Կարծիք

27.04.2011 10:50


Պարոն Նախագա՛հ, ամերիկահայերը մերժում են Ցեղասպանության վերաբերյալ Ձեր վիրավորական բառախաղերը

Պարոն Նախագա՛հ, ամերիկահայերը մերժում են Ցեղասպանության վերաբերյալ Ձեր վիրավորական բառախաղերը

Չնայած նախագահ Օբամային ուղղված ամերիկահայերի համառ հորդորներին` խուսափել Ապրիլի 24-ի ամենամյա ուղերձում Հայոց ցեղասպանության փոխարեն «Մեծ եղեռն» բառեզրը օգտագործելուց, սակայն երեք տարի անընդմեջ նա շարունակում է այդպես վարվել:

Ըստ երևույթին, թուրքական ժխտողական վարչակարգի կամակատարները և նրանց ամերիկյան կողմնակիցները կարողացել են պարտադրել Միացյալ Նահանգների նախագահին խուսափել «genocide» կամ դրա համարժեք հայերեն «ցեղասպանություն» բառեզրի որևէ հիշատակումից: Այլապես, ինչո՞ւ Միացյալ Նահանգների նախագահը ամերիկյան հասարակությանը պետք է դիմեր քչերին հասկանալի օտար լեզվով: Հայերեն լեզվով «Մեծ եղեռն» բառերի օգտագործումը պարզապես նպատակ ունի խաբել որոշ դյուրահավատ ամերիկահայերի: Այս էժանագին հնարքը հարիր չէ Նախագահի արժանապատվությանը:

Նախագահ Օբաման անցած երեք տարիների ընթացքում իր գործելակերպը շտկելու և «Մեծ եղեռն» բառեզրի օգտագործումից հրաժարվելու փոխարեն ճիշտ հակառակն է անում: Անհավատալիորեն, այս տարվա Ապրիլի 24-ի ուղերձում նա այդ բառեզրն օգտագործում է արդեն ոչ թե մեկ կամ երկու, այլ երեք անգամ: Նախագահն առանց ամաչելու շարունակում է իր նախորդների անհեթեթ և վիրավորական բառախաղերը, որոնց նա խստորեն քննադատել էր` Ցեղասպանությունը մեղմացված ձևով ներկայացնելով որպես «սարսափելի դեպքեր», «վայրագություններ», «ջարդեր» կամ «աղետալի իրադարձություններ»:

Այս ամսվա սկզբին, նախագահ Օբաման հայտարարեց նախագահական ընտրություններին իր թեկնածությունը կրկին դնելու մասին և ամերիկացիներին խնդրեց վերընտրել իրեն հաջորդ չորս տարիների համար: Իմ կարծիքով, նա, ով բացահայտորեն խախտում է սեփական խոստումները թե' հայկական, և թե' ոչ հայկական հարցերի, այդ թվում` Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, արժանի չէ վերընտրման: Դժվար է պատկերացնել, որ իրեն հարգող որևէ հայ մարդ կրկին քվեարկի Օբամայի օգտին:

Նախագահ Օբամայի դրժած խոստումների հանդեպ իրենց վրդովմունքն արտահայտելու համար հազարից ավելի ամերիկահայեր ապրիլի 24-ի նախօրեին աղմկոտ ցույց էին կազմակերպել Քալվըր Սիթիի «Sony Studios»-ի դիմաց, նրա խոշոր դրամահավաքի վայրում: Նրանց սրտնեղած ուղերձը լայնորեն տարածվեց ամերիկյան և միջազգային լրատվամիջոցներով: Համարյա բոլոր լուրերի թողարկումներում ընդգծվում էր ցուցարարների անվստահությունը նախագահ Օբամայի հանդեպ` ստվեր գցելով նրա նախընտրական քարոզարշավի խանդավառության վրա վրա:

Ցուցարարների ուղերձի արձագանքի ուժեղացմանը նպաստում էր «System of a Down» հանրահայտ խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը, ում ներկայությունն ու կրակոտ ելույթը ոգևորում էին ամբոխին, գրավելով մեծ թվով լրատվամիջոցների ուշադրությունը:

Ցույցին կարևոր աջակցություն էր բերել նաև հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, որը «twitter»-հաղորդագրություն էր ուղարկել իր 7.2 միլիոն երկրպագուներին և հայտարարություն թողարկել իր բլոգում. «Այսօր հազարավոր հայեր հավաքվելու են Լոս Անջելեսում ի նշան բողոքի Հայոց ցեղասպանության ժխտման դեմ և կոչ են անելու Միացյալ Նահանգների կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հուսով եմ, որ այսօր կարող եմ ուշադրություն հրավիրել դրա վրա»:

«ABC-TV» և «FOX-TV» հեռուստատեսություններում իմ վերջին ելույթների ժամանակ ես բացատրեցի, որ ցույցը նպատակ չուներ աղերսել նախագահ Օբամային օգտագործել ցեղասպանություն բառը: Այն, ավելի շուտ մի լուրջ պատգամ էր ուղղված նրան և մյուս քաղաքական գործիչներին, որ ամերիկահայերն այլևս չեն լռելու, երբ ընտրված պաշտոնյան շռայլ նախընտրական խոստումներ տալով ստանա նրանց ձայներն ու փողերը, իսկ ընտրություններից հետո անտեսի նրանց: Այդ պաշտոնյաները պետք է քաղաքական մեծ գին վճարեն իրենց երկդիմության համար: Որպեսզի ժողովրդավարությունը գործի, քաղաքացիները պետք է ամեն ինչ անեն, որ անպարկեշտ քաղաքական գործիչները չվերընտրվեն: Մեկ անգամ խաբված լինելը վատ է, սակայն հիրավի աններելի է, եթե թույլ տանք, որ մեզ կրկին անգամ խաբեն:

Քալվըր Սիթիի ցույցն օգտագործելով որպես նախադեպ, առաջիկա 18 ամիսներին ամերիկահայերը պետք է նախագահ Օբամայի յուրաքանչյուր քարոզարշավային այցի ընթացքում ցույցեր կազմակերպեն Միացյալ Նահանգների ամբողջ տարածքում:

Բացի այդ, ամերիկահայերը, իսկապես կարիք չունեն, որ նախագահ Օբաման կրկնի այն, ինչ երեսուն տարի առաջ հայտարարել է նախագահ Ռեյգանը` 1981 թվականի ապրիլի 22-ի իր նախագահական Հռչակագրում հիշատակելով Հայոց ցեղասպանությունը: Նախագահ Օբաման դրժելով իր նախընտրական խոստումը, վարկաբեկել է իր բարոյական և քաղաքական հեղինակությունը որպես ազատ աշխարհի առաջնորդ:

Եկեք չմոռանանք նաև այս ափսոսալի հարցի մյուս երկու գլխավոր մեղսակիցներին: Որտե՞ղ է այս օրերին թաքնվում փոխնախագահ Բայդենը: Արդյոք մտաբերո՞ւմ է, որ նա բազմաթիվ հախուռն ելույթներ է ունեցել Հայոց ցեղասպանության վերաբերյալ` Սենատում իր երկարամյա ծառայության և նախագահի թեկնածության ընթացքում: Իսկ Հիլարի Քլինթո՞նը: Որքան շուտ նա սենատոր և նախագահի թեկնածու եղած ժամանակ Ցեղասպանության ճանաչման ջատագովից վերափոխվեց Պետքարտուղարի, որը թաքնվում է լրատվամիջոցներից, երբ «անձնական» ծաղկեպսակ է դնում Երևանում Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին և կոնգրեսականների շրջանում աշխատանքներ է տանում Ցեղասպանության բանաձևին դեմ քվեարկելու համար:

2012 թվականի ընտրությունները հիանալի առիթ են հաշիվներ մաքրելու համար բոլոր նրանց հետ, որոնք չեն արդարացրել Ամերիկայի հայ համայնքի վստահությունը:

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմ.` Ռ.Ավագյանի

Այս խորագրի վերջին նյութերը