Աշխարհ

19.03.2009 12:59


Ադրբեջանում դրվեցին սուլթանատի հիմքերը

Ադրբեջանում դրվեցին սուլթանատի հիմքերը

Ձայնի իրավունք ունեցող Ադրբեջանի քաղաքացիների  92.17%-ը քվեարկել է սահմնադրական փոփոխությունների օգտին։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ադրբեջանում հանրաքվեի դրված սահմանադրական փոփոխությունների առանցքային կետը  նախագահի պաշտոնը 2 ժամկետից ավելի զբաղեցնելու անթույլատրելիության արգելքի վերացումն էր, որը Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովը գնահատել էր, որպես ժողովրդավարական չափանիշներին հակասող։ Ըստ Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազախիր Փանախովի,  սրանք են երեկվա հանրաքվեի նախնական արդյունքները։  Երկրի ընդդումությունն ու անկախ փորձագետները քվեարկության ընթացքի այլ պատկեր են ներկայացնում. գրեթե բոլոր ընտրատեղամասերում արձանագրվել են լցոնումների դեպքեր, իսկ ամենակարևորը՝ ընտրողների մասնակցության թվի բավականին ցածր լինելն  է։ Ընդդիմության ներկայացուցիչները մինչև հանրաքվեի մեկնարկը ահազանգում էին սահմանադրական փոփոխություններին դեմ քարզող անձանց նկատմամբ կիրառվող տոտալ ռեպրեսիաների մասին։

«Ազգային ճակատ»  ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին նշում է, որ այս քայլով Ադրբեջանի առաջին դեմքերը հավերժացնելու են սեփական իշխանությունը։

Այսօր դա պաշտոնապես արձանագրված փաստ է։

Հանրաքվեի ընթացքի, վերջնական արդյունքների վերաբերյալ հետաքրքիր կլինի լսել միջազգային դիտորդների գնահատականը։ Սակայն վստահաբար կարելի է ասել, որ դա բացարձակապես չի մտահոգում սուլթանի կարգավիճակում հայտնվելու հավակնություններ ունեցող Իլհամ Ալիևին և նրա վարչակազմին։ Եթե բացահայտ անտարբերությամբ բանի տեղ չդրվեցին Վենետիկի հանձնաժողովի դիտողությունները,  ո՞մ է հետաքրքրելու դիտորդների, միջազգային կառույցների գնահատականները։

Ամեն դեպքում Ադրբեջանը նոր իրավիճակում է հայտնվում։ Ակնհայտ է, որ Արևմուտքը այլևս չի կարող Ադրբեջանին ներկայացնել որպես ժողովրդավարության ողին բռնած վստահելի գործընկեր։ Նավթի գործոնն այստեղ ոչ մի դեր չի կարող ունենալ։ Մարտի 18-ի հանրաքվեով Ադրբեջանը մեջքով շուռ եկավ դեպի նույն Արևմուտքը, և վերջինս, միայն նավթային շահերից ելնելով,  չի կարող դա անտեսել։

Հարկ է նշել, որ ամեն ինչ հանդարտ չէ նաև Ադրբեջանի ներսում։ Երկրում առկա է սոցիալական լարվածության խորացում, սրանում են ազգային փոքրամասնությունների իրավունքների հետ կապված խնդիրները, որոնք Բաքուն ամեն կերպ ու գնով փորձում է քողարկել՝ շեղելով  հասարակության ուշադրությունը Ղարաբաղյան հակամարտության, հայկական ագրեսիայի և հնարավոր պատերազմի վրա։  Այստեղ տեղին է մեջ բերել սահմանադրական փոփոխությունների նախաշեմին  «Ազատ Ադրբեջան» շարժման նախագահ Էլդար Օրուջևի արած հայտարարությունը, որն ամփոփվում  է հետևյալ եզրահանգմամբ. «Այսօր Ադրբեջանն  ունի միայն մեկ թշնամի՝ Ալիևն ու ալիևականությունը։ Եվ ադրբեջանցիները բոլոր ջանքերը պետք է ուղղվեն այդ վարակից ազատվելուն»։

 

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը