Կարծիք

31.08.2020 12:45


Գարշահոտություն, հակասանիտարական, անմարդկային վիճակ, մրոտ և աղբի մեջ թավալվող երեխաներ, որոնք ձայներ են արտաբերում, բայց ոչ խոսել են կարողանում, ոչ էլ հասկանում են դիմացինի ասածը, իսկ պաշտոնյաները սեփական անգործությունն են արդարացնում

Գարշահոտություն, հակասանիտարական, անմարդկային վիճակ, մրոտ և աղբի մեջ թավալվող երեխաներ, որոնք ձայներ են արտաբերում, բայց ոչ խոսել են կարողանում, ոչ էլ հասկանում են դիմացինի ասածը, իսկ պաշտոնյաները սեփական անգործությունն են արդարացնում

Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում կատարվածը մեծ աղմուկ բարձրացրեց։ Շատերը խոսեցին, քչերը հասկացան ու գործի անցան անգործ վարպետները։

《Կիսաբաց լուսամուտները》 ընտանիքի մասին պատմել էր 4 ամիս առաջ։ Տեղյակ էինք պահել բոլորին, ովքեր այսօր կարող են ասել, թե չգիտեին համայնքում, մարզում այդ ընտանիքի գոյության մասին։ Աղմկոտ, շատերի համար տհաճ տեսարաններ պարունակող հաղորդումը մնաց անարձագանք` իրավասու անձանց կողմից։ Եղավ այն ինչ արդեն կա։

Պատմեմ մի ուրիշ ընտանիքի մասին։ Կրկին Տավուշի մարզ, այս անգամ Իջեւան քաղաք։ Քաղաքի վերջում, խուլ, կտրված մի աղբանոցում է գտնվում Ջուլհակյանների տնակը։ Ընտանիքի մասին 《Կիսաբաց լուսամուտներ》-ը հաղորդում է պատրաստել 28.06.2019 թ-ին, թողարկումը կոչվում է 《Անտեսված կողմում》։ Ջուլհակյաններն ունեն արդեն 5 երեխա, ընտանիքում մեղմ ասած առկա են լուրջ մտավոր խնդիրներ։ Երեխաները վայրենացած են, կենդանացած։ Չունեն տարրական կենցաղավարության, ինքնասպասարկում, իսկ դաստիարակության և կրթության մասին խոսելն ավելորդ է։ Թվում էր սա այն եթերներից էր, որ չէր կարող անարձագանք մնալ և չինովնիկն իր փափուկ աթոռից կպոկեր հետույքն ու գոնե այց կկատարեր տեսնելու համար 《էդ հաղորդումը շոույա, թե չէ...》կամ 《արա ուրդուց եք գտել դրանց》։ Բայց... անցավ մի տարի։

Տավուշի մարզում ապրիլ ամսին օգնություն էինք բաժանում։ Ցուցակում, բազմաթիվ անապահով ընտանիքների շարքում կար նաև Ջուլհակյանների ընտանիքը։ Այցելեցինք... այն ինչ տեսել ենք, փոխանցելն անհնար է։ Գարշահոտություն, հակասանիտարական, անմարդկային վիճակ, մրոտ և աղբի մեջ թավալվող երեխաներ, որոնք ձայներ են արտաբերում, բայց ոչ խոսել են կարողանում, ոչ էլ հասկանում են դիմացինի ասածը։ Վերադառնալով Երևան որոշեցինք մեկ անգամ ևս պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել ընտանիքի կողմը։ Նամակ ուղարկեցինք Տավուշի մարզպետին և Իջևանի քաղաքապետին, հասկանալու համար թողարկումից հետո ի՞նչ քայլեր են կատարվել, այցելե՞լ են արդյոք, տեղյա՞կ են ընտանիքում տիրող վիճակի մասին։

Նամակի պատասխանը ապշեցնող էր։ Մարզպետն ու քաղաքապետը իրարից արտագրելով բառացի նույն պատասխանն էին ուղարկել` ամեն մեկն իր անունից, բայց սա չի էականը։ Կարևորը այն էր, որ երկուսն էլ հավաստում էին, թե տեղյակ են ընտանիքից, երեխաներից ու ընտանիքի անկենցաղ առօրյայից։

Հա մեկ էլ ասեմ, որ իբրև սեփական անգործության արդարացում երկուսն էլ ակտիվ հաշվել էին ընտանիքի ֆինանսական հոսքերը, ցանկանալով ցույց տալ, թե ընտանիքն անապահով չէ` մոռանալով, որ անապահով լինում են ոչ միայն ֆինանսապես, այլ նաև մտքով, հոգով ու տեսակով։ Ինչևէ այդ պատասխանն էլ հրապարակայնացվեց 《Կիսաբաց լուսամուտներ》-ի ամփոփիչ թողարկման ժամանակ, բայց երեխաները շարունակում են ապրել` նույն վայրում, նույն պայմաններում։

Հ.Գ. Եվ այսպես կարող եմ պատմել Օշականում ապրող 《Կեղծիքից արդարություն》թողարկման մասնակից Շահբազյան ընտանիքի մասին, Լուսակնում ապրող 《Վերջնակետում》թողարկման մասնակից Մկրտչյանների ընտանիքի մասին։ Նրանք շատ են, նրանք բոլորը ունեն մեր գործի և ոչ էկրանից այն կող հնչող կարեկցանքի կամ քննադատական խոսքերի կարիքը։

Երվանդ Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը