Լրահոս

04.06.2020 17:52


Արարատցի կինը, որին 9 օր չէին հոսպիտալացրել, այժմ երկկողմանի թոքաբորբ ունի, միացված է շնչառական ապարատ

Արարատցի կինը, որին 9 օր չէին հոսպիտալացրել, այժմ երկկողմանի թոքաբորբ ունի, միացված է շնչառական ապարատ

Արարատի մարզի Ազատավան գյուղից 67-ամյա Տիգրան Թադևոսյանի հարազատներն ահազանգում են, որ թեև տղամարդը ռիսկային խմբում է և արդեն մի քանի օր է՝ կորոնավիրուսի սիմպտոմներ ունի, չեն թեստավորում և չեն հոսպիտալացնում։ Տղամարդու դուստրը՝ Մարիամ Թադևոսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ տեղամասային բժիշկն այցելել է, ասել՝ տնային պայմաններում կարող է բուժվել, մինչդեռ իր հայրիկի վիճակը գնալով վատանում է։

«Ամբողջ գիշեր շատ վատ է եղել, ջերմությունը՝ 38,5 է բարձրանում, խեղդվում է հազից, այնքան դաժան է, մի րոպե չի քնել։ Բուժարանի բժիշկը եկել, հազիվ նայել է երեկ, ասել է՝ միտք չկա ձեզ տանելու հիվանդանոց»,- ասաց նա։

Ընդամենը մի քանի օր առաջ Մարիամն ահազանգել էր, որ իր 66-ամյա մայրիկի մոտ կորոնավիրուս է հաստատվել, սակայն նրան չեն հոսպիտալացնում։ Նա NEWS.am-ին պատմել էր, որ 9 օր է՝ մայրը վատ վիճակում է եղել, բազմաթիվ ահազանգերից հետո 6-րդ օրը թեստավորել են, թեև ասել էին, որ կտեղափոխեն հիվանդանոց, բայց 9-րդ օրն էր՝ չէին արել։ Մամուլի հրապարակումներից հետո կնոջը տեղափոխել են հիվանդանոց, պարզվել է, որ նա երկկողամանի թոքաբորբ ունի, այսօր ստիպված են եղել նրան միացնել թթվածնային սարքին։

«Հիմա մեր բժիշկը հայրիկիս ստուգել է, ասել է՝ թոքերն 90 տոկոսով մաքուր են, բայց մայրիկինս էլ էր այդպես, հետո պարզվեց, որ թոքաբորբ ունի։ Ուզում ենք, որ գոնե բժիշկների հսկողության տակ լինի հայրս, հատկապես, որ տարիներ առաջ թոքերի խնդիր է ունեցել»,- ասաց նա։

Մեր զրուցակիցը Հայաստանում չի գտնվում, Հայաստանի քաղաքացի չի, ինչով պայմանավորված չի կարողանում գալ։ Նրա մորն ու հորը խնամում է հարսը, որ 5 ամսական հղի է, տանը կա ևս մեկ մանկահասակ երեխա, որի մոտ նույնպես թեթև սիմպտոմներ են նկատել։ Ամուսինների որդին նույնպես Հայաստանում չի, այս օրերին կազմակերպվում է նրա վերադարձը հատուկ չվերթներից մեկով։

Այս խորագրի վերջին նյութերը