Կարծիք

07.11.2020 14:07


Կոչերը, հայտարարությունները, հարցերը, մեղադրանքներն ու մեղավորներ փնտրելը ավելորդ «ճոխություններ» են էսօր

Կոչերը, հայտարարությունները, հարցերը, մեղադրանքներն ու մեղավորներ փնտրելը ավելորդ «ճոխություններ» են էսօր
Ցավ՝ վասն...
Մի տեսակ տարօրինակ տպավորություն եմ ստանում բոլոր այն «խոսակցություններից», թե՝ Շուշիի մատույցներում մերոնք հետ են մղել կամ կասեցրել են թշնամու դիվերսիոն-հետախուզական հերթական ելուզակախմբի գրոհը...
Տարօրինակ, եթե ավելին չասեմ: Հնարավոր է, որ իմ զգացողություններն են սրված-պրկված, բայց էս մի քանի օրը աջից, ձախից լսում ես Շուշիի մասին ու զարմանում, թե ո՞նց կարող են էդպես հանգիստ խոսել: Գուցե դա խաբուսի՞կ հանգստություն է, չգիտեմ:
Բայց զգացե՞լ եք, որ արդեն մի 10 օր է, ինչ ոչինչ չենք խոսել... Հադրութի մասին: Այն օրերին էլ էին ինչ-որ դիվերսիոն-հետախուզական խմբեր, որոնց մերոնք հետ էին մղում, ոչնչացնում էին: Բայց արդեն երկար ժամանակ է (պատերազմական չափանիշներով՝ երկար), ինչ Հադրութի մասին ոչինչ չի ասվել... Արդեն քանի օր է, ինչ Հադրութի մասին լռություն է:
Խոսում ենք Շուշիի մասին, մոռանալով կարծես, որ Շուշիից մինչև Ստեփանակերտ գործնականում հեռավորույթուն չկա: Ճանապարհով՝ 10 կիլոմետր է, իսկ գործնականում՝ Ստեփանակերտը Շուշիի ափի մեջ է:
Այսինքն, որ ասում ենք՝ թշնամին Շուշիի մատույցներում է, նշանակում է, որ թշնամին Ստեփանակերտի մատույցներում էլ է:
Ու ոչ մեկը չի հարցնում, թե այդ ո՞նց եղավ, որ թշնամին այդտեղ է հասել: Ոչ մեկը չի հարցնում, մի մասը չի հարցնում, որպեսզի այս «կառոննի» տուգանքների տակ չընկնի, մյուս մասն էլ՝ հույս ունի (ասենք՝ ես), որ դեռ այդ հարցերը տալու ժամանակն էլ կգա, պատերազմի կամ գոնե դրա այս փուլի ավարտից հետո: Գլուխը՝ քարը, որ դա չեն հարցնում...
Գուցե կգա այդ ժամանակը, չնայած, ավելի լավ է, որ այդ ժամանակում արդեն նման հարցերը չունենան այսօրվա լիցքը: Հակառակ դեպքում՝ թքա՛ծ ամեն տեսակ հարցերի վրա, եթե գալու է մի ժամանակ, որի մեջ ապրելդ էլ չի գալու: Այնքան մեծ է ցավը, այնքան սրտմաշող է իրականության ամբողջ դառնության գիտակցումը, որ ասելու էլ չէ:
Շուշիի մատույցներում մարտերի մասին լսելիս՝ ուզում ես հավատալ, որ արդեն տասնյակ հազարավոր հայրենակիցներ են շտապում հայտնվել այնտեղ: Իսկ եթե չենք շտապում, ապա էլ ինչի՞ համար է այս ամենը, ինչի՞ համար է մեր ապրելը...
Եվ հնարավո՞ր է ապրել այդ ծանրությամբ: Ես կենսագոյությունը նկատի չունեմ, որ հնարավոր է: Ես ապրելը նկատի ունեմ, որ կյանք է կոչվում: Այն կյանքը, որ հազարավորները, դեռ մի կարգին չտեսած, վտանգի տակ են դրել, այն կյանքը, որ նրանց մարտական ընկերները արդեն իսկ դրել են Հայրենիքի գոյության զոհասեղանին...
Չգիտեմ, թե ով ում հետո ինչ կների կամ չի ների: Ես իրենց դատավորը չեմ ու, առհասարակ, դատավոր չեմ: Գիտեմ միայն, որ եթե մեր իսկ սխալները մենք չուղղենք, մեր իսկ սերունդները մեզ չեն ների:
Կոչերը, հայտարարությունները, հարցերը, մեղադրանքներն ու մեղավորներ փնտրելը ավելորդ «ճոխություններ» են էսօր: Գործողություններ են պետք: Հստակ, կազմակերպված, գիտակցված, արդարացված: Երկրում կան և պետությունն ունի ռազմական ղեկավարներ, որոնք պիտի ասեն, թե ով որտեղ գա և ով ուր գնա:
Եթե մեր 18-20 տարեկան լուսավոր տղաները իրենց կյանքը չեն խնայել, ինչո՞ւ պիտի մենք մերը խնայենք, կամ ինչու պիտի մեր պետությունը խնայի:
Արմեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը