Կարծիք

07.08.2020 15:28


Դիլետանտ իշխանությունների շնորհիվ 1000-ից ավելի զոհ ունենք

Դիլետանտ իշխանությունների շնորհիվ 1000-ից ավելի զոհ ունենք

Հազար զոհ` կորոնավիրուսից, և դա դեռ վերջակետը չէ, և ոչ մի մասնագետ չի կարող ասել, թե ինչքան է տևելու պատուհաս դարձած համավարակը: Ամենասկզբում, երբ Փաշինյան Նիկոլը աքլորանում էր, թե բա` արաղով ու պինցետով ենք հանելու կորոնավիրուսը, նա ըստ ամենևին չէր պատկերացնում դրա հետևանքները, այնպես ինչպես չէր պատկերացնում ոչ ներդրումների ծավալը, ոչ արցախյան հակամարտության լուծման բանաձևերը, ոչ ազգային անվտանգության հայեցակարգը, ոչ պետական կառավարման ձևերը, և ոչ էլ մեր պետության առաջ ծառացած մարտահրավերների լրջությունը:

Մարդն անտեղյակ էր, անտեղյակ է և անտեղյակ էլ երկիր է ղեկավարում կամ էլ ձևացնում է, թե ղեկավարում է: Այդ դիլետանտ, իմիտատորական գործելաոճի արդյունքում Հայաստանն աշխարհում համարվում է ամենաշատ վարակակիրներ ունեցող պետություններից մեկը: Նույնիսկ Բելառուսում, որտեղ ոչ մի համալիր կանխարգելիչ ծրագիր չիրականացվեց կորոնավիրուսի դեմ, վարակն այդքան չտարածվեց: Իսկ Վրաստանը, որի վրա չգիտես ինչու ծիծաղում էին իմքայլական պատգամավորները, առ այսօր տվել է ընդամենը 17 մահ:

Հարց է առաջանում ` ի՞նչ պետք է աներ ՀՀ գործող իշխանությունը, որ չարեց: Պատասխանը շատ պարզ է: Պետք էր դեռևս փետրվար ամսից անցնել ուժեղացված կարանտինի, մասնակի շրջափակել երկիրը: Դա, բնականաբար, որոշակի դժվարություններ կառաջացներ տնտեսության համար, բայց թույլ կտար խուսափել ներկա աղետալի և ողբերգական վիճակից: Ոչ կարանտինը նորմալ կազմակերպվեց, ոչ սահմանները ժամանակին փակվեցին, առաջին հիվանդներին էլ իշխանությունը ինքն իր ձեռքով բերեց Հայաստան Իրանից:
Երիցս սին և անհիմն են այն մեղադրանքները, թե իբր մեր ժողովուրդը անկազմակերպ է և անպատասխանատու:

Մեր տարածաշրջանում հայերը ամենակարգապահն են, և հակառակի մեջ նրանց մեղադրել` կնշանակի զբաղվել դատարկաբանությամբ: Սեփական սխալների ու հանցավոր անգործության դառը պտուղների մեղքը նիկոլականները թող անիմաստ չբարդեն ժողովրդի վրա:
Այսօր ունենք այն, ինչ ունենք: Պայքարը կորոնավիրուսի դեմ դարձել է ավելի հախուռն ու հուսահատ:

Առողջապահության նախարարության գործունեությունը զուտ ֆորմալ բնույթ է կրում, քանի որ փաստացի ժողովուրդը մատնված է Աստծո հույսին, և թե երբ կավարտվի այս ամենը` միայն Բարձրյալը գիտի:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը