Մեկնաբանություն

26.05.2020 13:55


Ո՞րն է ավելի ծանր խնդիր՝ covid-19-ը՞, թե՞ GOV-id-20-ը

Ո՞րն է ավելի ծանր խնդիր՝ covid-19-ը՞, թե՞ GOV-id-20-ը

Առավոտից բնակելի թաղամասում արձագանքում է ոստիկանական մեքենայի բարձրախոսից տարածվող «բռբռոցը»: Չնայած բառերի փոխարեն անվերծանելի ձայնակույտ է հնչում, բայց հասկանալի է, որ ասում են, թե՝ պահպանեք սոցիալական տարածություն, դիմակ ու ձեռնոց կրեք կամ նման բաներ: Երկրում վարակ է:

Այ, եթե մի երկու-երեք ամիս առաջ բոլոր այդ ոստիկանական բարձրախոսամեքենաները հավաքվեին կառավարական «դաչաների» տարածքում ու, անվանապես դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասեին այդ ամենը կամ պարզապես հորդորեին հավաքել լրջմտության բոլոր պաշարները և անցնել բուն պարտականություններին՝ կառավարել գործադիր իշխանության համակարգը և այլն, միգուցե այսօր բնակելի թաղամասերում «բարձրախոս-շոու»-ի կարիք չզգացվեր:

Չէ, ժամանակն է ինքնուրույն, ինչպես ասվում է՝ անձնական օգտագործման եղունգով թեթևակի քորել անձնական օգտագործման բնատուր պրոցեսորի կափարիչը, այն է՝ գլուխը: Ասենք, համեմատաբար հեռատես հայրենակիցներին դա մի երեք ամիս առաջ էլ էր պարզ, ինչպես հիմա շատերին ակնհայտ է, որ եթե ոչ մի կառավարություն էլ չունենայինք, ապա նոր կորոնավարակի առումով այսօր մոտավորապես նույն պատկերը կլիներ, ինչ առկա է: Ավելին, անկառավարություն տարբերակով, շատ հնարավոր է, որ նույնիսկ ավելի բարվոք պատկեր ունենայինք, քան այս՝ «covid-19-ի գծով աշխարհի չեմպիոն» կացությունն է, որ ունենք փաշինյանական կառավարության պայմաններում և շնորհիվ:

Ըստ այնմ, հարց է ծագում, թե ո՞րն է ավելի ծանր խնդիր կամ սպառնալիք մեր երկրի ու հասարակության համար՝ covid-19-ը կոչվող կորոնավարա՞կը, թե՞ GOV-id-20 «կառավարավիրուսը»: Թեպետ, այս հարցը օրեցօր ավելի ու ավելի հռետորական է դառնում, քան պատասխանն ինքնին ենթադրվում է, և պատասխանն այդ «թավշյա» նորիշխանավորների օգտին չէ:

Նախորդ երեկոյան Նիկոլ Փաշինյանը էլի լայվ էր մտել: Թե բա՝ անհատական պատասխանատվության, գիտակցության առումով «կորոնավիրուսային հեղափոխություն» իրականացնենք, որ բոլորը դիմակ ու ձեռնոց կրեն, չախտահանված մատերը քթներին կամ ճակատներին չտանեն, ու դա է իր հիմնական ուղերձը:

«Կորոնավիրուսային հեղափոխություն»: Ինքնին ահավոր ու չարագուշակ է հնչում: Ասենք, բախտի ու հանգամանքների բերմամբ պետության ղեկի մոտ հայտնված քաջնազարական «հավաքականը»՝ թիմի ավագի գլխավորությամբ, ինչից խոսում է, պարտադիր՝ «հեղափոխությունը» պոչին կպած է: Ու ինչի դիպչում է, համը ելնում է:

«Տնտեսական հեղափոխությունը» հորով-մորով արեցին, հետո «դատավեթինգային հեղափոխությանն» անցան, զուգահեռ՝ «գյուղատնտեսական հեղափոխության» մեջ մտան, ձեռքի հետ էլ՝ «թավշյա» իշխանափոխության շահառու-բզբզող օտարասուն խմբակներն էլ «սեռադաստիարակման հեղափոխության» վրա կենտրոնացան, հիմա էլ, ուրեմն՝ «կորոնավիրուսային հեղափոխություն»:

Գիտե՞ք, վիրավորական է: Նորմալ, դաստիարակված ու կիրթ մարդու համար, դպրոցական ընտիր կրթություն, համալսարանական ուսումնառություն ունեցող, ինքնահաստատված ու կայացած անհատի համար չի կարող վիրավորական չլինել այն, որ ինչ-որ չսափրված կերպարներ կարծում են, թե իրավունք ունեն նրան բացատրել, թե... պետք է լվացվել... օճառով ու նման բաներ:

Առկա կառավարության ու կառավարչապետ Փաշինյանի ընթացիկ «գլխավոր գիծը» պարզ է. վիճակն այսպիսին է, որովհետև մեր ժողովրդի մեծ մասը ցածր գիտակցություն ու պատասխանատվություն ունի, հավաքույթներ են անում, դիմակ չեն կրում և այլն: Ու այդ քարոզչական թեզը որոշ չափով «աշխատում» է: Հատկապես արտերկրյա հայրենակիցները հաճույքով երկրորդում են, թե մեր ժողովուրդն այս է, այն է: Ինքնախարազանման ու ինքնադատափետման սիրահարներ միշտ էլ կան:

Բայց նրանք նախ, «մոռանում» են, որ մի երկու տարի առաջ նույն այդ «ժողովրդին» բնորոշում էին որպես գերբարձր գիտակցություն ունեցող, հպարտանում էին նույն «ժողովրդով» և այդպես շարունակ: Հիմա, տեսեք-տեսեք՝ ժողովուրդն անպատասխանատու է, անգիտակից, անգրագետ, ցածրակենցաղ, անկարգապահ ու անպատասխանատու:

Դա, նախ, ամենևին այդպես չէ: Երկրորդ՝ ժողովուրդը, ինքնին, բազմաշերտ է: Ամենից կարևորը. անկազմակերպ ու անկարգ ժողովուրդը չէր կարող այդքան աղետներ ու ճգնաժամեր հաղթահարել, դրան զուգահեռ՝ բանակ ու պետություն ստեղծելով: Վերջապես, եթե ժողովրդի, հասարակության ընդհանուր վարքը կոնկրետ խնդրի հետ կապված անպատասխանատու է թվում, ապա ցանկացած կառավարություն, իշխանություն, առաջին հերթին պետք է հայելու մեջ նայի: Մի հատ, ինչպես ասվում է, ինքներդ ձեզ նայեք: Թե չէ՝ ճիպոտն առած ընկել եք ժողովրդի ետևից:

«Թավշյա ռեժիմն» այլևս սպառել է իրեն: Կորոնավարակը, այսպես թե այնպես, մեր ժողովուրդը կհաղթահարի: Մեծ խնդիրը այս «GOV-id-20» կառավարակը անցյալում թողնելն ու ահռելի զոհողությունների, զրկանքների գնով վերականգնած պետականությունն այս ձախավերներից ու կործանումից փրկելն է:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը