Աշխարհ

13.08.2020 20:40


Deutsche Welle-ն անդրադարձել է Գազայի հատվածի հայազգի լուսանկարչի արխիվին

Deutsche Welle-ն անդրադարձել է Գազայի հատվածի հայազգի լուսանկարչի արխիվին

Գերմանական հեղինակավոր Deutsche Welle լրատվամիջոցը հոդված է հրապարակել, որում անդրադարձել է Գազայի հատվածի հայազգի լուսանկարիչ Գեղամ Ջեղալյանի արխիվին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրատվամիջոցը նշում է, որ Ջեղալյանի լուսանկարներում ներկայացված է 1945-1970թթ. Գազան: «Kegham» լուսանկարչատունը նախորդ դարի կեսերին հայտնի էր ամբողջ Գազայում, իսկ Գեղամ Ջեղալյանը Գազայի հատվածի առաջին լուսանկարիչներից մեկն էր: 1945-1970թթ. նրա կողմից արված լուսանկարներում ներկայացված են 1959 թվականին Չե Գևարայի կատարած այցը, Եգիպտոսն ու Գազան միացնող երկաթուղային կայարանը, որն այլևս գոյություն չունի, և մի շարք այլ նշանակալի իրադարձություններ: Մարվան Թարազին կարողացել է պահպանել Ջեղալյանի արխիվի մի մասը, թեև «Kegham» լուսանկարչատունն այժմ փակ է:

«Լուսանկարների արխիվացումը հեշտ չէր, սակայն դրանք մեր ժառանգությունն են, մեր մշակույթը: Ահա, թե ինչն է ինձ համար այդքան կարևոր»,-ասել է Թարազին: Անահիտ Բութինը Գեղամ Ջեղալյանի ավագ դուստրն է: Նա այժմ բնակվում է Ֆրանսիայում, սակայն լավ է հիշում 1950-1960-ական թվականներին Գազայում անկացրած մանկությունը: «Դրանք երջանիկ ժամանակներ էին: Որպես հայ` մենք շատ ցանկալի հյուրեր էինք Գազայում: Լավ կլիներ պահպանել պատմությունը, այս լուսանկարները արտացոլում են Գազայի բուռն ու զգացմունքային պատմությունը»,- նշել է Անահիտը:

Այս խորագրի վերջին նյութերը