Լրահոս

28.05.2020 13:25


Մարմաշենում երեկ ֆուտբոլ խաղալիս մահացած 20-ամյա Զարզանդը բանակից 6 ամիս առաջ էր վերադարձել․ մանրամասներ

Մարմաշենում երեկ ֆուտբոլ խաղալիս մահացած 20-ամյա Զարզանդը բանակից 6 ամիս առաջ էր վերադարձել․ մանրամասներ

Շիրակի մարզի Մարմաշեն համայնքում երեկ ֆուտբոլ խաղալու ժամանակ մահացած 20-ամյա Զարզանդ Մանուկյանը տան միակ արու զավակն էր, բանակից նոր էր վերադարձել, մոտ 6 ամիս առաջ։ Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, news.am-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը։

«Մարմաշեն գյուղում մինի ֆուտբոլի դաշտ ենք կառուցել, 2 օր առաջ արդեն աշխատանքներն ավարտվել են։ Երեխաները տեսել են, որ ավարտվել են աշխատանքները, հավաքվել են և սկսկել ֆուտբոլ խաղալ։ Երևի 14 հոգի են եղել, որովհետև որքանով տեղեկացա թիմերի են բաժանվել ամեն թիմում 7 հոգի, 17-20 տարեկան երեխաներ են եղել։ Ժամը 18։30-19։00-ն ընկած ժամանակահատվածում վիճաբանություն է սկսվել թիմերի միջև և երևի այդ ժամանակ երեխան հանկարծամահ է եղել, որովհետև դատաբժշկական փորձաքննության մինչև այսօր առավոտյան ժամը 5-ի տված տվյալով երեխայի վրա հարվածի տեղ չկա»,- ասաց նա։

Հարցին, թե ի՞նչ են պատմել նրա հետ ֆուտբոլ խաղացած տղաները, Արշակյանը պատասխանեց․ «Ասացին վիճաբանություն է եղել, տեսել են, որ նա ընկած է, վազել ջուր են բերել, ցանել վրեն, ոտքերն են շարժել, տեսել են, որ չի շարժվում։ Արագ ուզել են տեղափոխեն հիվանդանոց, շտապելուց երեխաների ձեռքից ընկել է և մինչև տարել են հիվանդանոց մահը գրանցել են։ Թե ճանապարհին է մահացել, թե տեղում, դատաբժշիկներն արդեն կասեն»:

Նրա խոսքով՝ ընտանիքի հարվածը կրկնակի է, քանի որ, մահացածի երկու քույրերից մեկի ամուսինն էլ Ռուսաստանում է մահացել և այսօր պետք է բերեն Երևան․ «Քրոջ ամուսինն էլ 31 տարեկան Ռուսաստանում է մահացել, ինչ որ ավտոմեքենայի շարժիչը միացրած է թողել․ այսօր պետք է բերեն»։

Հիշեցնենք, որ երեկ մահացած վիճակում Գյումրի բժշկական կենտրոն էր տեղափոխել 20-ամյա մի երիտասարդ։ ԲԿ-ի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանի խոսքով՝ նրան բուժօգնություն ցուցաբերել հնարավոր չի եղել, կենսաբանական մահն արդեն վրա էր հասել։

Ոստիկանությունում քննություն է կատարվել մահվան հանգամանքները պարզելու համար։ Հարցաքննվել են նրա հետ ֆուտբոլ խաղացողները։

Այս խորագրի վերջին նյութերը