Կարծիք

04.06.2020 19:13


Ասում եք` կորոնավիրուսի առաջ բոլորը հավասա՞ր են

Ասում եք` կորոնավիրուսի առաջ բոլորը հավասա՞ր են

Սկզբում ասում էր` պատահաբար իմացա, որ վարակակիր եմ. պետք է հանդիպեի զինվորների հետ, չեպեներից խուսափելու համար թեստ հանձնեցի, պարզվեց` «պոզիտիվ» է։ Հիմա ասում է` «պրոֆիլակտիկ 15 օրը մեկ թեստ եմ անցնում»։

Ինքը և իր ընտանիքը կանոնավոր կերպով «պրոֆիլակտիկ» թեստավորվում են, վստահ եմ` ոչ թե 15 օրը մեկ, այլ ավելի հաճախ։ Մինչդեռ բազմաթիվ հպարտ և ոչ այնքան հպարտ քաղաքացիների նույնիսկ «սիմպտոմներ»`ջերմություն, հազ, շնչարգելություն ունենալու դեպքում չեն թեստավորում` «բալը թանկ» է. թեստերը քչություն են անում` թեստ անցնելը թթու թան չէ, ամեն մարդու բանէ...
Ինքն ու իր ընտանիքի անդամները «ասիմպտոմ» են տանում հիվանդությունը (եթե, իհարկե, հիվանդ են), բայց բժշիկների պարտադիր հսկողության տակ են. նրանց ամեն օր մանրակրկիտ «զննում» են, որ պարզեն` հո թոքաբորբի նշաններ ի հայտ չե՞ն եկել։ Մինչդեռ բազմաթիվ քաղաքացիներ, որոնք մեկուսացված էին և բուժվում էին` մինչև այն պատմական պահը, երբ որոշվեց թեթև կամ «ասիմպտոմ» հիվանդներին տուն ուղարկել, մնացել են բախտի քմահաճույքին` «без присмотра»։
Քանի որ մեր առողջապահական համակարգը «ճկվել է», վաղը-մյուս օրը հիվանդանոցներում կարող է` տեղ չլինի անգամ ծանր վիճակում գտնվող հիվանդների` նրանց համար, ովքեր «փրկվելու շանս» չեն ունենա։

Հասկանում եմ` ինքը և իր ընտանիքի անդամները ազգային հարստություն են, իսկ ազգային հարստությունը պետք է աչքի լույսի պես պահպանել. այնպես, որ ոչ մեկի գլխից հանկարծ մազ չպակասի։

Բայց կարող են, չէ՞, ընտանյոք հանդերձ «կաշպիրովսկի» չխաղալ, չնստել մարդկանց ականջին, քարոզ չկարդալ, զահլահան չանել, թե` ուժե՛ղ եղեք... սա փորձություն է... ծանր օրհասական պահ է, որը միասին պետք է հաղթահարենք... սիրում ենք ձեզ, խոնարհվում ենք ձեր առաջ... դուխո՛վ, ժողովուրդ ջան, լավ եղեք...

Գոնե` փարիսեցիություն չանել, թե բա` կորոնավիրուսի առաջ բոլորս հավասար ենք... մի տնից չենք, մի հալի ենք... ոչ մեկս ապահովագրված չենք վարակվելու վտանգից, ֆլա՛ն, ֆստան...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը