Մեկնաբանություն

20.09.2020 12:09


Ալիևը բացահայտեց, թե ինչ են պայմանավորվել Փաշինյանի հետ «վերելակում»

Ալիևը բացահայտեց, թե ինչ են պայմանավորվել Փաշինյանի հետ «վերելակում»

Ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացահայտել է, թե ինչ է պայմանավորվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Ըստ Ալիևի՝ Փաշինյանը «վերելակում» իրենից ժամանակ է խնդրել, որպեսզի ներքաղաքական կյանքում ամրապնդի իր դիրքերը՝ փոխարենը խոստանալով «հայ ժողովրդին պատրաստել խաղաղության» և գտնել այնպիսի լուծում, որ «կվաբարարի նաև Ադրբեջանի ժողովրդին»։ Այլ կերպ ասած՝ Նիկոլն Իլհամից ժամանակ է խնդրել և իշխանություն մուրացել։

Նիկոլը «վերալակում» նաև հրադադարի մասին է պայմանավորվել Ալիևի հետ՝ մի կողմ դնելով Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունները՝ շփման գծում մոնիտորինգ իրականացնելու մասին։

Ասել, որ Ալիևը սենսացիոն բան է հայտարարել, սխալ կլինի, քանզի մինչև նրա ասելն էլ ամեն ինչ շատ պարզ երևում էր, և այդ մասին վաղուց ենք խոսել։

Դուշանբեից հետո ակնհայտ էր, որ հանուն սեփական աթոռի՝ Նիկոլ Փաշինյանը մեր երկրի շահերը, բանակցային առավելությունները զրոյացնում է։ Նրան պետք էր, որ կարճաժամկետում էֆեկտ ստանար, թե բա տեսեք, ես պայմանավորվեցի ու դրա համար էլ չեն կրակում շփման գծում։ Ալիևի հետ նրա պայմանավորվածությունից հետո, իրոք, սկսեցին քիչ կրակել, բայց կողմերը տարբեր կերպ օգտագործեցին այդ փուլը։ Ադրբեջանը հրադադարն օգտագործեց սահմանի վրա ինժիներական աշխատանքներ իրականացնելու, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ սեփական աթոռը պահելու և պոպուլիզմի համար։ Սա երևում էր առանց Իլհամի ասելու։ Պարզապես Ադրբեջանի նախագահը երեկ բացահայտեց բացահայտվածը։ Իսկ դա նշանակում է, որ կողմերն այլևս գաղտնիք չունեն և մեծ հաշվով բանակցելու բան չունեն։

Ալիևը բացահայտեց Նիկոլի հետ պայմանավորվածությունները, որովհետև հող է նախապատրաստում պատերազմի համար։ Վտանգավորն այն է, որ բանակցությունները տապալողի դերը ստանձնել է պաշտոնական Երևանը։

Ի դեպ, օրերս ադրբեջանական լրատվամիջոցները կեղծ լուր տարածեցին այն մասին, թե, իբր, քուրդ գրոհայիններ են եկել Ղարաբաղ։ Դա էլ արվում է Թուրքիայի միջամտությունը «լեգիտիմացնելու» համար։ Այս ամենի ֆոնին Նիկոլ Փաշինյանի ներկա գործունեությունը պարզապես անհամարժեք է մեր շուրջ տեղի ունեցող զարգացումներին։ Մենք պատերազմի նախաշեմին ենք՝ անմեղսունակ, անգրագետ և անպետք ղեկավարության առկայությամբ։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը