Լրահոս

20.04.2020 21:47


Անի խոշորացված համայնքում կորոնավիրուսից մահվան երրորդ դեպքն է գրանցվել

Անի խոշորացված համայնքում կորոնավիրուսից մահվան երրորդ դեպքն է գրանցվել

Շիրակի մարզի Անի խոշորացված համայքնում կորոնավիրուսից մահվան երրորդ դեպքն է գրանցվել։ Մահացողը Ձորակապ բնակավայրի 62-ամյա բնակիչ է. նրա մահվան դեպքը Հայաստանում արձանագրված 22 դեպքերից մեկն է, որի մասին հայտարարվել էր ապրիլի 20-ի առավոտյան:

Համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ վիրուսի հայտնաբերումից կարճ ժամանակ անց տղամարդու վիճակը ծանրացել է, նրան տեղափոխել են Երևան` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Այնտեղ տղամարդու մոտ սրտի վիրահատության խնդիր է առաջացել, և նրան ստենտավորել են` փորձելով փրկել կյանքը։ Սակայն, ցավոք, տղամարդը մահացել է։

«Գյուղում իր բիզնեսն էր ծավալում: Գյուղատնտեսական ապրանքների առևտրով էր զբաղվում, ավտոմասեր էր վաճառում: Բոլորիս համար էլ անսպասելի էր ու զարմանալի, որ նրա մոտ կորոնավիրուս հայտնաբերվեց, ու հիվանդությունը սուր ընթացք ունեցավ ու մահացավ»,-ասաց Արտակ Գևորգյանը:

Ըստ համայնքապետի, ձորակապցի տղամարդը հոսպիտալացվել էր մոտ քսան օր առաջ: Կորոնավիրուսի հաստատումից հետո նրա մոտ սրտի հետ կապված խնդիր էր առաջացել: Հենց Երևանում էլ տղամարդուն ստենտավորել էին: «Ստենտավորումից հետո գրեթե ութ օր ապրեց, բայց ցավոք մահ է արձանագրվել»,-նշեց Արտակ Գևորգյանը:

Անի խոշորացված համայքնում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը գրանցվել է ապրիլի վեցին: Երկրորդ դեպքը գրանցվել է ապրիլի 19-ին (նա ապրիլի 20-ին հայտարարված 90-ամյա քաղաքացին է): Մարալիկում այս պահին խիստ հսկողություն է սահմանված, պարետի որոշմամբ, նաև տեղաշարժի սահմանափակումներ կան:

Այս խորագրի վերջին նյութերը