Կարծիք

10.10.2020 23:31


Ինձանից պահանջում էին ջնջել մի գրառում, որը ես մինչև մեր բնակարան ոստիկանների գալը վաղուց արդեն ջնջել էի իմ էջից

Ինձանից պահանջում էին ջնջել մի գրառում, որը ես մինչև մեր բնակարան ոստիկանների գալը վաղուց արդեն ջնջել էի իմ էջից
Ոստիկանություն պարզապես զրույցի հրավիրելն արդեն բաժնում անմիջապես վերածվեց վարչական պատասխանատվության ենթարկելու արձանագրություն կազմելու։ Բայց ամեն ինչ սկզբից։
Նախ մեր բնակարան այցելեցին տարածքային ոստիկանները, բավականին հարգալից ներկայացրեցին խնդրանքը՝ ֆեյսբուքյան իմ էջից հեռացնել գրառումը։ Թե որ գրառման մասին էր խոսքը, իրենք էլ տեղյակ չէին։ Պատրաստակամություն հայտնեցի ջնջել, միայն թե խնդրեցի տեղեկացնել՝ կոնկրետ որ գրառման մասին է։ Լրացուցիչ զանգից հետո նոր միայն պարզեցին։
Իսկ հիմա ուշադրություն, այստեղ գալիս է այս պատմության ամենաաբսուրդային մասը։ Ինձանից պահանջում էին ջնջել մի գրառում, որը ես մինչև մեր բնակարան ոստիկանների գալը վաղուց արդեն ջնջել էի իմ էջից (7or.am կայքի հոդվածն էր, որի վերնագրում վրիպակ էր սպրդել, ինչի պատճառով էջումս կիսվելուց շուրջ երկու րոպե հետո հեռացրել էի)։ Փաստորեն, ինձ ասում էին ջնջել մի բան, որը ես մեծագույն ցանկության դեպքում անգամ չէի կարող։ Ոստիկանները տեղյակ չէին նաև, թե ես ով եմ, որ կայքի խմբագիրն եմ՝ միայն տեղում պարզեցին։ Իսկ ողջ ընթացքում հեռախոսով անընդհատ կապի մեջ էին ենթադրաբար իրենց վերադասի հետ։ Այս ամենից հետո նրանք կրկին բավականին հարգալից կերպով հրաժեշտ տվեցին և հեռացան։
Թվում էր, թե այստեղ պատմությունը պիտի ավարտվի, բայց ոչ․․․ հինգ րոպե անց, ենթադրաբար վերադասին զեկուցելուց հետո, թե ով եմ, որ կայքի խմբագիրն եմ և ինչ դիրքորոշում ունեմ գործող իշխանությունների մասին, այդ նույն ոստիկանները կրկին թակեցին մեր դուռն ու արդեն վերադասի հանձնարարությամբ ինձ հրավիրեցին ոստիկանության բաժանմունք։ Պահանջիցս հետո, որ ծանուցագիր ներկայացնեն, ասվեց՝ ծանուցագրի խնդիր չկա, պարզապես շատ կարճ զրույց է լինելու։ Չմերժեցի, գնացինք ոստիկանություն, և արդեն այնտեղ պարզվեց, որ ինձ որոշվել է ենթարկել վարչական պատասխանատվության, բայց թե կոնկրետ որ արարքի համար և կոնկրետ որ կետով, դեռ երկար պիտի տեղում ճշտեին՝ տարբեր զանգեր կատարելով։ Վերջապես որոշվեց՝ «Ֆեյսբուք սոցիալական կայքով կատարել է հրապարակում, որը կասկածի տակ է դրել ՀՀ կառավարության 27․0․202 թիվ 1586-Ն որոշման 9․1 մասի պահանջները, ինչն էլ առաջացնում է պատասխանատվություն ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182․5 հոդվածի 6-րդ մասի հատկանիշներով»։
Բացատրություններ տալուց հրաժարվել եմ, ներկայացրել եմ իմ հիմնավոր առարկությունները, իսկ Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կվիճարկեմ դատարանում։
Ցավալին մի բան է, որ երկրի համար այս առանց այդ էլ լարված ու ճակատագրական ժամանակաշրջանում իրավասու մարմինների ռեսուրսներն ընդդիմախոսներին լռեցնելու համար են ծախսվում։ Ուշագրավ է նաև, որ Հայաստանի ու Արցախի անվտանգության դեմ ուղղված հայտնի օգտատերերի ու լրատվամիջոցների կեղտոտ հրապարակումների հետ կապված որևէ խնդիր չի տեսնում իշխանությունը։ Սա արձանագրենք պատմության համար, իսկ ենթադրություններն ամեն մեկն արդեն կարող է իր համար անել։
Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը