, ուրեմն ասա՝ ու՞ր էր Արցախյան պատերազմում ոչ բարով մեր վարչապետն ու ինչի՞ Ապրիլյան քառօրյային մասնակցեց միայն մայիս ամսին ...

Ախր կարո՞ղ էր չէ Քոչարյանն առհասարակ չգալ, բայց չէ՜, փախչելու համար Հայաստանը, ցավոք, ղեկավար ունի՝ ներկա վարչապետն է, միայն հիշել է պետք՝ ու՞ր էր նա 2008 թվականի մարտի 1 ֊ից հետո, երբ տասը կյանք ի մահ տարավ, իրավ է՝ փախչել էր, ինչպես միշտ իր կյանքում, բայց Քոչարյանն այդ չէ, ասել էր՝ պետք լինի, կգա, կնստի, կպայքարի մինչև վերջ, եկել է ու բանտում նույնիսկ պայքարում է ու շղթայված նույնիսկ զորեղ է այնքան, որ իշխանությունը հիստերիայի ու վայնասունի մեջ է ընկնում, երբ նրա ազատության հարցն է քննվում, չի զլանում, թե հարկն է նաև զանգել ու ուղիղ ցուցում իջեցնել մուրճից չտարբերվող գործիք ֊ դատավորին, պատրաստ է անգամ այն նույն տասը մարդկանց մահերով նորից սակարկել, մարդկանց վիշտն ու ցավը լկտիաբար շահարկել։

Պատմությունն անկասկած ամեն բան բերելու է ի շրջանս յուր ու արդարադատության այս պատրանքն անկասկած է՝ հավերժ չի ապրելու, վաղը, քաղաքացի՛, վերստին խելքի ես գալու, գիտակցելու ես՝ քեզ ու որդիներիդ համար պետություն շահած հերոսին ինքդ քո ձեռքով բանտում ես պահել, ինչ է թե լսես ականջդ շոյող մի ազգադավ ու հակապետական դրածոյի սուտն ու կեղծիքը նանիր, քեզ սովոր ոճով չես ընդունելու մեղքդ, բարդելու ես այն ամենքի վրա, ասելու ես՝ մեղավոր չե՜ս, դատավոր չե՜ս, ամենակարող չե՜ս ու այդպես ինքնախաբեությամբ, զուր ու անիմաստ շարունակական ինքնաարդարացմամբ ապրելով էլ մի օր մեռնելու ես՝ առանց սկզբունքների ապրածդ կյանքը քեզ էլ է անիմաստ ապրած թվալու։ Քանի դեռ ուշ չէ, սթափվի՛ր, գիտակցի՛ր՝ որևէ իմաստով Քոչարյանից ուժեղ չես, բայց իշխանությունն էս կամակատար նույնիսկ նրան է շղթայել, վաղը քեզ հարկ եղած դեպքում բանտ չի՞ նետելու, ուրեմն գիտցի՛ր, Քոչարյանի շահածը քո՛ հայրենիքն է, Քոչարյանի վաստակը քո՛ ձեռքբերումն է, Քոչարյանի կապանքներն էլ քո՛ ձեռքերին են. այդ նրան չեն բանտարկել, բանտարկել են քո մղումներն ազնիվ, երազներդ վառ. խաբվե՜լ ես, արթնացիր քեզ բթացրած այդ թմբիրից, շուրջդ նայիր, վերջապես հենց քեզ նայիր, ի՞նչդ է փոխվել, ավելացել, ոչի՜նչ, իսկ հիշու՞մ ես՝ ինչ խոստումներ էին գլխումդ սնում սրանք, դաժանաբար խաբված քաղաքացի՜ ...

Այսօր ևս Հայաստանը ճգնաժամ է ապրում՝ առողջապահական, տնտեսական, անվտանգային, քաղաքացի՛, քեզ ո՞վ է պետք, առաջնորդ, ով ամեն օր քեզ պատմի ոչնչի մասին, քեզ զբաղեցնի՝ պետությունդ ժամանցի հարթակ դարձնելով, թե՞ մարդ, ով ունակ է, (պատմությունն ու ողջ կյանքն է իր խոսքերիս առհավատչյան) ճգնաժամից քեզ դուրս բերելու. թե պատերազմ է, այն հաղթելու՛, թե հաց չկա, քեզ սնելու՛, թե հպարտ ես, ոչ թե խոսքով՝ գործո՛վ միայն։

Ասում են՝ երեկ, երբ Քոչարյանին Էրեբունի Բ/Կ ֊ից «Երևան-Կենտրոն» ՔԿՀ տեղափոխելու են եկել, բժիշկները փաստել են՝ պետք է դեռ իրենց մշտական հսկողության տակ լինի, դեռ ի վիճակի չէ տեղափոխվելու բանտախուց, իսկ երբ վերջապես իրեն առաջարկել են գնալ, պատասխանել է՝ գնացի՜նք. տղամա՛րդ է՝ հզոր առաջնորդ, հաղթական հերոս։

Պարոն Նախագա՛հ, գրամ անգամ չեմ զղջում նախանցյալ տարվա հուլիսի 26 ֊ից Ձեր կողքին լինելու համար. բա՛րդ է եղել, «հպարտ քաղաքացին» հաճախ ստրուկ է կոչել, ընկերներս այդ պայքարի բովում նույնիսկ բանտ են ընկել, բայց մենք կանք, մեր օրինակը Դուք եք, պայքարի շունչը՝ բազուկդ հաղթական, միտքը՝ հանունի համար, անունը՝ քոչարյանական։

Հ.Գ. Հայտնի ճշմարտություն է՝ մարդն առանց սկզբունքների, նման է պետությանն առանց օրենքների. քանի դեռ Քոչարյանը կալանքի տակ է, ճշմարտությունն այն է միայն, որ էս մարդիկ սկզբունքներ չունեն, էս երկիրը՝ օրինականություն. սկզբունք ու օրենք՝ ահա բանաձևը քաղաքացու փրկության, կյանքը՝ պետության։

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը