Կարծիք

10.06.2020 19:44


Եղբայրություն և հավասարություն՝ «թավշյաբռնապետական» ձևով

Եղբայրություն և հավասարություն՝ «թավշյաբռնապետական» ձևով

Եվ այսպես, ամփոփենք վերջին օրերի «հակահամաճարակային գործողությունների» վիճակագրությունը.
Վարչապետի աշխատակազմի ղեկավարն արտակարգ դրության և դիմակ կրելու խստացված պայմաններում իր օբյեկտում կորոնառեժիմի չափանիշներով բազմամարդ «փարթի է անում», ու չի պատժվում։

Քննչական կոմիտեի ղեկավարն իր հերթին չգիտես որտեղ և ում հետ խմբակային «փարթի» է կազմակերպում, ու մնում անպատիժ։

Առաջին փոխվարչապետը, որ համատեղության կարգով նաեւ Նիկոլի մոտ պարետ է աշխատում, արդարադատության դեղնակտուց նախարարը, կորոնավարակի դեմ պայքարը տապալած առողջապահության նախարարը պարբերաբար ժամանակը կարճում են սրճարաններում, ու չեն էլ մտածում դիմակ կրելու մասին։ Եվ ոչինչ` աշխարհը շուռ չի գալիս. ոչ մեկը հրաժարական չի տալիս, հրաժարականի պահանջ չի դնում, չի տուգանվում, բերման չի ենթարկվում, կարծես այդպես էլ պիտի լինի։

«Փոխարենը»` հայտնի գործարարի եղբորորդի նախկին թաղապետին «պառկացնում են ասֆալտին» ու գցում վերակենդանացման բաժին` միայն նրա համար, որ պարետի սահմանած կանոններին չի ենթարկվել, չի կատարել ոստիկանի պահանջը։

Ոչխարների հետ սարերից իջնող չոբանին տուգանում են, որովհետև դիմակով չի եղել։ Առանց դիմակի զբոսնող քաղաքացուն փռում են ասֆալտին, ոտքը դնում կոկորդին ու խեղդում, հետո էլ, որ ոչ մեկին քիչ չթվա` ոլորում ձեռքերն ու տանում...

Ոստիկանության գնդապետին ծննդյան օրվա առթիվ նվեր են մատուցում. բռնացնում են առանց դիմակի` սեփական ավտոտնակում, ու պատին դեմ տալիս, թե` դիմակդ կամ «կյա՛նքդ»։

Իսկ դուք ասում եք` «թավշյա նոր Հայաստանում» բոլորը հավասար չեն օրենքի առաջ...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը