Աշխարհ

18.07.2020 10:22


«Մեզ համար եղբայրական պետություններ են». Կադիրովը կոչ է արել Հայաստանի, Ադրբեջանի և ԱՊՀ ղեկավարներին բանակցային սեղանի շուրջ նստել և կանխել պատերազմը

«Մեզ համար եղբայրական պետություններ են». Կադիրովը կոչ է արել Հայաստանի, Ադրբեջանի և ԱՊՀ ղեկավարներին բանակցային սեղանի շուրջ նստել և կանխել պատերազմը

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն իր թելեգրամյան ալիքում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, գրում է grozny.tv-ն:

«Չեչեն ժողովուրդը, ինչպես ոչ ոք, լավ գիտի խաղաղության գինը, ինչպես նաև վիշտը, որ բերում է պատերազմը: Մենք մեր փորձով գիտենք, որ ավելի լավ է կանխել պատերազմը և անել հնարավորը բարդ հարցերի խաղաղ լուծման համար»,-գրել է Չեչնիայի ղեկավարը:

Նա նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը Չեչնիայի համար եղբայրական պետություններ են, իսկ այնտեղ տեղի ունեցող ողբերգական իրադարձությունները վերաբերում են ոչ միայն Ռուսաստանին, դրանք ցավոտ են ամբողջ Կովկասի և ԱՊՀ պետությունների համար:

«Ես կոչ եմ անում Հայաստանի, Ադրբեջանի և բոլոր դաշնակից պետությունների ղեկավարներին քայլեր ձեռնարկել կոնֆլիկտը դադարեցնելու համար: Պետք է անել հնարավորը, որպեսզի հակամարտող կողմերը միմյանց ձեռք մեկնեն և խաղաղության հասնեն: Հակառակ դեպքում, եթե Աստված մի արասցե, այս դիմակայությունը վերաճի լայնամասշտաբ պատերազմի, ապա արդյունքը հղի է ողբերգական հետևանքներով ոչ միայն ողջ Կովկասի համար»,-գրել է Կադիրովը:

Նա հիշեցրել է Լեռնային Ղարաբաղում դեպքերի մասին, որոնք մեծ թվով զոհերի հանգեցրին:

«Լավագույն պատերազմն այն է, որի ժամանակ ոչ մի զինվոր չի զոհվում և ոչ մի կրակոց չի արձակվում: Հայաստանի և Ադրբեջանի սահմանին սրված կոնֆլիկտի մասնակիցները պետք է իմանան, որ եթե շտապ վճռական քայլեր չձեռնարկվեն, ապա իրավիճակը կարող է վերաճել մեծ պատերազմի՝ իր բոլոր հնարավոր հետևանքներով...Սակայն հաղթողներ չեն լինի»,-հավելել է նա:

Նա ևս մեկ անգամ կոչ է արել Հայաստանի, Ադրբեջանի և ԱՊՀ ղեկավարներին անհապաղ միջամտել այս հարցին:

«Իմ կողմից, հանուն խաղաղության ձեռքբերման, ես պատրաստ եմ ծնկի իջնել և խնդրել յուրաքանչյուրին: Այո՛, ես պատրաստ եմ, եթե պետք է, զենք վերցնել և կռվել հանուն արդարության, խաղաղության: Սակայն ավելի խելամիտ կլինի, եթե մենք նստենք բանակցային սեղանի շուրջ և թույլ չտանք լայնամասշտաբ ողբերգություն»,-ասել է Չեչնիայի ղեկավարը:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Հուլիսի 12-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով` հետ շպրտվել:

Ադրբեջանական կողմը հրետակոծությունը շարունակել է նաև հուլիսի 13-ին և 14-ին։ Հուլիսի 15-ին սահմանին իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել։

Ըստ վերջին տվյալների՝ ադրբեջանական կողմը պաշտոնապես հաստատված 12 զոհ ունի, հայկական կողմը՝ 4: Կան վիրավորներ:

Լույս հուլիսի 16-ին՝ ժամը 03:40-ի սահմանում, Ադրբեջանի զինուժը ձեռնարկել է դիվերսիայի փորձ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ դիվերսիայի փորձը կասեցվել է, և թշնամին կորուստ տալով հետ է շպրտվել:

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն այսօր տեղեկացրել է, որ հայ-ադրբեջանական պետական սահմանին գիշերվանից մինչ այս պահը պահպանվել է հարաբերական անդորր։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը