Լրահոս

07.06.2020 12:05


Հրազենի գործադրմամբ սպանություն Երևանում. 38-ամյա տղամարդու վրա հայտնաբերվել են կրակոցի բազմաթիվ հետքեր

Հրազենի գործադրմամբ սպանություն Երևանում. 38-ամյա տղամարդու վրա հայտնաբերվել են կրակոցի բազմաթիվ հետքեր

Այսօր՝ հունիսի 7-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:55-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչություն ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացուց, որ Շենգավիթ վարչական շրջանի Սողոմոն Տարոնցի փողոցում կրակոցներ են հնչում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկները արձանագրել են նրա մահը:

Ոստիկանները նշված փողոցում՝ դեղատան դիմաց, հայտնաբերել են տղամարդու դի, ովքեր պարզել են, որ մահացածը նույն փողոցի բնակիչ, 38-ամյա Թ․ Կարապետյանն էր, ով, ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ մահացել է հրազենից արձակված կրակոցներից:

Քննիչները, կատարելով դեպքի վայրի զննություն, սպանվածի մոտ՝ 50 մետր հեռավորության վրա, տարբեր հատվածներում, հայտնաբերել են ատրճանակից արձակված պարկուճներ և գնդակներ:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը)/ հատկանիշներով:

Կրակոցների հետևանքով վնասվել է նաև օբյեկտներից մեկի ապակին:

Մինչ դեպքի վայրի զննություն էին կատարում Շենգավիթի քննիչները, ոստիկանության Շենգավիթի բաժին է ներկայացել նույն փողոցի բնակիչ, 32-ամյա Ա․ Մադոյանը և հայտնել, որ սպանությունը կատարել է ինքը՝ «Մակարով» տեսակի ատրճանակով և ներկայացրել է հանցագործության գործիք ատրճանակը:

Աղբյուրը հայտնում է նաև, որ մինչ դեպքի վայրում ծառայություն էին կատարում ոստիկանները՝ սահմանազատելով տարածքը, մի խումբ երիտասարդներ դեպքի վայրում ակնհայտ անհարգալից վերաբերմունք էին ցուցաբերում հասարակության նկատամամբ, հնչեցնում սպառնալիքներ ու հայհոյանքներ:

Ոստիկանները մի քանի անգամ նրանց զգուշացրեցին, որպեսզի նախ կատարեն ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի որոշումները, այն է ՝ կրեն պաշտպանիչ դիմակ, պահպանեն սահմանված հեռավորություն, բայց այդ երիտասարդները շարունակում էին լկտի պահվածք ցուցաբերել, ինչից հետո ոստիկաններն ու դեպքի վայր ժամանած ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի «կարմիր բերետները» մի քանիսին բերման ենթարկեցին ոստիկանության Շենգավիթի բաժին, ինչից հետո նոր միայն քննիչները կարողացան առանց խոչընդոտի կատարել դեպքի վայրի տեղազննություն:

Սպանվածն ու սպանություն կատարողը ճանաչել են միմյանց, սակայն, թե ինչն է եղել սպանության դրդապատճառը, նախաքննության շահերից ելնելով, այս պահին որոշ մանրամասներ չենք հրապարակում:

Այս խորագրի վերջին նյութերը