Մեկնաբանություն

21.06.2020 17:05


Չարիքի քայլարշավը. ինչպես Փաշինյանը գրավեց Հայաստանը

Չարիքի քայլարշավը. ինչպես Փաշինյանը գրավեց Հայաստանը

Քաղաքական ու տեղեկատվական դաշտում կոմպրոմատների ու բացահայտումների շրջան ենք թևակոխել։ Դա մի կողմից կեղտոտում է միջավայրը, բայց մյուս կողմից էլ մաքրվելու հնարավորություն տալիս։

Նիկոլ Փաշինյանը մեր քաղաքական ու տեղեկատվական դաշտի ամենակեղտոտ երևույթներից է եղել և կա։ Ու հենց նրան հաջողվեց գալ իշխանության։ Դա նշանակում է, որ Հայաստանի պետական օրգանիզմը խոր հիվանդության մեջ է։ Նիկոլն այդ հիվանդության հետևանքն է։ Նա օգտագործվեց որպես գործիք մեր երկիրը հիվանդացնելու համար, հետո դուրս եկավ վերահսկողությունից ու հիմա քանդում է պետությունը՝ դրա ղեկավարի կարգավիճակով։

Իսկ թե ինչպես այս ամենն սկսվեց և ինչ հետագիծ ունեցավ, փորձենք համառոտ ներկայացնել։

Չարիքի ծնունդը

Նիկոլ Փաշինյանը ծնվել է 1975 թվականի հունիսի 1–ին։

Հունիսի 1–ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է։ Ճակատագրի հեգնանք այն է, որ երեխաների պաշտպանության օրը ծնված Նիկոլն անպաշտպան երեխա է եղել։ Նա ծանր ու աղքատ մանկություն, էժանագին պատանեկություն և չստացված երիտասարդություն է ունեցել։ Երևանյան «սլենգով» ասած՝ նա աբիժնիկ է։

Նիկոլն իր դաժան կյանքի պատճառով ատում է մարդկանց, ատում է աշխարհը։ Նրա մեջ նստած է փոքր մարդը, որն իր գոգոլյան շինելի հետևից գնալով տեղափոխվել է մայրաքաղաք՝ այն գրավելու, կոմպլեքսներից ազատվելու, մարդկությունից վրեժ լուծելու և ինքնահաստատվելու համար։

Փաշինյանն ուզում է սպանել այն պետությանը, որն իրեն դաժան մանկություն է ապահովել։ «Հայրասպանի»՝ Էդիպի կոմպլեքսը նրա ենթագիտակցության մեջ խոր արմատներ է գցել։

Հայաստանում իր նման աբիժնիկներ էլի կան։ Դրանց մեծ մասն ինքնամփոփվում ու պարփակվում են սեփական կաղապարների մեջ, գլուխները բներից չեն հանում։ Փոքր մասի մոտ պասիոնար վիճակ է առաջանում և նրանք գործում են Հերոստրատի սինդրոմով՝ ավիրում են, որպեսզի վրեժ լուծեն, համ էլ՝ ճանաչելի դառնան։

Նիկոլի մոտ հերոստրատությունն այնքան հիմնավոր է նստած և դաժան մանկության համար վրեժի ծարավն այնքան մեծ է, որ նա չի հանգստանում անգամ այն դեպքում, երբ բազմել է վարչապետի աթոռին։

Իջևան–Երևան տրանզիտ

Նիկոլն Իջևանից տեղափոխվեց Երևան՝ ուսանելու։ Նա ոչ թե լրագրող, այլ «մատերիալ» գրող էր իր էությամբ և այդպիսին ուզում էր դառնալ դիպլոմով։

Նա 37 թվի «մատերիալիստների» պես էր՝ նախանձ, չար, դատարկ, տենդենցիոզ ու բոլշևիզմով ներծծված։

Նիկոլին վռնդեցին համալսարանից, բայց ոչ «մատերիալիզմից»։

Սկզբում նա հակալևոնական էր ու քննադատում էր 1996–ի ընտրակեղծիքները։ Հետո՝ 1998–ի իշխանափոխությանը հաջորդող շրջանում, նախկին իշխանությունները, վախենալով սեփական արարքների համար պատասխանատվության ենթարկվելուց, ստեղծեցին պաշտպանական համակարգեր, այդ թվում՝ մամուլ։ Նիկոլի համար բացվեցին Վանո Սիրադեղյանի դռներն ու Խաչատուր Սուքիասյանի քսակը։ Նա դարձավ թերթի տեր։ Նաև՝ հացի։ Հետագայում՝ լիքը բաների։ Բայց առաջ չանցնենք ու հերթով նկարագրենք Նիկոլի հետագիծը։

Քիրվայության քարոզիչը

Նիկոլ Փաշինյանը դարձավ ՀՀՇ–ական իշխանության պաշտպանվող գործիքներից մեկը։ Նա գաղափարապես ներծծվեց քիրվայական արժեքներով ու լծվեց հակաղարաբաղցիական, հակաղարաբաղյան քարոզի գործին։

Նիկոլի «Հայկական ժամանակ» թերթը, որը նա նվեր ստացավ Էդվարդ Եգորյանից, դարձավ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու Լևոն Տեր–Պետրոսյանի պաշտպանած փուլային տարբերակի շեփորահարը։ Զուգահեռաբար՝ թույնի ու ատելության մթնոլորտի ձևավորողը։

Մարդկությունից վրեժ լուծելու Նիկոլի ներքին մղումը նաև առատորեն ֆինանսավորվում էր։ Այսինքն՝ Նիկոլը հայտնվել էր իր երազած վիճակում։

1999–ին Վանոյին օգնեցին լքել Հայաստանը, բայց Նիկոլն անտեր չմնաց, քանզի շուստրիացել էր ու առել փողի համը։ Նա թերթի «մուտիլովկաների» օգնությամբ դարձավ ավտոմեքենայի, տան ու լուրջ փողի տեր։ Նրա փող աշխատելու մեթոդները հայտնի են բոլորին։ Ու այդ մեթոդները հաստատ թերթի վաճառքը չէին կամ միայն վաճառքը չէին, այն էլ՝ առանց վերադարձ տարբերակով։

Նիկոլը սկսեց «տակից» աշխատել բոլորի, այդ թվում՝ իր կողմից քննադատվող իշխանությունների հետ։

Նա բազում ծառայություններ էր մատուցում իշխանավորներին, երբ վերջիններս միմյանց դեմ պատերազմ էին մղում՝ օգտագործելով Նիկոլի թերթը։

Շուստրի գեղցին հասկացել էր, որ կարելի է ընդդիմություն խաղալ, բայց զուգահեռաբար փող աշխատել ներիշխանական «ռազբորկաների» ժամանակ։ Զուգահեռաբար էլ շանտաժի ենթարկել օդիոզ փողատերերին և հարստանալ։

Ճիշտ է, այդ ընթացքում նա նաև ծեծ էր ուտում երբեմն–երբեմն կամ քարշ գալիս դատարանների դահլիճներում, բայց դա այն գինն էր, որը նա պատրաստ էր վճարել՝ աղքատությունը սեփական գրպանում հաղթահարելու և գարշահոտության տարածման ներքին մղումը բավարարելու դիմաց։

Այո՛ հաճախորդացմանը

Նիկոլը կուզենար, որ վերականգնվեր լևոնավանոյական իշխանությունը, բայց 2000–ականներին դա անհնար էր։ Նախկին թալանչիները նման շանս տեսան 1999–ի հոկտեմբերի 27–ի ողբերգական իրադարձություններից հետո, բայց երբ հասկացան, որ պլանը չի աշխատում, գլուխները կրկին մտցրեցին ծակերն ու սսկվեցին։

Նիկոլը հասկացավ, որ շանս չկա ու անցավ մաքուր կոմերցիայի՝ քաղաքականապես ակտիվանալով միայն նախագահական ընտրությունների ժամանակ։

Նա հույս ուներ, որ Լևոն Տեր–Պետրոսյանը կմասնակցի 2003–ի նախագահական ընտրություններին, բայց հույսերը չարդարացան, քանզի 1–ին նախագահը շատ լավ գիտեր, որ Ռոբերտ Քոչարյանի պարագայում իր շանսերը զրոյական են։

Նիկոլը 2003–ին ձևականորեն պաշտպանեց Ստեփան Դեմիրճյանի թեկնածությունը, որպեսզի պահի իր թունդ ընդդիմադիր իմիջը, բայց Դեմիրճյանի պարտությունից հետո փչացրեց վերջինիս՝ անունը դնելով «Ազգո»։

Բանն այն է, որ այդ օրերին Դեմիրճյանին «ազգընտիր նախագահ» որակումն էին տալիս։ Եվ ահա Նիկոլը ձեռառնոցի էր համարում դա և Ստեփանին պիտակավորում որպես «Ազգո»։

2003–ի նախագահական ընտրություններից և 2004–ի ապրիլյան դեպքերից հետո Նիկոլը վերջնականապես համոզվեց, որ իշխանափոխություն հնարավոր չէ և դարձավ իշխանության մի թևի հաճախորդը։

Նա «այո՛» ասաց հաճախորդացմանը և 2007–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցեց «Իմպիչմենտ» դաշինքով՝ գլխավորելով համամասնական ցուցակը։

Հին ու նոր ՀՀՇ–ականներով համալրված «Իմպիչմենտի» հիմնական թիրախը Ռոբերտ Քոչարյանը, ԲՀԿ-ն գլխավորող Գագիկ Ծառուկյանն ու ՀՅԴ–ն էին։

Դաշինքը չհաղթահարեց անցողիկ շեմը և չմտավ խորհրդարան, բայց նման խնդիր դաշինքի առաջ չէր էլ դրած։ «Իմպիչմենտի» խնդիրն աջ ու ձախ հայհոյելն էր, և վե՛րջ։

Նիկոլը կշարունակեր իր հաճախորդությունը և թերթով բազում ծառայություններ կմատուցեր 2007–ին խորհրդարանի հսկիչ փաթեթը վերցրած ուժին, եթե Լևոն Տեր–Պետրոսյանը չորոշեր առաջադրվել 2008–ի նախագահական ընտրություններում։

10 զոհ, փախուստ, կրկնահաճախորդացում

2008–ին Նիկոլը թռավ իր հաճախորդական կարգավիճակից, քանզի իր մտածողությանն ավելի հոգեհարազատ մարդ էր հայտնվել՝ Տեր–Պետրոսյանը։

Նիկոլը համոզված էր, որ կարելի է իշխանությունը վերցնել և ամեն գնով կռիվ տվեց։

Այդ գինը մարդկային կյանքերն ու ճակատագրերն էին, որոնց վրա թքած ունեին ինքն ու իր շեֆը՝ Տեր–Պետրոսյանը։

Նիկոլը կազմակերպեց մարտի 1–ի բախումները, մարդկանց ուղարկեց կրակի բերան ու հետո ծլկեց դեպքի վայրից։

Նա ընդհատակից դուրս եկավ, երբ պարզ էր, որ մեղմ էին վերաբերվելու իր հետ և ներքին պայմանավորվածությամբ երկար չի «նստելու»։

2011–ին նա իշխանություններ–ՀԱԿ «երկխոսության» արդյուքնում դուրս եկավ բանտից։ ՀԱԿ ցուցակով մասնակցեց խորհրդարանական ընտրություններին ու այդ օրերի իշխանության գործուն աջակցությամբ թռավ ՀԱԿ–ից, քանզի վերջինս սեփականաշնորհվել էր ԲՀԿ–ի կողմից։ Այն ԲՀԿ–ի, որը կռիվ էր տալիս ՀՀԿ–ի դեմ։

Իշխանությունը խնդիր էր դրել թուլացնել Տեր–Պետրոսյանին։ Այդ թուլացման գործիքներից էին տարբեր գործիչներին ՀԱԿ–ից պոկելը։ Պոկվողների մեջ էր նաև Նիկոլը, որը ֆորմալ հայտարարում էր, թե բա ո՞նց կարելի է օլիգարխի ձեռքը սեղմել, ո՞նց կարելի է մարտի 1–ը ուրանալ, ֆլան, ֆստան...

Այդ հետո պետք է Նիկոլը մոռանար իր ասածները, Ծառուկյանի ուղարկած ջրերը խմեր և ԲՀԿ ղեկավարի հետ հուշագիր ստորագրեր։

Գյումրի–Երևան տրանզիտ

Լևոնից պոկվելուց հետո Նիկոլը ստեղծեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Բնականաբար՝ ոչ առանց նախորդ իշխանությունների և ինչպես հետագայում պարզվեց՝ ոչ առանց արևմտաթուրքական շրջանակների աջակցության։ Դա ներսի ու դրսի համատեղ նախագիծ էր։

ԲՀԿ–ի դեմ պայքարի ժամանակ նախորդ իշխանություններին Նիկոլի պես ճղճղան էր պետք, որն իր թունդ ընդդիմադիր թերթով կռիվ կտա Սերժ Սարգսյանի իրական ընդդիմախոսների դեմ։ Նիկոլը դա հաճույքով անում էր։

Երբ 2015–ին լուծվեցին Գագիկ Ծառուկյանի հարցերը, Նիկոլի պես լաչառն այլևս նախորդ իշխանություններին պետք չէր։ Ավելորդ ուտող բերան էր դարձել։

Իշխանությունը 2017–ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նոր հաճախորդ էր գտել՝ ի դեմս «Լուսավոր Հայաստան» կուսակցության, որն իրենց կարծիքով ավելի ներկայանալի էր և աշխատում էր, այսպես կոչված, քաղաքացիական և արևմտամետ սեգմենտի վրա։

Նիկոլը հասկացավ, որ քցվել է ու բառիս բուն իմաստով ոռնաց։ Սկսվեց հաճախորդաց հարեմի ներքին կռիվը։ Այն շատ դաժան էր։ Ժանրի կանոնների համաձայն։

Նիկոլը հասկացրեց նախորդ իշխանություններին, որ եթե իրեն թողնեն լուսանցքից դուրս, ապա կհարամի նրանց «լուսավոր» նախագիծը։ Հարամելու դրսևորումներից էր 2016–ի Վանաձորի ավագանու ընտրությունները, որոնց մասնակցում էր ԼՀԿ–ն և որի ցուցակը գլխավորում էր Էդմոն Մարուքյանի եղբայրը։ Այդ ընտրություններին մասնակցում էր նաև Նիկոլ Փաշինյանի թիմը։

Նիկոլը Վանաձորի ընտրությունների ժամանակ հայհոյում էր Մարուքյանին՝ վերջինիս ներկայացնելով որպես իշխանության «մարդ»՝ հաճախորդ։ Մարուքյանն էլ իր հերթին էր հաճախորդ համարում Փաշինյանին։ Իրավիճակի կոմիզմն այն էր, որ երկուսն էլ ճիշտ էին։

Վանաձորի ընտրություններից ու փոխադարձ հայհոյանքներից հետո բոլորի համար զարմանալիորեն ու անսպասելիորեն տեղի ունեցավ Մարուքյանի ու Փաշինյանի մերձեցումը։ Արտաքին միջամտությամբ կազմակերպած այդ «տանգոյին» միացավ նաև հավերժական հաճախորդ Արամ Զավենի Սարգսյանը։ Ձևավորվեց «Ելք» դաշինքը, որի մեջ Փաշինյանին ակնհայտորեն ներառել էին իշխանական նոր նախագծի դեմ, կոպիտ ասած, «չհաչալու» համար։ Նիկոլի ուղղությամբ մանդատ նետեցին, որ ձայնը կտրի և նա կտրեց։

Ավելին՝ Նիկոլը հրապարակավ ընդունեց 2017–ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, մինչև այդ անուղղակիորեն աջակցելով Սերժ Սարգսյանի առաջարկած սահմանադրական փոփոխություններին։

2018–ին նա Գյումրիից քայլարշավ սկսեց ոչ թե իշխանությունը վերցնելու, այլ սեփական հաճախորդական գինը բարձրացնելու համար։ Իշխանություններին դա դուր չեկավ և նրանք ոտքի հանեցին Էդմոն Մարուքյանին, թե բա ա՛յ տղա, գնա էդ «Չալոյին» փողոցից բեր խորհրդարան։

Բայց դե հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ Նիկոլի քայլարշավը և ներքին ցնցումները ձեռնտու էին նաև իշխանության ներսի տարբեր կենտրոններին։ Դա էր պատճառը, որ Նիկոլը հանգիստ գրավում էր փողոցները, ռադիոտունը և այլն։ Ու երբ այս ամենին միացավ իշխանափոխություն պահանջող ժողովուրդը, Նիկոլը, հայտնի հեքիաթի հերոս քաջ Նազարի պես, հայտնվեց թագավորի աթոռին։ Մնացածն արդեն հայտնի է։ Հայտնի չէ միայն, թե արդյոք թավշյա տարբերակով իշխանական աթոռին պատմական պատահականությամբ հայտնվածն այնքան խոհեմություն կունենա՞ նույն ձևով հեռանալու։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը