Լրահոս

31.03.2011 13:34


Էդուարդ Շարմազանով. «ԵԱՀԿ գնահատման առաքելության զեկույցը լուրջ շփոթություն է առաջացրել Ադրբեջանում»

Մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններում իրականացված դաշտային գնահատման առաքելության զեկույցի շուրջ Ադրբեջանի նախագահի աշխատակազմից եւ ԱԳՆ-ից հնչող հակասական մեկնաբանությունները ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովն մասնավորապես ասել է.

«Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններում իրականացված դաշտային գնահատման առաքելության զեկույցը լուրջ շփոթություն է առաջացրել Ադրբեջանում, ինչի մասին են վկայում Ալիեւի աշխատակազմից եւ արտաքին քաղաքական գերատեսչության հնչող տարբեր տեսակետները դրա վերաբերյալ:

Այն պարագայում, երբ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերով բաժնի վարիչ Ալի Հասանովը հայտարարում է, որ խիստ կասկածներ կան իրենց կողմից զեկույցի օբյեկտիվ լինել չլինելու հարցում, ԱԳՆ-ն, հայտարարում է, որ զեկույցը օբյեկտիվ է եւ թույլ է տալիս բացահայտել այդ տարածքներում տիրող իրավիճակը:

Հարկավոր է նշել, որ նման անկայուն եւ ոչ հստակ դիրքորոշումները, որոնք հաճախ կարելի է հանդիպել ադրբեջանական կողմի վարքագծում, տարակուսանքի պատճառ են հանդիսանում ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այնպես էլ միջազգային հանրության համար` ընկալելու ադրբեջանական կողմի ոչ ադեկվատ եւ իրարամերժ մոտեցումները»:

Այս խորագրի վերջին նյութերը