Կարծիք

25.07.2020 11:24


Նիկոլն արեց ամեն ինչ ռուսների հետ հարաբերությունները ավելի ու ավելի սրելու համար

Նիկոլն արեց ամեն ինչ ռուսների հետ հարաբերությունները ավելի ու ավելի սրելու համար

Վերջին ամսվա իրադարձությունները և դրանց հետագա զարգացումների տրամաբանությունը ավելի քան մտահոգիչ են։ Խնդիրը ոչ միայն և ոչ այնքան սահմանի վրա պատերազմական լայնածավալ գործողությունների օր-օրի մեծացող վտանգն է, այլև դրանից առաջ և դրանից հետո տարբեր երկրներում ծավալվող իրադարձությունները։ Բանակի փայլուն գործողությունների արդյունքում հետ մղված ադրբեջանական հարձակմանը հաջորդեցին երկրի քաղաքական ղեկավարության լիակատար ձախողումները դիվանագիտական ու քարոզչական ճակատներում։ Տարբեր երկրներում հնչեցին ադրբեջանական կողմին աջակցող հայտարարություններ, որին փորձ արեց հակազդել ոչ թե պաշտոնական Երևանը, այլ ՀՅԴ Հայ Դատի գրասենյակները։ Քարոզչական պայքարի ճակատում ևս համայնքներում կազմակերպված գործողությունները չունեին պետական ոչ մի աջակցություն։

Այս ամենի ֆոնին, երբ նայում ես Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության գործողություններին, տպավորություն է ստեղծվում, թե նրանց համար միակ «մտահոգությունը» դիմակ կրելն է։ Ոչ մի արձագանք տարբեր երկրներում դիվանագիտական ներկայացուցչությունների դեմ հարձակումներին, պետական ոչ մի նախաձեռնություն հայկական ապրանքների՝ ռուսական շուկայից դուրս մղման փորձերի, հիմա էլ ոչ մի համակարգված աշխատանք Ռուսաստանի տարածքում հայ-ադրբեջանական բախումները կանխելու համար մեր ռազմավարական դաշնակից երկրի ղեկավարության հետ։ Ամեն ինչ թողնված է դեսպան Տողանյանի ու համայնքի պատասխանատվությանը։ Նիկոլն ու իր շրջապատը «լվացել են ձեռքերը» և վերջ։

Մինչդեռ նախորդ մեկ ամսվա ընթացքում Նիկոլն արեց ամեն ինչ ռուսների հետ հարաբերությունները ավելի ու ավելի սրելու համար։ Նախ, կներեք բառի համար, կոռոնավիրուսի դեմ պայքարի ապուշագույն «պատճառաբանությամբ» հրաժարվելով մասնակցել Հաղթանակի զորահանդեսին, մի քանի օրից, ունենալով նույն վիճակը, Մինսկում մասնակցեց ԵԱՏՄ վարչապետների հանդիպմանը։ Հետո, իր ֆեյքերի ու զոմբիների հարձակումը կազմակերպելով Մարգարիտա Սիմոնյանի վրա, փորձեց ստեղծել «հայրենասիրական» ֆոն ու իր փոքր շրջապատի հակառուսական տրամադրությունները տարածել հասարակության այլ շերտերում։ Հիմա էլ, տարբեր երկրներում հայկական ու ադրբեջանական համայնքների միջև բախումների հսկայական վտանգի, Ադրբեջանի ղեկավարության կողմից հնչող սադրիչ, հայերի նկատմամբ բռնությունները շարունակելու կոչերի ֆոնին Նիկոլը ոչ միայն բացարձակ անգործություն է դրսևորում, այլև, սփյուռքի գործերով իր հանձնակատարի օրինակով, արձակուրդ է գնում։ Իմ մոտ տպավորություն է ստեղծվում, որ Նիկոլը շահագրգօված է Ռուսաստանում հայ-ադրբեջանական բախումների սաստկացմամբ, որպեսզի դրանում հետագայում մեղադրի ռուսներին, Հայաստանի հասարակության մեջ ստեղծի հակառուսական հիստերիա ու վերջնականապես փորձի փոխել մեր երկրի աշխարհաքաղաքական կողմնորոշումը։ Նիկոլի վարքագծի այլ բացատրություն ուղղակի չկա։

Սա արդեն ոչ միայն ազգային անվտանգության սպառնալիք է, այլև մեր ժողովրդի տարբեր հատվածների ֆիզիկական անվտանգությանն ու կյանքին սպառնացող իրական վտանգ, որին հակազդելու ոչ մի քայլ այս իշխանության կողմից չի ձեռնարկվում, եթե չասեմ ավելին, այն անուղղակիորեն հրահրվում է նրանց գործողություններով։

Բագրատ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը