Կարծիք

30.05.2020 17:53


Նիկոլ Փաշինյանի տարբեր ժամանակների դիմակները

Նիկոլ Փաշինյանի տարբեր ժամանակների դիմակները

Իսկ երբևէ մտածել եք, թե կյանքում քանի՞ դիմակ է կրել այն մարդը, ով հիմա առավոտից-երեկո ձեզ հորդորում է դիմակ կրել: Ոչինչ չունենալով բժշկական դիմակ կրելու անհրաժեշտության դեմ՝ հարկ եմ համարում հիշեցնել Նիկոլ Փաշինյանի տարբեր ժամանակների դիմակները:

ՍՊԱՐՏԱԿԻ ԴԻՄԱԿ
Դա ապստամբ երիտասարդի կերպարն էր, որը պայքարում էր բոլորի դեմ, որպես դիմորդ, ում միավորները չէին բավարարել ԲՈՒՀ ընդունվելու համար, նստացույց էր անում, որպեսզի միավորների շեմը բարձրացվեր... Այնուհետև ապստամբություն՝ ԲՈՒՀ-ի ռեկտորի դեմ, սեփական ԵՍ-ի և ամբիցիաների ճոճում, ինչի հետևանքով հեռացվեց համալսարանից և չձգեց մինչև դիպլոմը:

ՀՈԴՎԱԾԱԳՐԻ ԴԻՄԱԿ
Հոդված գրելը, ինչ խոսք, տաղանդավոր մարդու ձիրք է: Բայց երբ հոդվածներում գերակշռում է հորինված մասը, էլ չասեմ՝ սուտը, դա արդեն դեղին մամուլ է: Նրա հոդվածները մշտապես ծառայեցին որոշակի շահերի, շահեր, որոնք պետք է տարիներ անց բերեին Նիկոլին այդքան բաղձալի պաշտոնին:

ԶՈՐՐՈՅԻ ԴԻՄԱԿ
Հայտնվելով Լևոն Տեր-Պետրոսյանի մտերիմների շրջանակում՝ Նիկոլը շատ արագ հագավ Զորրոյի դիմակը: Այսինքն, ամրապնդեց արդարության համար պայքարող անխոնջ մարտիկի իր իմիջը, և սահուն անցում կատարեց լրագրողական գործունեությունից դեպի քաղաքական գործչի գործունեություն /ամենամեծ իր սխալը՝ իմ համոզմամբ/:
Այստեղ նա կտրուկ էր Զորրոյի պես, աջ ու ձախ թափահարում էր իր թուրը, և ամեն մի շարժումը ուներ իր կոդը՝ «հանցավոր իշխանություն», «ռոբասերժական բորենիներ», «ղարաբաղյան կլան» և նմանատիպ ֆոկուսներ:

ՊԱՐՏԻԶԱՆԻ ԴԻՄԱԿ
Մարտի 1-ի գիշերվա փախուստը թատերաբեմից Նիկոլն իր գրքում հետագայում պետք է ներկայացներ որպես անցում ընդհատակյա պայքարի արյունարբու իշխանությունների դեմ: Նա՝ հալածյալը, նա՝ արդարության պաշտպանը, նա՝ պատռված վերնաշապիկով, բայց անկոտում ոգով կիսա-առաջնորդը, ով ստիպված էր թաքնվել: Այսինքն թաքնվում էր ոչ թե վախից, այլ քաջությունից /ֆենոմենալ է, այնպես չէ՞/:

ՌՈԲԻՆ ՀՈՒԴԻ ԴԻՄԱԿ
2018-ի գարնանային շիլա-փլավը եփելու ընթացքում Նիկոլ Փաշինյանը հագավ ամենապոպուլիստական դիմակը՝ Ռոբի Հուդի դիմակը: Ինչ էր դա նշանակում: Դա նշանակում էր՝ «ես գալիս եմ իշխանության, ժող ջան, որ հետ բերեմ ձեզնից թալանվածը, հարուստներից վերցնեմ՝ տամ ձեզ»: Ժողովրդին այս թեզը անչափ շատ դուր եկավ: Ավելին՝ ժողովուրդը դրան հավատաց: Նիկոլը ոչ կարող էր հետ բերել, ոչ էլ հետ բերելու դեպքում հասարակ ժողովրդի հետ չէր կիսվելու, իհարկե, բայց մինչ օրս էլ կան մարդիկ, ովքեր ապավինելով այժմ արդեն Ապօրինի գույքի բռնագանձման մասին նոր օրենքին՝ հույսով սպասում են, որ Նիկոլը իրենց գրպանները լցնելու է շողշողուն ոսկով և ազնվաբարո արծաթով: Հավատում են, որ նա ոչ թե ենոքավանցի Նիկոլն է այլ միջնադարյան անգլիական հերոս Ռոբին Հուդը:

ՏԱՊԱԼՎԱԾ ԱՌԱՋՆՈՐԴԻ ԴԻՄԱԿ
Այս դիմակը Նիկոլը դեռ չի հագել: Այս դիմակը նրան սպասում է ապագայում: Ընդ որում՝ սա լինելու է միակ դիմակը, որը նա կհագնի ոչ թե ինքնակամ, այլ կյանքի և ֆիզիկայի օրենքների բերումով: քանզի չի եղել պատմության մեջ մի առաջնորդ որը այդքան կերպարներ փոխելով, արդարության անունը շահարկելով, սակայն իրականում իր ԵՍ-ը շոյելու և դրամ վաստակելու համար խաբեր սեփական ժողովրդին: Ընդ որում՝ խաբեր ոչ թե իր իշխանության այս երկու տարում, այլ մոտ քսան տարի խաբեր՝ հոդվածով, նստացույցով, ելույթով, կոչերով, իր ամբողջ ապրած կյանքով:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը