Կարծիք

05.07.2020 11:15


Կեղծիքների տոնը

Կեղծիքների տոնը

Ժամացույցի սլաքը խփեց ժ․24-ը կամ թևակոխեց հուլիսի 5-ը՝ 1995 թ․ ՀՀ Սահմանադրության «ընդունման», ի դեպ՝ տոն օրը։ Հետաքրքիր է, կա՞ արդյոք այլ պետություն, որ կեղծիքների հիմնադրման օրը հռչակի համազգային տոն։ Գուցե, չեմ վիճում։ Ուղղակի կուզենայի հիշեցնել այդ օրվա խորհուրդը։ Անկախանալուց հետո, 1995թ․ խորհրդարանական ընտրություններն ու զուգահեռ անցկացվող սահմանադրական հանրաքվեն, իրականում անկախ Հայաստանի առաջին ժողովրդավարական քննությունն էր։ Սահմանադրության նախագիծը, որը դարձավ Սահմանադրություն, իր էությամբ միապետական համակարգ էր նախատեսում՝ բացառելով ժողովրդավարության, իրավական պետության հիմնական՝ իշխանությունների տարանջատման սկզբունքը։ Առանց մանրամասների մեջ մտնելու՝ հիշեցնեմ, որ նախագահը ոչ միայն նշանակում էր վարչապետին, նախարարներին, այլև Երևանի քաղաքապետին, Արդարադատության խորհուրդը նույնպես գլխավորում էր նախագահը և նշանակում դատավորներին։ Նախագահը վեց ամիս ընտրվելուց կամ վեց ամիս ավարտից առաջ կարող էր ցրել ԱԺ-ն։

Ընտրություններից մի քանի ամիս առաջ ՆԳՆ նախարար Վանո Սիրադեղյանի քմահաճույքով ստեղծվեց «Շամիրամ» կուսակցությունը։
Թե ինչպես անցան «ընտրություններ» և «հանրաքվե» միջոցառումը, մի ամբողջ պատմություն կարելի է գրել՝ երկու ժամով ընտրությունների ժամանակի ավելացում, մաուզերիստների, ներեցեք, երկրապահների կողմից ծեծ ու ջարդ, լցոնումներ, ահաբեկումներ, արձանագրությունների կեղծում և այլն և այլն։

Արդյունքում, իշխող ուժի «հաղթանակ», երկրորդ պատվավոր տեղը «Շամիրամ» և այլն։ Եվ այդ օրվանից, «ազատ, անկախ, ժողովրդավարական» Հայաստանում դրվեց ավանդույթ․ ընտրություններով հնարավոր չէ իրականացնել իշխանափոխություն։ Եվ այս ամենը գլխավորում և խրախուսում էր Լևոն Տեր-Պետրոսյանը, իրականացնում ՝ Վանո Սիրադեղյանը, Վազգեն Սարգսյանը, Գագիկ Ջհանգիրյանը և Էդուարդ Եգորյանը։ Թյո՛ւ, մոռացել էի, բոլոր անօրինականությունները, կեղծիքները սկսվել են հեղափոխությունից 20 տարի առաջ՝ 1998թ․։

***

ԿԵՂԾԻՔՆԵՐԻ ՏՈՆԸ-2

Այն, որ քաղաքական, պետական գործիչները ողջ աշխարհում և բոլոր ժամանակներում, մեղմ ասած, ճշմարտախոս և անկեղծ չեն եղել, կարծում եմ` անվիճելի է։ Նրանք կա՛մ անընդհատ ստել են, կա՛մ առավել պարկեշտները՝ հաճախ լռել, չստելու համար։
Պատահական չէ, որ քաղաքականությունը համարվում է նաև հնարավորինի արվեստ։

Վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական «ցնցող» հայտարարությունն արեց, առ այն, որ ստախոս քաղաքական գործիչներն այլևս Հայաստանում տեղ չունեն։ Չանդրադառնամ Նիկոլ Փաշինյանի, մեղմ ասած, հակասական հայտարարություններին, խոստումներին, և ընդդիմադիր-իշխանություն, և իշխանություն-իշխանություն ժամանակների հետ։ Ողղակի ծավալը հսկայական կլինի։ Թերևս նա գերազանցել կամ գերազանցում է նախորդ բոլոր գործիչների ռեկորդները։

Ի դեպ, ի տարբերություն քաղաքականությանը՝ հասարակական գործունեությունը բնորոշվում է որպես անհանարինի արվեստ։
Այդ իսկ պատճառով հարցս ուղղում եմ, ոչ թե կամ ոչ այնքան Հայաստանի քաղաքական, այլ հասարակական գործիչներին, նաև իրենց քաղաքացի համարողներին։
Հարգելիներս, ի՞նչ եք կարծում՝ 1995թ․ հուլիսի 5-ին անցկացված սահմանադրական հանրաքվեն և զուգահեռ անցկացված խորհրդարանական ընտրությունները կեղծվե՞լ են, լեգիտի՞մ էին, թե՞ ոչ։ Եթե ոչ, արդյոք, դրանց հեղինակները գոնե բարոյական պատասխանատվություն պե՞տք է կրեն, թե՞ ոչ։
Կարող եք պատասխանել ոչ թե իմ, այլ ձեր էջերում, առանց ուղղակիորեն ինձ հղում անելու։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը