Մեկնաբանություն

25.08.2020 12:29


Պետությունը կորցնելու բելառուսական տարբերակը

Պետությունը կորցնելու բելառուսական տարբերակը

Բելառուսում ողբերգական իրադարձություններ են տեղի ունենում։ Քաղաքական զարգացումների բոլոր տարբերակներն էլ վատն են և այդ զարգացումներից հետո Բելառուսը կորուստներ է գրանցելու։

Կորուստներն արդեն իսկ կան։ Խոսքն ինքնիշխանության կորստի մասին է։

Ընդդիմության առաջնորդ «խոհարարուհին» փախավ Լիտվա և շփոթված կոչ արեց բելառուսներին ցրվել տներով։ Հետո նրան այնտեղ «մշակեցին» և նա դարձավ «պայքարիստ»։ Բայց շարունակում է մնալ Լիտվայում և կարդալ այն, ինչ կհրամցնեն լեհ կամ լիտվացի սփիչռայթերները։ Այդ ընթացքում մարդիկ են զոհվում և վիրավորվում, բայց բելառուսական ընդդիմության առաջնորդը Լիտվայում փակվել է ճիշտ այնպես, ինչպես հայկական ընդդիմության առաջնորդը 2008թ․ մարտի 1–ին։

Բելառուսական իշխանությունն էլ մի հալի չէ։ Ընդամենն օրեր առաջ Լուկաշենկոն իրեն զգում էր Բելառուսի ալֆան և օմեգան։ Ընդամենն օրեր առաջ Բելառուսի «Բածկան» արտաքին քաղաքական խաղեր էր տալիս։ Այսօր Լուկաշենկոն ավտոմատը ձեռքին ծիծաղելի կերպար է դարձել։ Նա հայտարարում է, որ կմեռնի, բայց Բելառուսը չի հանձնի, նկատի ունի՝ իր իշխանությունը։ Ռուսաստանին «ատամ» ցույց տվող Լուկաշենկոն այսօր ձգտում է Մոսկվայի աջակցությամբ իշխանություն պահել։

Եվ այսպես, ստացվում է, որ Բելառուսում ընդդիմության առաջնորդը ձգտում է իշխանության գալ Արևմուտքի օգնությամբ, ավելի ճիշտ՝ ընդդիմության առաջնորդ նշանակված Տիխանովսկայային Արևմուտքն ուզում է իշխանության բերել, իսկ Լուկաշենկոն ձգտում է աթոռը պահել Կրեմլի օգնությամբ։ Բայց երկուսն էլ բելառուսներին կերակրում են «ինքնիշխանություն» կոչվածով։

Բելառուսներին, փաստորեն, ընտրություն չեն թողել։ Ավելի ճիշտ՝ բելառուսներն իրենք իրենց զրկել են ընտրության հնարավորությունից։ Ընտրությունը վատի ու ավելի վատի, չարյաց մեծի ու մեծագույնի միջև է։ Իսկ նման դեպքերում ժողովուրդները, որպես կանոն, ընտրում են վատագույն տարբերակը։

Մենք հիմա հետևում ենք պետությունը կորցնելու բելառուսական տարբերակին՝ մասնակիցը լինելով դրա հայկական տարբերակին և հույս ունենալով, որ դա մեզ հետ չի պատահի։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը