Կարծիք

01.08.2020 17:05


Շա՜տ մաքսիմալիստ ենք, է՜...

Շա՜տ մաքսիմալիստ ենք, է՜...

Բացի մաքսիմալիստ, ասել է թե` առավելապաշտ լինելուց, նաև ապերախտ ենք։ Չենք գնահատում հայրենի նորաբոլշևիկների` թավշյա խմբապետիկների «ռեֆորմատորական» անձնվեր աշխատանքը, որ տանում են Հայաստանի սորոսաթրքագլոբալիզացիոն ծրագրերը սահուն և անցնցում առաջ տանելու ուղղությամբ։

Օրինակ, հանիրավի դժգոհում ենք, որ թավշահեղափոխական նոր դասագրքերում հայ ժողովրդի պատմությունն սկսվում է Ուրարտուից, իսկ «նախաուրարտական» ժամանակահատվածի մասին որևէ խոսք չկա։

Կարող էին, չէ՞, հայոց պատմությունն սկսել այնտեղից, որտեղից այն, իշխող սահմանափակ պատասխանատվության ընկերության կարծիքով, «իրականում» սկսվել է։ Այսինքն` 2018թ. ապրիլից, որից առաջ, ինչպես գիտեք, ոչինչ չի եղել։ Իսկ եթե ինչ-որ բան, այնուամենայնիվ, եղել է, սխալ է եղել ու պատիվ չի բերում թավշահեղափոխված մեր ժողովրդին, պետությանը և պետականությանը։

Կարող էին կես բառ չգրել առաջին, երկրորդ, երրորդ հանրապետությունների մասին և մեր նորօրյա պատմությունն անմիջապես Նիկոլի թվի «նոր» Հայաստանից սկսել. էն, որ հանրապետության մեխի գլուխ նախագահը հպարտությամբ «չորրորդ հանրապետություն» էր անվանում։

Կարո՛ղ էին, բայց չեն արել։

Եվ ի՞նչ. փոխանակ թաքուն տեղ պար գանք, փառք տանք Աստծուն և շնորհակալություն հայտնենք մեր «ծուռ հայելիների թագավորության» ասողներին հայոց պատմության «ամոթալի էջերին» ըմբռնումով մոտենալու և թեկուզ հպանցիկ հիշատակելու համար, քննադատում ենք։

Համ էլ` ի՜նչ մի լուրջ ենք ընդունել էդ պատմություն առարկան։

Էդպես էլ չհասկացա՞նք, որ «պատմությունը կեղծ կատեգորիա է», և... մի մե՜ծ, երկա՜ր բացականչական նշան։

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը