Կարծիք

14.10.2020 14:17


Պատմությունից ճիշտ դասեր քաղելը պարտադիր է բոլոր ժամանակներում և պետք չէ անընդհատ ուտոպիաների մեջ դեգերել ու էքսպերիմենտներ անել այս մի բուռ հողի ու ազգի հաշվին

Պատմությունից ճիշտ դասեր քաղելը պարտադիր է բոլոր ժամանակներում և պետք չէ անընդհատ ուտոպիաների մեջ դեգերել ու էքսպերիմենտներ անել այս մի բուռ հողի ու ազգի հաշվին
Պատերազմական գործողությունների ընթացքում արդեն որերորդ անգամ հանդիպում եմ հայ-թուրքական բանակցություններ սկսելու թեզին: Այդպիսի բանակցությունների հնարավորությունը փորձ է արվում արդարացնել այն հանգամանքով, որ եթե փաստացի կռվում ենք Թուրքիայի դեմ, ուրեմն նրա հետ էլ պետք է բանակցենք: Բերվում են պատմական ինչ-ինչ զուգահեռներ, արհեստականորեն ներմուծվում են ինչ-որ տրամաբանություններ և այլն:
Չեմ բացառում, որ այս մտահաղացման հեղինակը ազնիվ է իր մոտեցումներում իր համոզմունքների և գիտելիքների ելակետից: Բայց չի ներկայացվում, թե ինչի՞ շուրջ պետք է բանակցել, ո՞րն է այդ բանակցության նպատակահարմարությունը, հեռանկարն ու օգտակարությունը կամ օգտակար գործողության գործակիցը: Հայ-թուրքական որոշակի գործակցություն առևտրային և տնտեսական ոլորտում վաղուց կա, բայց դա այդպես էլ չի վերաճել քաղաքական հարաբերությունների: Քաղաքական հարաբերությունների մի անփառունակ փորձ ունեցանք, որի արդյունքում Թուրքիան հնարավորություն ստացավ նախապայմաններ թելադրել և առավել կոշտ դիրքորոշում ցուցաբերել Ցեղասպանության ճանաչման և արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցերում: Նույնիսկ մի քանի օր առաջ Մոսկվայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը «խոյահարվեց» նույն Թուրքիայի կողմից: Արդյո՞ք պատմության այս նորագույն օրինակները հայ-թուրքական երկխոսությունից և նույնիսկ բանակցություններից ինչ-որակնկալիք են թողնում այդ գաղափարի ջատագովներին: Դրանց մասին խոսում եմ հոգնակի թվով, որովհետև հիամա դեռ մեկ-երկուսն են այդ թեզը շրջանառում, բայց այդ եզակիները որոշակի խմբի սոսկ բանախոսներն ու հասարակական տրամադրությունների «հետախույզներն» են:
Իրականում Թուրքիան ցանկություն չունի մեզ նույնիսկ լսելու, որովհետև մենք նրա համար գործոն չենք: Եթե նրա զինուժն ու տեխնիկան հիմա Արցախում կռվում են մեր զորքերի դեմ, դա դեռ չի նշանակում, որ Թուրքիան կռվում է Հայաստանի դեմ: Նրա գոռոզության բարձրունքից Հայաստանն ընդամենը մի թատերաբեմ է, որտեղ ցանկանում է հաշիվ ներկայացնել տարածաշրջանի իր առավել հզոր մրցակիցներին՝ Ռուսաստանին և Իրանին: Այո, հայկական զինուժը հիմա որոշիչ ուժ է, այն թանկագին կյանքերի շնորհիվ մեր ժողովրդին փրկում է նո ցեղասպանության վտանգից, բայց այդ ցեղասպանություն տենչողը նույն Թուրքիան է,այն Թուրքիան, որը հայերին բնաջնջում է իր պանօսմանական նկրտումների համար: Իսկ նրա պանօսմանական դեգերումների ճանապարհին ամենամեծ խոչնդոտը ոչ թե Հայաստանը կամ Արցախն են, այլ Ռուսաստանն ու Իրանը: Նրանց հետ իր հաշիվները պարզելուց հետո կրկին հերթը մեզ է հասնելու, բայց արդեն չենք ունենալու մեր դաշնակիցների աջակցությունը, որովհետև հիմա ինչ-որ սեպարատ բաներ ենք մտմտում:
Պատմությունից ճիշտ դասեր քաղելը պարտադիր է բոլոր ժամանակներում և պետք չէ անընդհատ ուտոպիաների մեջ դեգերել ու էքսպերիմենտներ անել այս մի բուռ հողի ու ազգի հաշվին:
Էդուարդ Սարիբեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը