Քաղաքական

24.09.2020 09:10


Թուրքիայի կողմից ՀՀ-ի միջնադարյան շրջափակումը ոտնահարում է միջազգային համաձայնագրերը. ՀՀ ԱԳ նախարար (տեսանյութ)

Թուրքիայի կողմից ՀՀ-ի միջնադարյան շրջափակումը ոտնահարում է միջազգային համաձայնագրերը. ՀՀ ԱԳ նախարար (տեսանյութ)

Երեք տասնամյակ շարունակ Թուրքիան մերժում է Հայաստանի՝ դեպի ծով ելք ունենալու իրավունքը` փակելով ցամաքային սահմանը: Այս միջնադարյան շրջափակումը չի կարող արդարացվել ո՛չ բանականության և ո՛չ էլ միջազգային իրավունքի տեսանկյունից, քանի որ այն ուղղակիորեն ոտնահարում է ոչ միայն համապատասխան միջազգային կոնվենցիան, սովորութային իրավունքը, այլև միջազգային համաձայնագրերը: Այս մասին նշել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ սեպտեմբերի 23-ին ելույթ ունենալով դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների խմբի՝ «Համագործակցություն ուղղված Վիեննայի գործողությունների ծրագրի և դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների կայուն զարգացման նպատակների արագ իրականացմանը» թեմայով նախարարական առցանց հանդիպմանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպմանը, որը նախագահել է Ղազախստանի ԱԳ նախարար Մուխտար Թլեուբերդին, մասնակցել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի նախագահ Վոլկան Բոզկիրը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող զարգացող և փոքր կղզի զարգացող երկրների հարցերով ՄԱԿ-ի բարձր հանձնակատար Ֆեկիտամոելոա Կատոա Ուտոյկամանուին և շուրջ երկու տասնյակ երկրների ԱԳ նախարարներ ու միջազգային կազմակերպությունների ղեկավարներ:

Իր խոսքում նախարար Մնացականյանը շնորհակալություն է հայտնել իր ղազախ գործընկեր Մուխտար Թլեուբերդիին ՄԱԿ-ի դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների խմբում Ղազախստանի արդյունավետ նախագահության և այդ շատ կարևոր օրակարգի առաջմղման գործում գործադրված ջանքերի համար: Նախարարը նաև խորին երախտագիտություն է հայտնել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ դեպի ծով ելք չունեցող զարգացող պետություններին շարունակական աջակցության և վերջիններիս առնչվող հարցերը մշտապես բարձրաձայնելու համար:

ԱԳ նախարար Մնացականյանն իր ելույթում անդրադարձ է կատարել նոր տիպի կորոնավիրուսային համավարակի պայմաններում դեպի ծով ելք չունեցող երկրների առջև ծառացած նոր մարտահրավերներին՝ նշելով, որ համաշխարհային արգելափակման միջոցառումների շրջանակներում դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրներն առերեսվեցին կայուն և ներառական աճի ավելի մեծ սահմանափակումների: Վերջիններիս հասցեագրման և դեպի ծով ելք չունեցող երկրների համար համավարակի հետևանքների մեղմացման շուրջ միջազգային համագործակցության համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է Վիեննայի գործողությունների ծրագիրը և դրա արագացված կիրարկման ճանապարհային քարտեզի մեկնարկը:

«Համաշխարհային վայրիվերումների, մեծ դժվարությունների, տագնապների և վախերի այս տարում միջազգային հանրությունն ունի պատմական հնարավորություն` հիմք դնելու իմաստալից փոփոխությունների և լավագույնս վերականգնվելու: Նոր տիպի կորոնավիրուսային համավարակի հարուցած ռիսկերն ի ցույց դրեցին, որ արձագանքման և վերականգնման ջանքերի արդյունավետության համար հարկավոր է կենտրոնանալ անհավասարության, խտրականության և ներառականության պակասի հաղթահարման վրա, այլապես հավանական է, որ այդ բացերն առավել կխորանան: Կարևոր է, որ համավարակի պատճառած վնասների հետ մեկտեղ մենք հասցեագրենք նաև զարգացման ճանապարհին նախկինում առկա խոչընդոտները. շրջափակումները և միակողմանի հարկադրանքի միջոցները աղետալի են կայուն զարգացման համար և հակասում են արձագանքման ու վերականգնման ուղղությամբ ներդրված ջանքերին: Նրանք խարխլում են ոչ միայն տարածաշրջանային զարգացումը, այլև խաղաղությունը և անվտանգությունը:

Երեք տասնամյակ շարունակ Թուրքիան մերժում է Հայաստանի՝ դեպի ծով ելք ունենալու իրավունքը` փակելով ցամաքային սահմանը: Այս միջնադարյան շրջափակումը չի կարող արդարացվել ո՛չ բանականության և ո՛չ էլ միջազգային իրավունքի տեսանկյունից, քանի որ այն ուղղակիորեն ոտնահարում է ոչ միայն համապատասխան միջազգային կոնվենցիան, սովորութային իրավունքը, այլև միջազգային համաձայնագրերը:

Հայաստանը լիովին հավատարիմ է արդյունավետ բազմակողմ համագործակցությանը՝ ուղղված գլոբալ, միջազգային և տարածաշրջանային զարգացմանը: Մենք շարունակում ենք դեպի ծով ելք չունեցող և տարանցիկ երկրների միջև ներառական համագործակցությունը դիտարկել որպես հիմնական նախապայման մարդկանց, ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժի քաղաքական խոչընդոտների վերացման, բոլոր ժողովուրդների տնտեսական ու սոցիալական և այլ իրավունքների արդյունավետ իրականացման համար: Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, գենդերային հավասարության ու ներառականության խթանումը, ինչպես նաև ժողովրդավարական արժեքների ամրապնդումը Հայաստանի համար գերակայություններ են՝ հիմնված այն ընկալման վրա, որ մարդու իրավունքները համընդհանուր են աշխարհի բոլոր մասերի, բոլոր ժողովուրդների և անհատների համար` անկախ բնակության վայրից կամ կարգավիճակից:

Մարդու իրավունքների վրա հիմնված և մարդակենտրոն մոտեցման ապահովումը շարունակում է գերակա տեղ զբաղեցնել արձագանքման և վերականգնման ջանքերում, և Հայաստանը լիովին հանձնառու է դրան: Մարդկային ռեսուրսի ամրապնդումը և ազգային տաղանդի ընկալումը` որպես խելացի զարգացման շարժող ուժ սահմանում է Հայաստանի բարեփոխումների և վերականգնման օրակարգի էությունը, որում հատուկ շեշտադրվում են տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները, նորարարության խթանումը և ՏՀՏ ոլորտի զարգացումը: Վերջիններս կարևորվում են որպես արդյունավետ գործիք ծախսերի նվազեցման և արտաքին շուկաներ մուտքի դյուրացման համար՝ այդպիսով նպաստելով արտաքին առևտրի աճին»,-նշել է ՀՀ ԱԳ նախարարը:

Եզրափակելով ելույթը՝ Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը արդյունավետ բազմակողմ համագործակցությանը՝ ի աջակցություն Վիեննայի գործողությունների ծրագրի և վերջինիս արագացված կիրարկման ճանապարհային քարտեզի վեց առաջնային ոլորտների:

Այս խորագրի վերջին նյութերը