Կարծիք

05.06.2020 16:37


Այսօր ականատես եղանք ակնհայտ ու դասագրքային խախտման` նվաստացնող վերաբերմունքի

Այսօր ականատես եղանք ակնհայտ ու դասագրքային խախտման` նվաստացնող վերաբերմունքի

Այսօր ականատես եղանք ՄԻԵԿ 3-րդ հոդվածի ակնհայտ ու դասագրքային խախտման` նվաստացնող վերաբերմունքի։

Նախ առնվազն այն պահից սկսած, երբ անձը հայտարարում է. «թողեք, գալիս եմ», կրկնում է դա մի քանի անգամ, պատրաստականություն հայտնելով գնալ այնտեղ, որտեղ իրեն առաջարկում են գնալ ոստիկանները, նրա նկատմամբ այլևս որևէ ֆիզիկական ուժ կիրառվել չի կարող, նման անհրաժեշտության բացակայությամբ պայմանավորված։

Բացի դա` ակնհայտ երևում է, որ ոստիկանները ոչ թե ցանկանում են ապահովել անձի բերման ենթարկելը, այլ պարզապես նպատակ ունեն նրան գետնին պառկեցնել։

Բացի դա, այս քանակի ոստիկանների ոչ պրոֆեսիոնալ գործողությունները (անգամ եթե ձեռնաշղթա հագցնելու կարիք լիներ կամ անձը բռնություն գործադրեր նրանց նկատմամբ) ևս ինքնին 3-րդ հոդվածի խախտում են, քանի որ պետությունն ունի նաև պոզիտիվ պարտավորություններ, որպեսզի այնպես մարզի նման ծառայությունների աշխատակիցներին, որ նրանք գործեն արագ, հնարավորինս ցավ չպատճառեն անձանց, այլ ոչ թե մի քանի հոգով բարձրանան շալակը, հետո էլ պառկած ու ձեռնաշղթայված ժամանակ դեռ մի հատ էլ տրորեն։

Ցանկացած պարագայում ուժի կիրառումը պետության ներկակացուցիչների կողմից իրավաչափ է միայն ու միայն այն դեպքում, երբ անձը կամավոր չի ենթարկվում օրինական պահանջին, դիմադրում է կամ բռնություն է գործադրում իշխանության ներկայացուցչի նկատմամբ։ Սույն պարագայում ակնհայտ է մի բան` անձը համաձայնություն է արտահայտում գնալ ոստիկանների նշած վայրը, դա կրկնում է մի քանի անգամ, խնդրելով իրեն չնվաստացնել։

Եթե անգամ նախքան տեսանյութը քաղաքացին հրաժարվել է ենթարկվել ոստիկանի օրինական պահանջին, ապա դա հիմք է նրան վարչական պատասխանատվության ենթարկելու համար, եթե հնարավորություն չկա տեղում խախտումն արձանագրելու, ապա նաև բերման ենթարկելու։ Բայց երբեք ու երբեք ինքնին հիմք չի կարող լինել ֆիզիկական ուժ գործադրելու, ասֆալտին փռելու ու նվաստացնելու։

Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը