Մեկնաբանություն

29.07.2020 16:22


Մոսկվան Փաշինյանի ոչ միայն արցունքներին, այլև ժպիտներին չի հավատում

Մոսկվան Փաշինյանի ոչ միայն արցունքներին, այլև ժպիտներին չի հավատում

Փաշինյանին ինչ-որ կերպ հաջողվել էր ռուսական քիչ թե շատ նկատելի լրատվամիջոց «կպցնել» և հարցազրույց տալ: Թե ինչպես է հաջողվել, կարևոր չէ: Իսկ այն, որ այս օրերին անհրաժեշտ էր, որ ռուսական քարոզչալրատվական դաշտում, ինչպես ասվում է՝ «առաջին ձեռքից» հնչեցվի Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը, իսկապես կարևոր է: Չնայած Նիկոլ Փաշինյանի՝ «երկու ոտքից կաղ» ռուսերենին (մարդն, ի վերջո, օտար լեզվով էր խոսում) ու բառակրկնության նյարդայնացնող խոսելաոճին: Կարևորը, ինչպես ասվում է նման դեպքերում, որ ասելիքն ու դրանով արտահայտված մտքերը հասկանալի լինեն:

Իսկ ի՞նչ էր ասում Փաշինյանը: Նրա խոսքն ուր էր գնում «որսկանի գյուլլի պես», բայց թումանյանական մեկ այլ որսկանի: Շատերն, թերևս, դիտած կլինեն Փաշինյանի հարցազրույցը ռուսական РБК-ին, իսկ ովքեր չեն դիտել՝ «Յութուբն» օգնական: Ուստի միանգամից անցնենք մեր արձանագրած դիտարկումներին:

Ակնհայտ է, որ հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի սահմանագոտի-առաջնագծում մարտական գործողությունների հետ կապված Թուրքիայի գերակտիվացումը Հայաստանի գործող իշխանությունը ոչ միայն նկատել է, գնահատել, այլև լրջորեն անհանգստացել է և վերջապես գլխի ընկել, որ առանց Ռուսաստանի ներգրավման՝ դեպքերի ընթացքը կարող է շատ ավելի վատ զարգացումներ ստանալ: Դրանից է գալիս Նիկոլ Փաշինյանի ներկայիս անզուսպ մղումը՝ ամեն գնով ցույց տալ, որ ինքը Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների վաղեմի ու համոզված կողմնակիցն է, որ Ռուսաստանը չունի ավելի լավ բարեկամ Հայաստանում, քան ինքը՝ Նիկոլ Վովայևիչն է: Այդ ենթատեքստում է նաև այն, որ իշխող ռեժիմի հատուկենտ նկատելի ռուսամետ դեմքերից Վաղարշակ Հարությունյանը վերջին օրերին իշխանամետ լրատվամիջոցների հարցազրույցների տաղավարների գրեթե անփոխարինելի հյուրն է: Երևի միայն «բարի գիշեր, երեխաներ» հաղորդմամբ չի հանդես եկել:

Բայց արդյոք ազնի՞վ է «պաշտպանյալը»՝ իր այդ դրսևորումներում ու մղումներում, ըստ այնմ՝ որքանո՞վ է համոզիչ: Հասկանալի է, որ «պաշտպանյալը» այս դեպքում Վաղարշակ Հարությունյանը չէ:

Այդ հարցը միառժամանակ առկախ թողնելով՝ դիտարկենք Փաշինյանի հարցազրույցի ևս մեկ շեշտադրում: Այն «ֆռիկը» կամ մանիպուլյատիվ հայտարարությունը, թե՝ «հակառուսական» կամ, որ նույնն է՝ Սորոսից ֆինանսավորվող ՀԿ-ները գրանցվել և գործել սկսել են դեռ նախկին՝ ռուսամետ համարվող իշխանությունների օրոք: Բա եթե նրանք այդքան վատն էին, ինչո՞ւ չէին հետապնդվում կամ ինչո՞ւ էր թույլատրվում նրանց գոյությունը:

Թե Հայաստանի պետության դեմ աշխատելու հանձնարարական ունեցող սորոսական այդ ողջ «կոհորտան» երբ է գրանցվել, նախ՝ երկրորդական է: ՀՀ նախկին իշխանությունները վարել են հավասարակշռված արտաքին քաղաքականություն, համագործակցել թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի հետ, և ժողովրդավարական ընթացքի, այդ թվում՝ ԵԽ անդամակցության հետ շաղկապված համաձայնությունները հնարավորինս հարգել են: Այո՛, նաև նման խնդրահարույց կազմակերպությունների գործունեությունը առնվազն պաշտոնապես չի արգելվել: Բայց հարցը ոչ թե այդ է, այլ այն, որ սորոսական այդ «գիլդիան» հենց Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու հետ է հնարավորություն ստացել անմիջականորեն ներգրավվել Հայաստանի պետական համակարգում, ունենալ իրական ազդեցություն՝ որոշումների մշակման և ընդունման վրա, ներթափանցել անգամ ազգային անվտանգության համակարգ, իրավապահ-քննչական մարմիններ, օրենսդիր ու գործադիր մարմիններ, զբաղվել առանցքային օրենքների մշակմամբ և այլն:

Այսինքն, խնդիրն այն է, որ հակահայ և ռուսաստանատյաց Սորոսը՝ իր մանկլավիկների միջոցով, Նիկոլ Փաշինյանի «թավշյա իշխանափոխության» փայատեր է, շահառու և, գործնականում՝ համակառավարիչ: Սա՛ է խնդիրը, ոչ թե այն, թե որ թվին դրա սատանայական շոշափուկները ներթափանցեցին «Հայոց լիս աշխարհը»:

Ավելին, անձամբ Նիկոլ Փաշինյանը, տարիներ շարունակ, եղել է Հայաստանում հակառուսականության (Ռուսաստանի և հայ-ռուսական համագործակցության դեմ) գլխավոր «բանախոսներից» մեկը: Հիմնական «բարձրախոսը», եթե կարելի է այդպես ասել: Ո՞վ էր շարունակ խոսում այն մասին, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը կործանարար ու վնասակար է Հայաստանի համար, որ օր առաջ պետք է դուրս գալ այդ միությունից: Ո՞վ էր հայտարարում, թե «ապրիլյան պատերազմը» Ռուսաստանն է հրահրել և այլն, և այլն:

Կարևորն այն է, որ իր ամբողջ նախորդ գործունեությամբ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ արել է, որպեսզի նկատվի ու ընկալվի որպես ընդգծված հակառուսական, հայ-ռուսական համագործակցության դեմ տրամադրված գործիչ:

Ու ի՞նչ պիտի մտածեին Ռուսաստանի իշխող վերնախավում, երբ նման մեկը իրենց ռազմավարական դաշնակից Հայաստանում գալիս է իշխանության: Հավատալու են ոչ արարատյան կոկորդիլոսի արցունքների՞ն, թե՞ քծնաշողոմ ժպիտներին: Մոսկվան, որքան հայտնի է, արցունքներին չի հավատում: Այս դեպքում տեղին է ասել, որ Փաշինյանի ժպիտներին էլ չի հավատում:

Առավել ևս, երբ նույն այդ Փաշինյանը, առաջինն ինչ ձեռնարկում է որպես իշխանություն, հայ-ռուսական համագործակցության ու դրա որակական զարգացման գործում շոշափելի ներդրում ունեցած նախկին նախագահների, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի դեմ մտասևեռուն հետապնդումն է:

Վերը առկախված հարցի պատասխանը, կարծում ենք, ակնհայտ է: Նման գործչի հանդեպ, ինչպիսին է Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի արտաքին-քաղաքական առանցքային գործընկեր-պետության ղեկավարությունը վստահության հիմքեր չունի: Այո, Ռուսաստանի դաշնակիցը (համամիտ ենք Փաշինյանի ասածին) Հայաստանի Հանրապետությունն է, ոչ թե սոսկ այս կամ այն գործիչը: Բայց երբ դաշնակից երկրում իշխանության է գալիս մի գործիչ, որի մինչ այդ ծավալած գործունեությունը հենց այդ դաշինքը կամ համագործակցությունը խափանելուն էր նպատակաուղղված, ով էլ լինի, հետևություններ կանի: Առավել ևս, երբ տեսնում են, թե ինչպես են «սորոսականները» տրցակներով դասավորվում կառավարական, իշխանական օղակներում և ռուսաստանատյաց սուբյեկտներին իշխանության կողմից ինչ ասպարեզ և աջակցություն է ցուցաբերվում:

Հենց միայն այն փաստը, որ այս լարված օրերի ընթացքում Ռուսաստանի ղեկավար Պուտինը գոնե մեկ պրոտոկոլային զանգ չկատարեց ռազմավարական դաշնակից Հայաստանի գործող ղեկավարին, այնքան խոսուն է, որ նույնիսկ հավելյալ մեկնաբանության կարիք չկա:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը