Կարծիք

10.04.2020 10:51


Ժողովրդի հիշողությունը բավական կարճ է

Ժողովրդի հիշողությունը բավական կարճ է

Եկեք մի պահ հետհայացք գցենք ներքաղաքական դաշտին՝ տարօրինակ ու արտասովոր ոչինչ չենք տեսնի, երբ ՀԱԿ-ը վերջին շրջանում կտրուկ ակտիվացել է՝ արդեն անգամ առաջին դեմքի մակարդակով։ Ինչքան էլ Նիկոլը փորձի իրեն դուրս դնել ՀԱԿ-ից և իրեն առանձնացնել Լևոն Տեր-Պետրոսյանից, ակնհայտ է, որ նա իր հոգևոր ու քաղաքական «հոր» գծած սահմանից ոչ մի միլիմետր չի շեղվում և հստակ դերաբաշխում է դաշտի խաղացողներին։ Հենց այս քաղաքական ուժի մնացորդներն են (Քոչարյան Անդոն, Իգիթյան Հովոն և այլն), որ պարբերաբար թեզեր են ներդնում՝ հիմնականում կոշտ ու իռացիոնալ տիրույթից։ Մի քանի օր առաջ կոչով հանդես եկավ Տեր-Պետրոսյանը և իրեն բնորոշ ոճով «համերաշխության ու հանդուրժողականության» հերթական չափաբաժինը բաց թողեց քաղաքական մթնոլորտում։ «Զարմանալիորեն» Տեր-Պետրոսյանն իր «ազգապահպանության» կոչում, չգիտես ինչու, չանդրադարձավ երկրի ներքաղաքական իրավիճակը թունավորող կարևորագույն կետերից մեկին, այն է՝ Նիկոլի կողմից ընտրակեղծարար ու սահմանադրական կարգը խախտող հայտարարությունների փաստին, չխոսեց ապօրինի ու հակասահմանադրական որոշումների ընդունման մասին։ Հատկանշական է նաև այն, որ գործող իշխանություններին հանրության աչքում բարձրացնող Առաջին նախագահը չանդրադարձավ նաև կառավարության տնտեսական քաղաքականությանը և ելքեր ցույց չտվեց։ Տեր-Պետրոսյանի գերքաղաքականացված դրույթներում նաև բացակայում եր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անհապաղ ազատելու հարցը, այն դեպքում, որ խոցելի խմբում գտնվող և բուժման կարիք ունեցող Նախագահ Քոչարյանի առողջական վիճակի վերաբերյալ բժիշկները փաստել են, որ այս պահին նա բժշկի մշտական վերահսկողության և հետագա բուժման կարիք ունի: Կոչի մեջ առանձնացված կետերից մեկը վերաբերվում էր ապրիլյան քառօրյայի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքները սառեցնելուն, այս հարցին խորքային ու բովանդակային հայացք ձգելով՝ տեսնում ենք, որ այն Տեր-Պետրոսյանի համար ուներ կենսական արժեք:Երբ հայտնի դարձավ, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել ներկայանալ հանձնաժողով (իհարկե, որոշակի պայմաններ առաջ քաշելուց հետո միայն), իշխանության ներկայացուցիչները, հատկապես նրանք, ովքեր ընդգրկված էին քննիչ հանձնախմբում, փորձել են հասկանալ, թե հետագայում ինչ քայլեր են ձեռնարկելու։ Ինչպես կասեր Նիկոլը` օդում կախված լուրերի համաձայն՝ ականատեսները պատմում են, թե ինչպես է Անդրանիկ Քոչարյանը հեռախոսով մի քանի անգամ հեռախոսազրույց ունեցել «շեֆի» հետ։ Իշխանությունը, հասկանալով, որ հայտնվում է քաղաքական փակուղու առաջ, քանի որ իրենց կողմից շահարկվող թեզերը, թե «Ապրիլյանի ժամանական բացթողումները շատ են եղել», «պետք է լսել թիվ մեկ պատասխանատուին», «ողջ պատասխանատվությունը ընկնում է գերագույն գլխավոր հրամանատարի և ԳՇ պետի վրա», միանգամից ջուրն են ընկնում և ցույց են տալիս դրանց մտացածին ու ֆեյքային լինելը։ Այս ամենը միմյանց հետ համադրելով՝ պարզ է դառնում, թե որտեղից են գալիս Տեր-Պետրոսյանի՝ քննիչ հանձնաժողովի աշխատանքները ժամանակավոր սառեցնելու մասին թեզերի թելերը։

Պարզ է մի բան՝ Լևոն Տեր-Պետրոսյանի դեպքում պատահաբար ոչինչ լի լինում, ախար մեր ժողովրդի հիշողությունը շատ կարճ է…

Հ.Գ. Երբ քաղաքական որոշ ուժեր հայտնվում են լուսանցքում, փորձում են ամենապատեհ պահին ճիշտ փաթեթավորմամբ իրենց մատուցել հանրությանը։ Ապացուցման կարիք չունի այն պարզ ճշմարտությունը, որ ժողովրդի հիշողությունը բավական կարճ է, և գրեթե տասնամյակը մեկ հայ հանրության շրջանում քաղաքական ամնեզիայի չափաբաժինը հատում է վտանգավորի սահմանը։

Հ.Գ.Գ. Ժամանակին լուսահոգի հայրս, անրադառնալով ՀԱԿ-ի գործունեությանը ասել եր՝ «Ես ժամանակին ճշգրտորեն տվել եմ իմ գնահատականը, որ ՀԱԿ նշանակում է Հայ ազգային կատակերգություն»։

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը