Կարծիք

10.08.2020 17:31


100 տարի առաջ այս օրը ստորագրվեց Սևրի դաշնագիրը

100 տարի առաջ այս օրը ստորագրվեց Սևրի դաշնագիրը

Սևրում էր, որ Ցեղասպանությունից փրկված, գոյապայքարում հաղթած, սեփական անկախությունը վերակերտած, սով և համաճարակ հաղթահարող, քաղաքաներ և համալսարաններ կառուցող ազգը կարողացավ հասնել բացառիկ դիվանագիտական հաղթանակի։

Սևրի դաշնագիրը և Վիլսոնյան իրավարար վճիռը ո՛չ միայն կարևորագույն հանգրվան դարձան Հայաստանի նորանկախ հանրապետության միջազգային ճանաչման գործում, այլև մեր պահանջատիրության հիմքը դառնալով՝ ամրագրեցին հայ ժողովրդի անժամանցելի իրավունքները` հստակեցնելով հայ-թուրքական սահմանը։

Այս փաստաթղթերի վրա է խարսխված Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման և հայ ժողովրդին պատճառված անդառնալի կորուստների դիմաց արդար հատուցում ստանալու համար ամբողջ աշխարհում մղվող պայքարը։ Այս առումով էական նշանակություն ունի 2015 թ․ ընդունված «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրում» երկու միջազգային փաստաթղթերի՝ Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման հարցում ունեցած դերի և նշանակության շեշտադրումը։

Սեփական հայրենիքում մորթվող հայ ժողովրդի զավակները ոչինչ չխնայեցին՝ ջարդերից ընդամենը մի քանի տարի անց անկախ հայկական պետականություն կերտելու համար։

Խորհրդայնացվող հանրապետության նվիրյալները ոչինչ չխնայեցին՝ մի օր եռագույնը՝ որպես պետական դրոշ, նորի՛ց ծածանելու և «Մեր հայրենիքը»՝ որպես ազատատենչ հայ ժողովրդի վերանկախացած պետության հիմն, նորի՛ց հնչեցնելու համար։

Հայ դատի համար ողջակիզվողները զոհասեղանին դրեցին ամենը՝ մեր ազգային երազանքի մի կարևոր մասը իրականություն դարձնելու և հայ ժողովրդին ազատ, անկախ և միացյալ Հայաստանի երազանքին մոտեցնելու համար։

Դժվար էր, սակայն ոչինչ նրանց հետ չպահեց իրագործելու իրենց սրբազան պարտքը, որի արդյունքում այսօր ամենամոտն ենք կանգնած մեր ազգային երազանքին։

Ուրեմն՝ հանուն հայ ազգի հարատևման և հզորացման, պետք է հիշե՛լ հայ ժողովրդի անժամանցելի իրավունքների մասին, պայքարե՛լ հայ ժողովրդի անժամանցելի իրավունքների համար, վա՛ռ պահել մեր պայքարի ջահը, ամրապնդե՛լ այդ պայքարի իրավական հիմքերը, մինչև ազատատենչ հայ ժողվուրդը դրանք կօգտագործի ի պահանջյալ հարկի։

Սա է մե՛ր հայրենիքը, սրանք են մե՛ր արյունով գծված ու միջազգայնորեն ամրագրված սահմանները, սրանք են մե՛ր պապերի կառուցած քաղաքները, այստեղ է մե՛ր նախնիների կերտած ու նրանցից խլված հայկական ժառանգությունը, ուրեմն սա ի՛մ պայքարն է, սա քո՛ պայքարն է, սա հա՛յ ժողովրդի գոյապայքարն է, որը պսակվելու է հաղթանակով։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ

Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը