Կարծիք

12.11.2020 15:13


Վեր կանգնել նեղ խմբակային շահերից, որպես ազգընտիր պատգամավորներ կատարել սուրբ պարտքը․ Հայր Ասողիկ աբեղա Կարապետյան

Վեր կանգնել նեղ խմբակային շահերից, որպես ազգընտիր պատգամավորներ կատարել սուրբ պարտքը․ Հայր Ասողիկ աբեղա Կարապետյան

Սիրելիներ,
Այս ծանրագույն կացության մեջ՝ մնալով հավատարիմ հոգևորականի իմ կոչմանն ու առաքելությանը, անխառն սիրով գրկելով իմ հարազատ Ազգի բոլոր քաղաքական ուժերին և Տերունի ամենակեցույց Սբ Խաչի ներքո ի մի համախմբելով բոլորին՝ որպես հոգևոր հայր, որպես հայ, որպես քաղաքացի խնդրում եմ և հորդորում:

Չեմ կասկածում որևէ հասարակական-քաղաքական կառույցի ազնվությանն ու անկեղծ մտահոգությանը, գնահատում եմ հայրենանվեր ջանքերն ու ողջախոհ գործողությունները: Եվ կիսելով բոլորի սթափ մտածումներն ու ազգային-պետական մեր շահերից բխող առաջադրությունները՝ հիմք ունենալով, մանավանդ, Հայ ազգային կոնգրեսի այսօրվա լրջագույն և ամենազգաստ արձագանքը, «Իմ քայլը» խմբակցության սիրելի պատգամավորներին, ի Քրիստոս մեր հոգևոր քույրերին ու եղբայրներին հորդորում եմ՝ վեր կանգնել նեղ խմբակային շահերից, ազատվել մարդահաճո կապանքներից և որպես ազգընտիր պատգամավորներ կատարել իրենց սուրբ պարտքը՝ Հայրենիքի և Պետության առջև. ՍՐԲԱԳՐԵՑԵՔ ՁԵՐ ԱՌԱՋՆՈՐԴԻ, ՄԵՐ ԵՐԿՐԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՍԽԱԼԸ:

Ձեզ ուղղված այս բոլոր խոսքերի մեջ տեսեք և լսեցեք Աստծո արդար ձայնը և կանխեցեք արհավիրքը: Ձեզ տրված իշխանությունն ամենայն պատասխանատվությամբ և ամբողջապես ծառայեցրեք Հայաստանի, մեր Պետության և Ազգի շահերին:

Աղոթում եմ և մնում եմ լիահույս, որ հայրենասիրությունը, ազգասիրությունը կգերադասեք անձնասիրությունից:

Ահա, որպես հոգևոր հայր, իմ հորդորը, խնդրանքը մատուցեցի Ձեզ. այլևս անպարտ եմ իմ խղճի և արդարադատ ու ամենատես Աստծո առջև:

Աստված Ձեզ օրհնի և իմաստությամբ զորացնի՝ հանուն հայրենաշեն ՔԱՅԼԻ։

Ասողիկ աբեղա Կարապետյան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի
զինվորյալ միաբան

Այս խորագրի վերջին նյութերը