Կարծիք

29.05.2020 18:40


Հասարակությանն ի՞նչն է ավելի մեծ վնաս պատճառում՝ համավարա՞կը, թե՞ վարչապետի անփույթ և անպատասխանատու հորդորները

Հասարակությանն ի՞նչն է ավելի մեծ վնաս պատճառում՝ համավարա՞կը, թե՞ վարչապետի անփույթ և անպատասխանատու հորդորները

Վարչապետը ուղիղ եթերում հորդորում է՝

1. Չբողոքել դիմակի բարձր գնից
2. Օրվա ընթացքում փոխել այն մի քանի անգամ
3. Գնելու հնարավորություն չունեցողները, կարող են պատրաստել տնային պայմաններում:

Արդեն չգիտեմ՝ հասարակությանն ի՞նչն է ավելի մեծ վնաս պատճառում՝ համավարա՞կը, թե՞ վարչապետի անփույթ և անպատասխանատու հորդորները: Դիմակի չպատճառաբանված բարձր գինը (դիմակի գինը շուկայում տատանվում է 200-250 դրամի սահմաններում, այն դեպքում երբ հարևան Վրաստանում այն 3 անգամ ավելի էժան է՝ 75 դրամ) վարչապետին չի հետաքրքրում, բայց հետաքրքրում է նույն դիմակը ամբողջ օրը չկրելու խնդիրը: Այս առումով նրա բերած ցինիկ համեմատություններն ավելի են նյարդայնացնում: Ասում է, եթե մարդը, օրինակ, աչքի խնդիր ունի և անհրաժեշտություն ունի կրելու ակնոց, երբեք չի բողոքում ակնոցի թանկ լինելուց, այդ դեպքում ինչո՞ւ է բողոքում դիմակի գնից: Նախ, հասարկությունը չի բողոքում դիմակի գնից, պարոն Նիկոլ, բողոքում է դիմակի անհեթեթ բարձր գնից, որի արժեքը դեռ 2 ամի առաջ 20-30 դրամ էր: Երկրորդ՝ ակնոցի մասսայական կիրառության, առավել ևս՝ օրվա ընթացքում մի քանի անգամ փոխելու անհրաժեշտություն չկա, հետևաբար անհեթեթ համեմատությունների կարիք նույնպես չկա:

Արժե՞ նման վարչապետից ակնկալել դրսից ներմուծվող գազի գնի կառավարում, եթե նա անգամ ներսում արտադրվող, իրենից ոչինչ չներկայացնող դիմակի գինը կառավարել չի կարողանում:

Երկրաչափության դասագրքերից հայտնի է, որ երկու կետերի միջև ամենակարճ ճանապարհը ուղիղ գիծն է: Երկիրը փրկելու ամենակարճ ճանապարհն այսօր մնացել է ուղիղ գծով վարչապետի հրաժարականը պահանջելը:

Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը