Աշխարհ

14.10.2020 20:18


«Ողջունում ենք ցանկացած նախաձեռնություն, որը վերջ կտա Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմին ու հրադադար կհաստատի». Իրանի կառավարության խոսնակ

«Ողջունում ենք ցանկացած նախաձեռնություն, որը վերջ կտա Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմին ու հրադադար կհաստատի». Իրանի կառավարության խոսնակ

Իրանը ողջունում է ցանկացած քայլը, որը կլուծի Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը և կդադարեցնի Լեռնային Ղարաբաղի կռվում քաղաքացիական բնակչության շրջանում կորուստները:

Ինչպես նշում է tasnimnews.com կայքը, այս մասին հայտարարել է Իրանի կառավարության մամուլի խոսնակ Ալի Ռաբիին։

«Ինչպես և նախկինում հայտարարել ենք, մենք ողջունում ենք ցանկացած նախաձեռնություն, որը կարող է վերջ տալ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմին, հրադադար հաստատել և կանխել մարդկանց սպանությունը: Անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ Իրանի կառավարությունը ցավում է և մտահոգված է քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի առնչությամբ: Ընդգծում եմ նման դեպքերից խուսափելու անհրաժեշտությունը, երբ տարածաշրջանային այս երկրների մարդիկ հիմա առավել քան երբևէ խաղաղության և հանգստության կարիք ունեն։ Բարեբախտաբար, դիվանագիտական գործողությունների շնորհիվ պատերազմող երկրները համաձայնել են մարդասիրական հրադադար կնքել: Իհարկե, մենք նաև ականատես ենք եղել դրա սոսկալի խախտման և մարդկանց սպանության դեպքերի»,-նշել է նա:

Ռաբիին հավելել է, որ հակամարտութան սկզբից իրանական կողմը տարածաշրջանի երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկումներ է ունեցել, հայտնել է այս առնչությամբ իր տեսակետն ու միջնորդելու պատրաստակամությունը։

Ռաբիին հույս է հայտնել, որ Իրանի մարդասիրական ջանքերը արդյունք ունենան:

«Տարածաշրջանում մենք այն սակավաթիվ խաղացողներից ենք, որոնք լավ հարաբերություններ ունեն ճգնաժամում ներգրավված բոլոր կողմերի, այդ թվում՝ պատերազմող կողմերի և տարածաշրջանային առանցքային երկրների հետ»,-նշել է նա և հավելել, որ հնարավոր ամեն բան անելու են Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման համար։

Ռաբիին հույս է հայտնել, որ կողմերը կխուսափեն ցանկացած քայլից, որը կարող է ապակայունացնել հրադադարի ռեժիմն ու առաջին քայլերը կանեն դեպի դիվանագիտություն և հրադադար:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը