Կարծիք

27.05.2020 16:05


Կորոնավիրուսի երկրորդ ալիքի համար ե՞ս էլ եմ մեղավոր

Կորոնավիրուսի երկրորդ ալիքի համար ե՞ս էլ եմ մեղավոր

Երեկ և այսօր Վարչապետը հայտարարեց, որ Հանրապետությունում սկսվել է կորոնավիրուսի տարածման 2-րդ ալիքը, ինչպես նաև պարզաբանեց դրա դեմ պայքարի ամենաարդյունավետ ու պարզ հետևյալ միջոցը՝ ձեռքերը հաճախ լվալ/ախտահանել, պահպանել սոցիալական/ֆիզիկական հեռավորություն և դիմակ (ընդհուպ տանը կարված) կրել։ Նաև պարզաբանեց, որ այդ պայմանների պահպանման դեպքում կորոնավիրուսից պաշտպանվածությունը կմոտենա 95 տոկոսի։

Սա այն դեպքում, երբ երեք ամիս առաջ առողջապահության նախարարի մակարդակով ասվում էր, որ կորոնավիրուսից պաշտպանության լավագույն միջոցը ձեռքերը հաճախ լվալն ու սոցիալական հեռավորություն պահպանելն է, իսկ դիմակ կրել պետք չէ, քանի որ դա ավելի շատ կարող է վնասել, քան օգուտ տալ։

Այժմ պարզաբանվում է, որ այն ժամանակ չգիտեին դիմակ կրելու արդյունավետության մասին և այս ընթացքում են պարզել դա, թեև դեռ այն ժամանակ լրատվամիջոցները ռեպորտաժներ էին ցուցադրում կորոնավիրուսի դեմ պայքարի հաջողություն գրանցած Չինաստանից, Հարավային Կորեայից ու Ճապոնիայից, որտեղ համատարած դիմակ էին կրում։

Հենց այն ժամանակ էլ ցանկանում էի ՖԲ-ում ստատուս գրել և Մոսկվայում բնակվող, ազգությամբ ուզբեկ Նուրդինի օրինակով առաջարկել վերը նշված երկրներից օրինակ վերցնել դիմակների մասով։
Նուրդինը Մոսկվայի շինանյութերի շուկաներից մեկում սանտեխնիկայի վաճառքի կետ ունի։ Մոսկվայի շինանյութի շուկաներում սանտեխնիկայի վաճառքով, որը բավականին եկամտաբեր բիզնես է, հիմնականում զբաղվում են Շամշադինի տարածաշրջանից արտագաղթած հայերը։
Երբ Նուրդինին հարցնում են, որ ինքը Շամշադինեցի չի, ոնց եղավ, որ սանտեխնիկայի վաճառքով է զբաղվում, պատասխանում է, որ հայրը Խորհրդային միությունում հայերի հետ է ծառայել և իրեն խորհուրդ է տվել անել այն, ինչ անում են հայերը՝ վստահեցնելով, որ այդ դեպքում հաջողության կհասնի։ Ինքն էլ հոր խորհրդին է հետևել ու շատ գոհ է։

Ասելիքս այն է, որ կառավարության անդամները պետք է գիտակցեին, որ կորոնավիրուսի դեմ պայքարի գործում «հայերը» չինացիներն էին, կորեացիներն ու ճապոնացիները, իսկ մենք «ուզբեկն» էինք ու գոնե դիմակ կրելու մասով պետք է տեսնեինք, թե ինչ են անում «հայերն» ու նույնը անեինք մենք։

Ահա այս մասին 3 ամիս առաջ ստատուս գրելով ԱՆ Արսեն Թորոսյանին չհուշելու համար էլ մոտս հարց է ծագում, միգուցե ե՞ս էլ եմ մեղավոր կորոնավիրուսի երկրորդ ալիքի համար։

Փաստաբան Կարեն Մեժլումյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը