Քաղաքական

21.09.2020 10:45


Մեր վճռականությունը՝ շարունակելու խաղաղ և բանակցային գործընթացը, երբեք չի նվազել. խաղաղ գործընթացն այլընտրանք չունի. Զոհրաբ Մնացականյան

Մեր վճռականությունը՝ շարունակելու խաղաղ և բանակցային գործընթացը, երբեք չի նվազել. խաղաղ գործընթացն այլընտրանք չունի. Զոհրաբ Մնացականյան

Հայաստանը շատ հետևողական է եղել իր մոտեցումներում, մենք առավել քան հստակ ընդգծել ենք, որ խաղաղ գործընթացն այլընտրանք չունի, որ կարգավորումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարներին կոչ է արել վերադառնալ առանց նախապայմանների բանակցության:

«Այդ ամենը մենք ասում ենք բացարձակ այն ինքնավստահության վրա, որ Հայաստանը և Արցախը ամբողջովին հզոր են՝ պաշտպանելու իրենց շահերը, սահմանները, և այդ առումով մենք մնում ենք բացարձակ հավատարիմ խաղաղ կարգավորմանը: Այդ տրամաբանության մեջ է, որ մենք առավել քան պատրաստ ենք եղել և մնում խաղաղ գործընթացի շարունակությանը և շարունակելու այն աշխատանքը, որը մենք կատարել ենք այս ամբողջ շրջանում»,-ասաց նախարարը:

Նա նշեց՝ իր և Ադրբեջանի ԱԳ նախարարի վերջին հանդիպումը հունվարին էր, որին հաջորդեց համավարակը. «Բայց մեր վճռականությունը՝ շարունակելու խաղաղ և բանակցային գործընթացը, երբեք չի նվազել»։

Հարցին՝ հեռախոսազրույցից հետո կա՞ հստակություն՝ բանակցությունների սեղան վերադառնալու առումով, ԱԳ նախարարը պատասխանեց. «Մեր կողմից կա հստակություն: Մենք պատրաստ ենք շատ արագ դա անել: Հիմա խորհրդակցում ենք համանախագահների հետ, և կկարողանանք պայմանավորվել և անմիջապես կհայտարարենք դրա մասին»:

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե հայկական կողմը ձախողել է բանակցությունները, Մնացականյանն արձագանքեց, թե չի ուզում որևէ կերպ մեկնաբանել այդ հայտարարությունը.

«Այն հուզական էր, և կթողնեմ առանց մեկնաբանության»:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը