Լրահոս

20.04.2011 11:10


Թոնի Այոմին («Black Sabbath») Հայաստան գալու մեծ հույսեր ունի

Թոնի Այոմին («Black Sabbath») Հայաստան գալու մեծ հույսեր ունի

Մայիսի 6-ին գերմանական «earMUSIC/Edel» ընկերությունը կթողարկի «Who Cares» խմբի սինգլը, որը Յան Գիլանը («Deep Purple») և Թոնի Այոմին («Black Sabbath», «Heaven and Hell») ստեղծել են Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերականգնման նպատակով:

Սինգլի թողարկման նախաշեմին Թոնի Այոմին պատասխանել է «Մեդիամաքս» գործակալության հարցերին:

-«WhoCares»-ը դարձավ Յան Գիլանի հետ ձեր համատեղ աշխատանքի  առաջին փորձը 1983 թվականից հետո, երբ նա մեկ տարով դարձավ «Black Sabbath»-ի անդամ: Ինչպիսի՞ն էր այս նոր համագործակցությունը և արդյո՞ք զուգահեռներ անցկացրել եք առաջին և երկրորդ փորձերի միջև: -Նոր փորձն ավելի լավն էր, քանի որ մենք աշխատում էինք կողք կողքի նստած, Յանը եկել էր իմ տուն: Իսկ 1983 թվականին «Born Again» ալբոմի ձայնագրման ընթացքում մենք սկզբից ձայնագրեցինք բոլոր գործիքային հատվածները, այնուհետեւ Յանը ձայնագրեց իր վոկալը: Այս անգամ մենք ավելի սերտ էինք համագործակցում, և ես բավականություն էի ստանում նրա հետ ընկերակցությունից:

-Դուք գրեցիք «Out of My Mind» երգը 2009թ. հոկտեմբերին Հայաստանից վերադառնալուց անմիջապես հետո: Ինչպե՞ս էր դա տեղի ունենում:

-Ես մտածեցի րիֆը (riff), որն, իմ կարծիքով, պետք է դուր գար Յանին: Նա հավանեց այն,  հետո մենք աշխատում էինք միասին` երգն ամբողջությամբ «կառուցելու» համար: Բառերը գրել է Յանը, այնպես որ բոլոր հարցերն ուղղեք նրան (ժպտում է):

-Պատմեք, թե ինչպե՞ս էր անցնում ձայնագրությունը լոնդոնյան «Sarm Studios»-ում 2010 թվականի հոկտեմբերին, որը միավորեց այնպիսի աստղերի, ինչպիսիք են դուք, Յան Գիլանը, Ջոն Լորդը և Նիկո ՄաքԲրեյնը: -Ահավոր էր (ծիծաղում է): Իրականում, դա շատ ուրախ օր էր` չափազանց դրական և ոգևորիչ մթնոլորտով:

-Ձեր դստեր ամուսինը` Լինդե Լինդստրյոմը «HIM» խմբից, նույնպես մասնակցեց «Out Of My Mind» երգի ձայնագրությանը` կատարելով գեղեցիկ սոլո: Ինչպե՞ս էր ընթանում աշխատանքը սեփական փեսայի հետ, դուք նրան որևէ բան խորհուրդ տվե՞լ եք ձայնագրության ժամանակ:

- Լինդեն ինքը որոշեց, թե ինչ պետք է նվագի: Ես միայն ասացի նրան, թե երբ պետք է սկսվի նրա սոլոն: Նա ձայնագրեց իր մասն իմ ստուդիայում:

-Դուք Յան Գիլանի հետ ստեղծել եք «WhoCares»-ը` Գյումրիում երաժշտական դպրոցի շինարարության համար միջոցներ հավաքելու նպատակով: Ըստ ծրագրի, դպրոցը պետք է պատրաստ լինի հաջորդ գարնանը. դուք կգա՞ք Հայաստան, որպեսզի տեսնեք այն:

-Անշուշտ, ես մեծ հույսեր ունեմ:

Այս խորագրի վերջին նյութերը