Կարծիք

01.08.2020 11:19


Հայաստանի վրա հարձակվել են վաղուց, ընդորում` ներսից

Հայաստանի վրա հարձակվել են վաղուց, ընդորում` ներսից

Տարբեր լրատվամիջոցներում ու հարթակներում, կաբինետներում ու սրճարաններում քննարկվում է. հարևանները զորավարժություններ են անում, կհարձակվե՞ն Հայաստանի վրա, թե՞ ոչ: Ու տարբեր՝ ծայրահեղ ու իրարամերժ պատասխաններ են հնչում` հաճախ կշռադատված, ավելի հաճախ` ոչ:

Ու չենք նկատում կամ չենք ուզում նկատել, հասկանալ, որ Հայաստանի վրա հարձակվել են վաղուց: Ընդ որում` ներսից:

Ներսից են մեր բանակի ու առաջին հերթին սպայակազմի համատարած վարկաբեկման հետևողական փորձերը, ներսից են մեր ռազմական հաջողությունների անտեսման, նսեմացման կամ նույնիսկ մերժման փորձերը, ներսից ու շատ բարձր մակարդակով է տոտալ գրոհը ազգային արժեհամակարգի դեմ, ներսից ու բարձր մակարդակով է հարձակումը լեզվի, մշակույթի, պատմության, եկեղեցու, հավատքի դեմ, դպրոցական ծրագրերի մեջ Հայ ու Հայոց եզրույթների դեմ:

Բայց ամենակարևորը` հենց ներսից է մեզ պառակտող բաժանարար գծեր ստեղծելու, հային հայի դեմ հանելու, հայի բերանով հային հայհոյելու, հայի ձեռքով հայի գլուխը ջարդելու քաղաքականությունը: Եվ ներսից այդ հարձակումը գնալով նոր ռազմավարական «թիրախներ» է հստակեցնում, նոր կարևոր «դիրքեր ու հենակետեր» է գրավում, կամ փորձում գրավել:

Այդ հարձակումը սկսվել է վաղուց, բայց վերջին ամիսներին ստացել է համապարփակ տեսք` իսկական պատերազմ ազգայինի դեմ: Ու այդ «անտեսանելի պատերազմում» ռազմաճակատի գիծն անցնում է ազգայինի ու ապազգայինի, հաճախ էլ ազգայինի ու հակաազգայինի միջև։ Անշուշտ, այդ հարձակման մասնակիցների մեջ շատերը կան, որ չեն էլ գիտակցում, թե ինչ են անում և ում օգտին, բայց շատերն էլ հոյակապ գիտակցում են, թե ինչ են անում և ում օգտին: Ու քիչ չեն նաև դրա համար վճարվողները, տարաբնույթ անմեղ ու կրեատիվ անվանումներով «վարձկաններ» հավաքագրողները: Ներսից ու շատ կազմակերպված, ներսից ու շատ բարձր մակարդակով:
Իսկ մենք քննարկում ենք․ հարևանները Հայաստանի վրա կհարձակվե՞ն , թե՞ ոչ:

Սպարտակ Սեյրանյանի ֆեյկսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը