Կարծիք

27.06.2020 14:10


Ես բնիկ երևանցի եմ, բայց գրառումս դրա մասին չէ

Ես բնիկ երևանցի եմ, բայց գրառումս դրա մասին չէ

Ես բնիկ երևանցի եմ, բայց գրառումս դրա մասին չէ։ Գրառումս այն մասին է, որ հեղափոխության առաջին իսկ օրվանից առանց այդ էլ աղքատ հասարակության ուղեղը լվանում էին այն թեզով, որ հարուստ լինելը, լավ ապրելը, կյանքում ինչ-որ բանի հասնելը ամոթ է։ Իսկ եթե հասել ես, ուրեմն անպայման թալանել ես, այլ ճանապարհ չկա։

Եվ պաշտոնյաների էջերից թափվում էին նկարներ, թե ինչպես են նրանք վարում միջին դասից անգամ ցածր մեքենաներ, ապրում վարձով բնակարաններում, չունեն տարրական կենցաղային տեխնիկա, ջեռուցման համակարգ և այլն։ Ամեն խոսափողից քարոզվում էր չկայացած, ոչնչի չհասած մարդու կերպար, իսկ որևէ բանի հասածներին հռչակում էին ու շարունակում են հռչակել գող ու ավազակ (թեև, բնականաբար, հարուստների մեջ կան թե՛ անարդար ճանապարհով ունեցվածքին հասածները, թե՛ արյան ու քրտինքով հասածները)։ Երրորդ տարբերակ չկա։

Իսկ եթե հանկարծ համարձակվել ես ուրիշներից մի փոքր ավելի աշխատասեր լինել, ավելի ճարպիկ, ստեղծագործ, ու մի հատ էլ որևէ բանի հասել ես, ուրեմն պարտադիր պիտի ուրիշների հետ կիսվել։
Այո, իհարկե։ Եթե ավելի շատ ես աշխատում, քան ուրիշները, պիտի ավելի շատ հարկ վճարես, դա բնական է և անգամ որոշ առումներով արդար։ Եթե ավելի լավ բնակարանում ես ապրում, գուցե պիտի մի փոքր ավել վճարես, քան մյուսները։

ԲԱՅՑ, դրա հետ մեկտեղ պիտի պետության կողմից ավելի շատ երաշխիքներ ստանաս, ավելի լայն հնարավորություններ, և քո հարկերը պետք է իսկապես գնան ավելի խոցելի խավերի ապահովմանը, որպեսզի բարձրանա հասարակության ընդհանուր կենսամակարդակը։ Դրա հետ մեկտեղ պետությունը պետք է ակտիվորեն քարոզի աշխատասիրության գաղափարը, հնարավորություններ տա մարդկանց բիզնես սկսել, աշխատատեղեր ստեղծի և այլն։ Որպեսզի այդ բոլոր հարկերն արդարացված լինեն։ Հակառակ դեպքում մի փոքր ավելի հաջողակները դառնում են պարզապես «կթու կով»։ Համաձայնեք, որ բավականին կասկածելի խրախուսանք է ավելի լավ ապրելու ու որևէ բան ստեղծելու համար։ Մաքս Վեբերն եթե այս ամենը տեսներ, կայրեր իր աշխատությունը։

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը