Լրահոս

22.04.2011 14:05


«KAVKAZ JAZZ–2010» փառատոնի տնօրենը չի պատրաստվում ներողություն խնդրել «Շարմ Հոլդինգ»–ից

«KAVKAZ  JAZZ–2010» փառատոնի տնօրենը չի պատրաստվում ներողություն խնդրել «Շարմ Հոլդինգ»–ից

Արդեն տեղեկացրել ենք, որ «KAVKAZ  JAZZ–2010» փառատոնի տնօրեն Ելենա Մեչիտովան նամակ էր ուղարկել Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության կազմակերպիչներին և «Շարմ Հոլդինգին» ու իր վրդովմունքը հայտնել 2011թ. մարտի 27–ին տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ։

Ի պատասխան՝ «Շարմ Հոլդինգ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Ռուբեն Ջաղինյանը Ելենա Մեչիտովայից պահանջել էր հրապարակային ներողություն խնդրել՝ «Շարմ Հոլդինգ» ընկերության մասին իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելու և անհիմն մեղադրանքներ ներկայացնելու համար:

Ռուբեն Ջաղինյանի այս պահանջին երեկ պատասխանել է Ելենա Մեչիտովան։

Նա նշել է, թե Ջաղինյանի մեղադրանքներն անհիմն են։

«Նախևառաջ, ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ եք Դուք ձեր նամակի մեջ մի ամբողջ պարբերություն նվիրել Արթուր Ասատրյանին, ում ձեռքբերումները ոչ ոք չէր նվաստացրել կամ կասկածի տակ դրել։ Ես պարզապես ընդգծել էի, որ չեմ ճանաչում նման անձնավորության։ Ընդամենը։ Երկրորդ՝ Դուք պնդում եք՝ մեջբերում եմ. ««Kavkaz Jazz 2010» փառատոնն ինքնին որևէ կազմակերպության կողմից ներկայացված չի եղել որևէ մրցանակաբաշխության Հայաստանում»։ Թույլ տվեք. բայց իրականում կա և՛ կազմակերպություն, որը ներկայացրել է անվանակարգում (Հայաստանի ազգային մրցանակաբաշխությունը), և՛ որոշակի անվանակարգը՝ տարվա լավագույն երաժշտական նախագիծը։ Եվ նկատեք, որ ոչ մի տեղ խոսք անգամ չկա, թե այն վավերագրական ֆիլմ է։ Կամ՝ վավերագրական ֆիլմը (թեկուզ՝ փառատոնի մասին) ինչպե՞ս կարող է երաշժտական նախագիծ լինել։ Երրորդ՝ Դուք հենվելով «Հայկական ջազը 70 տարեկան է» ՀԿ–ի վրա՝ ասում եք, թե նախագծի գործառույթը խմբի ու կատարողների ընտրությունն է, որոնք ներկայացնում են Հայաստանը հարավկովկասյան ջազ–փառատոներում և վավերագրական ֆիլմի նկարահանմանը։ Հետևաբար հակադարձ հարց՝ մրցանակաբաշխությանը ներկայացված Ձեր ֆիլմի ցուցադրական հոլովակում ի՞նչ են անում ադրբեջանցի ջազ–կատարողների կադրերը։

Ուզում եմ ընդգծել, որ մեր փառատոնի 6 տեսախցիկներով նկարահանման խմբում միայն մեկ տեսախցիկն էր պատկանում «Sharm Holding»–ի օպերատորին, ով ժամանել էր հայ կատարողներին հատվածաբար նկարահանելու նպատակով։ Այստեղ, բնականաբար, ոչ մի վատ բան չկա։ Բայց հասկանալի չէ՝ ինչո՞ւ, այդուհանդերձ, անվանակարգում նշված չէր, որ այն ֆիլմ է։ Եվ ինչո՞ւ ֆիլմը անվանել «KAVKAZ JAZZ 2010 փառատոն», եթե խոսքը միայն հայ կատարողների մասին է։ Եվ վերջապես, այդքան դժվա՞ր էր փառատոնի տնօրինությանը տեղյակ պահել կամ էլ ուղղակի որպես հարգանքի նշան՝ ֆիլմի սկավառակը մատուցել։

Պետք է հիշեցնել, որ փառատոնի ղեկավարությունն ի սկզբանե դեմ էր Հայաստանից նկարահանող անձնակազմին՝ տարբեր պատճառներով։ Ի վերջո, մենք պայմանավորվեցինք, որ հայկական կողմից մեկ օպերատոր կլինի, ով իր լուման կներդնի ողջ ֆիլմի ստեղծման գործում։ Նույն սկզբունքով էլ մենք հրավիրել էին նաև օպերատորին Ադրբեջանից, որպեսզի աշխատանքը լինի հավասարակշռված միջազգային»,–ի թիվս այլ հիմնավորումների՝ ասված է պատասխան նամակում։

Այնտեղ Ելենա Մետիչովան գրել է նաև, որ, բնականաբար, չի պատրաստվում որևէ ներողություն խնդրել, քանի որ անհրաժեշտ չի համարում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը