Կարծիք

18.05.2020 16:10


Փոփոխությունների հնարավոր սցենարները

Փոփոխությունների հնարավոր սցենարները

Հայաստանի փաստացի վարչապետը տապալել է «հեղափոխության նախագիծը» և գնալով ավելի շատ մարդիկ են դրանում համոզվում: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում տեղի ունեցածն ակնառու է, սակայն նույն կամ ավելի վատ վիճակ է համարյա թե բոլոր ոլորտներում: Նախկինում եղած կառույցները, լավ կամ վատ, բայց այնուամենայնիվ, թեկուզ իներցիայով, որոշ գործառույթներ կատարում էին, հիմա վիճակը ավելի վատ է, սակայն մամուլը չի կարողանում լուսաբանել այդ ոլորտների իրական վիճակը:

Կարճ ասած՝ Հայաստանում կառավարման ճգնաժամ է: Խորհրդարանում, կառավարությունում նույնպես այդ ճգնաժամն ակնառու է: Համավարակի վերահսկողությունից դուրս գալը նույնպես կառավարման անկարողությունից է:

Քանի որ 2018-ից Հայաստանի իշխանությունն անձնավորված է, ապա կառավարման անկարողությունը նույնպես այդ անձով է պամանավորված:

Սակայն փորձենք հասկանալ, թե այս վիճակից դուրս գալու ինչ հնարավոր սցենարներ կան: Հիմնական խնդիրը հանրային համերաշխության ժամանակավոր կառավարություն ստեղծելն է, շատ կոնկրետ անցումային ծրագրով:

Սցենար 1.

Խորհրդարանի երկու ֆրակցիաները` Լուսավոր Հայաստանը և Բարգավաճ Հայստանը, եթե միասնական կերպով գործեն, ապա հնարավոր կլինի հեռացնել Փաշինյանին: Պետք է գործող վարչապետի հեռացման պահանջ դնեն, հակառակ դեպքում հայտարարեն, որ վայր կդնեն մանդատները՝ դրանով ստեղծելով խորհրդարանական ճգնաժամ: Ակնհայտ է, որ եթե այդ ֆրակցիաները միասնական ու հաստատակամ գործեն, այս դեպքում նրանց կմիանան նաև «Իմ քայլի»-ից պատգամավորներ:

Սցենար 2․

«Իմ քայլի» ֆրակցիան տրոհվելու դեպքում խորհրդարանում փլուզվում է մեծամասնությունը և առաջանում է նոր կոալիցիայի պահանջ, բնականաբար` նոր կառավարությամբ:

Սցենար 3․

Սա ամենավատ սցենարն է: Ձևավորվում են արտախորհրդարանական մի քանի կենտրոններ, որոնք փողոցային պայքար են սկսում: Ատոմիզացված հասարակությունում միասնական ընդդիմություն կազմել հնարավոր չէ, և արդյունքում հիմնական քաղաքական պայքարը կարող է ընթանալ փողոցում՝ միմյանց հառական կենտրոնների միջև: Հասկանալի է, որ այս դեպքում քաղաքական պրոցեսները խորհրդարանում չեն ընթանալու, որովհետև գործող խորհրդարանը չի արտահայտում Հայաստանի իրական քաղաքական դասավորվածությունը: Սա քաոսի ճանապարհ է, որ դեստաբիլիզացնելու է երկիրը:

Եզրակացություն

Լուսավոր Հայաստանը և Բարգավաճ Հայաստանը նույնպես պատասխանատու են երկրի վիճակի համար, որովհետև ունենալով շատ կոնկրետ լծակներ, որոնց միջոցով կարող են իրավիճակ փոխել՝ դա չեն անում: Նաև պետք է հասկանան, որ հիմա պորտֆելներ ու վարչապետի կարգավիճակի համար պայքարելու ժամանակը չէ: Ամենաօպտիմալ տարբերակը ՔՊ-ից ժամանակավոր վարչապետ ունենալն է, որը թույլ կտա անցումային շրջանը հնարավորինս մեղմ ու անցնցում իրականացնել:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը