Մեկնաբանություն

12.04.2020 10:55


Ամբոխահաճների համար իրականում ի՞նչն է «դուրս եկել վերահսկողությունից»

Ամբոխահաճների համար իրականում ի՞նչն է «դուրս եկել վերահսկողությունից»

Մինչ իշխանության վերին թախտերին բազմածները բացահայտում են, որ իրենք ոչ թե նվիրյալներ են, այլ փողով գործ անողներ, ուստի պիտի ստանան ու լա՜վ ստանան, բավականին արագ մոտենում է պահը, երբ նրանք հարկադրված կլինեն տալ, այդ թվում՝ պատասխան: Եթե կուզեք՝ պատասխանատվության տանող գործընթացն արագացման մեջ է:

Օրինակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տարավ-բերեց ու թե՝ Հայաստանում կորոնավիրուսի շրջանառությունը դուրս է եկել վերահսկողությունից: Եթե նրա նպատակը մեծ աղմուկ ստեղծելն ու հայրենակիցներին շփոթահար անելն էր, ապա՝ ստացվեց: Դա մոտավորապես նման էր կրակի վրա բենզին լցնելուն (նախարարը ծխախոտի հետ չունի, այլապես՝ վառոդի տակառի վրա ծխելու համեմատությունը տեղին կլիներ): Ու «Ֆեյսբուքի» հայախոս հատվածը երեկ բոցավառվել էր առողջապահության նախարարի այդ արտահայտությունից:

Լավ, բայց ինչո՞ւ Արսեն Թորոսյանն այդպիսի բան ասաց, ինչո՞ւ հանկարծ, արտակարգ դրության սահմանված ժամկետի գրեթե եզրագծի մոտ խոսեց այն մասին, թե վարակի շրջանառությունը դուրս է եկել վերահսկողությունից: Բա էլ ինչո՞ւ ենք մի ամիս երկրի ամբողջ շարժն ու տնտեսությունը գրեթե կաթվածահար արել: Ուրեմն, իզո՞ւր էինք այս մի ամիս կամովին «տնային կալանքի» խափանման միջոց կիրառում ինքներս մեր նկատմամբ:

Էլի «ինչու»-ներ կան: Նաև՝ բավականին հիմնավոր ենթադրություններ:

Առաջին ենթադրությունն այն է, որ միգուցե Արսեն Թորոսյանը նման հայտարարությամբ փորձում է ապահովագրվել: Ու նման հայտարարությունը միգուցե կապ ունի այժմ նաև իշխանության ներսում ծավալվող բուռն քննարկումների հետ. ևս մեկ ամսով երկարաձգե՞լ արտակարգ դրության գործողության ժամկետը, թե՞ ոչ (երկարաձգումը տեխնիկապես հնարավոր է՝ նախագահի հրամանագրով):

Այդ իմաստով վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավականին ծանր «այո-ոչ»-ի կամ երկընտրանքի առջև է կանգնած:

Բանն այն է, որ եթե արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգվի, իսկ դա այդպես էլ ուզում են անել, ապա դա, արդեն եղածից բացի, կբերի տնտեսական ու սոցիալական խիստ նկատելի խնդիրների: Երկիրը կարող է ուղղակիորեն հայտնվել սոցիալ-տնտեսական կաթվածի վիճակում: Դա «նոր հնարավորությունների», «զրոյական շինհրապարակի» պոպուլիստական ճառերով չես կարող քողարկել կամ թաքցնել: Իսկ դա նշանակում է նաև՝ գործող ամբոխահաճական իշխանության ու հատկապես՝ վարչապետի հնարավոր քաղաքական անկման վերջի սկիզբը:

Մյուս կողմից, եթե արտակարգ դրությունը չերակարաձգվի, ապա կորոնավիրուսի վարակը կարող է շատ ավելի արագ տեմպերով ու անհամեմատ լայնորեն տարածվել, արդեն ամբողջ երկրով մեկ: Ո՞վ է պատասխան տալու դրա համար:

Այս՝ «պատասխան տալ» արտահայտությունից ու կոնկրետ երևույթից, ինչպես բոլոր ընդգծված ամբոխահաճները, գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս, վեր են թռչում ու հապճեպ մի կողմ քաշվում, ինչպես հիմա շատ մարդիկ, երբ կողքները մեկը հազում կամ փռշտում է:

Ի՞նչ անել, ո՞րը ընտրել: Արտակարգ դրությո՞ւնը և վարակի տարածումը նվազեցնելու ու հաղթահարելու համար պահանջվող լարված աշխատանքը, և տեսանելի հեռանկարում ստանալ նորանոր սոցիալ-տնտեսական խնդիրներ: Թե՞ արտակարգ դրությունը չերկարաձգել, կենտրոնանալ եղած ու ձևավորված տնտեսական նկատելի ճաքերը «կարկատելու» վրա, իսկ վարակից էլ ով՝ տուժեց-տուժեց, ով՝ ոչ, բախտը բերեց:

Նիկոլ Փաշինյանի դեպքում՝ ամենակարևորը ոչ այնքան այդ հարցերն են, այլ այն գերհարցը, թե այդ տարբերակներից որի՞ դեպքում կհաջողվի պահպանել այդքան բաղձալի իշխանությունը, չկորցնել այն:

Ծանր երկընտրանք է, ոչինչ չես ասի: Եվ պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանն այս օրերին ավելի ու ավելի ակտիվ է փորձում տանել այն խաղը, որը, ինչպես իրեն է թվում, իր մոտ ամենից լավ է ստացվում կամ որն ամենից շատ է ազդում զանգվածների վրա: Որոշակի իմաստով, այդ նպատակին են ծառայում «հեղափոխական քայլքի» երկամյա վաղեմության տեսանյութերը թարմացնելը, ձերբակալություններ, հետապնդումների ու «մասկի շոուների» նոր դրսևորումները: Չի կարելի բացառել, որ այդ հողի վրա Փաշինյանի իշխանությունը մի նոր թափով «կշրջվի» նախկինների վրա: Դա ազդում է մասսայի տրամադրություններին վրա ու կարող է միառժամանակ «յոլա տանել», թեկուզ՝ ժամանակ շահելու համար:

Սակայն ինչ-որ բան հուշում է, որ Փաշինյանի իշխանությունը միայն կորոնավիրուսի շրջանառության վիճակը չէ վերահսկողությունից դուրս թողել, կարծես:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը