Մեկնաբանություն

27.07.2020 10:35


Երեքը կորոնանավակում՝ չհաշված շիշ բռնողը (տեսանյութ)

Երեքը կորոնանավակում՝ չհաշված շիշ բռնողը (տեսանյութ)

Հանուն սեփական իշխանությունն ապօրինաբար ընդլայնելու՝ Նիկոլ Փաշինյանը կոչ էր անում շան տեղ չդնել կորոնավիրուսին։ Հետո, երբ բանը բանից անցավ և Հայաստանը դարձավ աշխարհի վատագույն ցուցանիշներ ունեցող երկրներից մեկը, նա սկսեց մեղադրել ժողովրդին, թե բա դիմակ չեն կրում ու այդպիսով չեն թողնում, որ կրենք։

Հակահամաճարակային պայքարը երեք ձախողված խորհրդանիշ ունի՝ նոն–ստոպ ռեժիմով դիմակներից խոսող և մեղքն այլոց վրա գցող Նիկոլը, հակասահմանադրական մարմին գլխավորող, Նիկոլի համար քավության նոխազ աշխատող պարետը և «Մարետը»՝ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Այս երեքն են կորոնանավակում՝ չհաշված օդիոզ քայլարած Հայկը։

Կորոնավարակի տարածման համար Նիկոլը մեղադրում է բոլորին, բացի իրենից, մինչդեռ թիվ մեկ մեղավորն ինքն է՝ իր ապաշնորհ կառավարմամբ։

Նիկոլը հայտարարում է, թե բա համաճարակի տարածմանը նպաստում են նրանք, ովքեր դիմակներ չեն կրում ու բաց տարածքներում դիմակ չդնելու քարոզ են տանում։

Փաշինյանի այդ հայտարարություններն իրականում դեմագոգիան են ու փարիսեցիություն, իսկ նրա վարքագծում առկա են երկակի և նույնիսկ եռակի ստանդարտներ։

Օրինակ՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին աշխատանքից նա ազատեց արտակարգ դրության պայմաններում մարդաշատ քեֆ կազմակերպելու համար։ Իսկ ահա նույն բանն անելու համար նորանշանակ ոստիկանապետ Վահե Ղազարյանի պահով ձեն-ձուն չկա։ Եվ սա այն դեպքում, երբ ոստիկանները փողոցում մարդ են խեղդում, երիտասարդ աղջիկներին են բռնությամբ քաղմաս տանում դիմակ չկրելու կամ դիմակ կրելու, բայց անձնագիր չունենալու համար։

Նիկոլն արգելել է շոուների կազմակերպումը և բռնության է ենթարկում այն մարդկանց, ովքեր կառավարության դիմաց բողոքում են՝ պահանջելով թույլ տալ աշխատել։

Նիկոլն արգելել է կալյան–բարերի գործունեությունը, նրա ոստիկանությունը Սևանի ափին դիմակ չդնելու համար քաղաքացիներին է տուգանում ու բռնություն կիրառում։ Իսկ ահա «թավշա» հեղափոխության գաղափարական թևի առաջամարտիկներից հանդիսացող Նիկոլի ջրի շիշ բռնողը՝ պատգամավոր Հայկ Սարգսյանը, Սևանի ափի իր օբյեկտում մարդաշատ շոու է կազմակերպում, կալյան–փարթի սարքում։ Բնականաբար՝ առանց դիմակ։ Եվ ոչ մի բան։ Ոչ մի ոստիկան չի հայտնվում «դեպքի վայրում», չի ոլորում անդիմակավորների ձեռքերը և չի տուգանում նրանց։ Նիկոլն էլ իր էջում չի տարածում Շորժա–շոուի նկարներն ու չի մեղադրում այդ անպատասխանատուներին՝ կորանան տարածելու համար, մինչդեռ հաճույքով տեղադրում էր այլոց «մատնագրերն» այս թեմայով։

Ի դեպ, շիշ բռնողի եղբայրը Նիկոլի օգնականն է, այսինքն՝ նրա թուղթ բռնողը։

Եթե սրանից հետո Նիկոլը շարունակի մեղադրել ժողովրդին ու իր ընդդիմախոսներին կորոնավարակի տարածման համար, խոսի սոցիալական հեռավորությունից ու մյուս բաներից, ապա թող առաջինն իր շիշ ու թուղթ բռնողներին հիշի, այլ ոչ թե կոկորդիլոսի արցունքներ թափի իր պատճառով մահացածների համար։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը