Կարծիք

30.04.2011 14:01


Ստի ոտքի կարճության մասին

Ստի ոտքի կարճության մասին

Եղավ այն, ինչ պետք է լիներ: Ապրիլի 28-ին բացվեցին եւս հազարավոր մարդկանց աչքեր: Բացվեցին, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանն առանձնակի հաճույքով ցիտում էր Սերժ Սարգսյանին եւ երբ հայտարարվեց, թե հաջորդ հանրահավաքը տեղի կունենա մայիսի 31-ին: Ապրիլի 28-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը գնաց, հավասարվեց Սերժ Սարգսյանի նվագախմբի մյուս գործիքներին:

Ճիշտ է, դեռ մի քանի Լեւոնի վկաներ, ֆանատներ, կարիերիստներ դիմադրում են և չեն տեսնում կամ չտեսնելու են տալիս այս ամենը, բայց դրանք արդեն վերջին դիմադրություններն  են:

Տեր–Պետրոսյանի վերջին ելույթը գերազանցեց բոլոր սպասելիքները և դհոլագիտության մեջ նոր էջ բացեց։

Սկսենք նրանից, որ լուրջ առաջնորդն իրեն թույլ չէր տա ելույթի սկզբում ընթերցել նախկինում արդեն հրապարակված ՀԱԿ հայտարարությունը եւ հետո հանդես գար ծավալուն մեկնաբանությամբ: Հենց սա էլ մեկ անգամ եւս վկայում է ասելիքի բացակայության մասին: Բայց Լեւոն Տեր-Պետրոսյանը ուներ մեկ, այն էլ շատ կարեւոր ասելիք եւ երկար ժամանակ հավաքվածներին պատրաստում էր հենց դրան:

«Քանի դեռ Հայաստանի քաղաքական մթնոլորտը չի առողջացել, քանի դեռ իրական երկխոսություն չի սկսվել իշխանության եւ հասարակության միջեւ, սոցիալ-տնտեսական բարեփոխումների ձեռնարկման կամ ժողովրդի անհուսալի վիճակի բարելավման մասին խոսակցությունները լուրջ չի կարելի համարել»,- հայտարարեց Տեր-Պետրոսյանը, մոռանալով, որ դեռ վերջերս ասում էր, թե քանի ԼՂ հարցը կարգավորված չէ, ով էլ լինի իշխանության ժողովրդի կենսամակարդակը չի կարող փոփոխության ենթարկվել, տնտեսական իրավիճակն էլ չի բարելավվի: Հիմա, երբ ամեն կերպ պետք է հիմնավորի իր եւ Սերժի, այսպես կոչված, երկխոսությունը, փորձում է նաեւ շահագրգռել հանրահավաքի մասնակիցներին՝ շեշտելով, որ հենց այդ երկխոսությունից է կախված հայ ժողովրդի բարեկեցությունը:

Տեր-Պետրոսյանը շարունակելով իր քարոզիչների սկսած գործը, նաեւ փորձեց ժողովրդին ապացուցել, որ գոյություն ունի իշխանափոխության երկու ճանապարհ. «Այդ խնդիրները մենք ենք լուծելու դրության թելադրած երկու ճանապարհներից մեկով՝ կա՛մ երկխոսությամբ ու ազգային համերաշխության կայացմամբ, կա՛մ էլ՝ ֆիզիկական առճակատմամբ, որի անկանխատեսելի հետեւանքները աղետաբեր կարող են լինել ժողովրդի ու երկրի համար»։

ՀՀ առաջին նախագահն իրեն բնորոշ ճարպկությամբ փորձում է այնպիսի տպավորություն ստեղծել, որ առաջընթացի միակ ճանապարհն իր եւ Սերժի երկխոսությունն է, իսկ ավելի ճիշտ ՀԱԿ-ի առաջնորդների սերտաճումը վարչախմբի հետ:

Իսկ ո՞վ է ասում, որ չկա առաջընթացի այլ ճանապարհ: Իսկ ո՞վ է ասում, որ չէր կարելի պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ սկսել անժամկետ բողոքի գործողություններ: Լեւոն Տեր-Պետրոսյանը պնդում է, թե իր ետեւից հարյուր հազարավոր մարդիկ են գնում, դե եթե գնում են, ապա ինչը կամ ով խանգարեց, որ ավելի ակտիվ գորոծղություններով ժողովուրդը պահանջեր արտահերթ նախագահական ընտրություններ: Ասում են, պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլիներ, եթե Սերժը հրաժարական չտար: Իրոք ծիծաղելի փաստարկ է: Դե եթե վստահ եք, որ Սերժը հրաժարական չի տալու, դուք էլ ի վիճակի չեք իրավիճակը հասցնել նրան, որ նա հրաժարական տա, ապա մի՛ խաբեք, մի՛ տարեք, բերեք մարդկանց:

Ավելի լավ չէ՞ անկեղծ հայտարարեք, որ մեր եւ վարչախմբի ծրագրերը, մոտեցումները գրեթե բոլոր հարցերին նույնն է, եւ որ մեր միակ նպատակը մի քանի պատգամավորական աթոռն է: Այսպես ավելի ազնիվ կլիներ: Հիմա արդեն Տեր-Պետրոսյանի ծրագիրը գրեթե ամբողջովին բացահայտվել է: Հազարավոր մարդիկ արդեն հասկացան, թե իրականում ինչ է տեղի ունենում: Իսկ նրանք, ովքեր դեռ հավատում են, որ Տեր-Պետրոսյանի նպատակը իշխանափոխությունն է, ապա ճիշտ կվարվեն, եթե ուշադիր ընթերցեն Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի ստորեւ բերվող հատվածը. «Պատկերավոր ասած՝ երկխոսության դուռը եթե ոչ լրիվ բաց, ապա առնվազն կիսաբաց է։ Ես ոչ մի կասկած չունեմ, որ այն լրիվ բացվելու է մեկ ամսվա ընթացքում, ինչը մենք կարձանագրենք մայիսի 31-ին կայանալիք մեր հաջորդ հանրահավաքում, երբ այս հարթակից ձեզ իրենց երախտագիտության խոսքը կասեն Նիկոլ Փաշինյանը եւ Սասուն Միքայելյանը։ Երեք տարի համբերել ենք, մեկ ամիս էլ կհամբերենք։ Հայ Ազգային Կոնգրեսի անունից ես ներողություն եմ խնդրում Սասունից, Նիկոլից ու մնացյալ քաղբանտարկյալներից, որ նրանց ազատության խնդիրը չհաջողվեց լուծել մեր նախանշած ժամկետում։ Սակայն, վստահ եմ, նրանք կհասկանան, որ մեկամսյա ուշացումն այն սկզբունքային հարցը չէ, որի համար արժե փչացնել Հայաստանի քաղաքական մթնոլորտի առողջացմանն ուղղված եւ արդեն իսկ հաջողություններ արձանագրած լրջագույն գործը»։

Ահա այսպես, ստացվում է, որ երեք տարվա պայքարի նպատակը երկխոսությունն էր: Ընդ որում, երկխոսության ժամանակ քննարկվելու է մարտի 1-ին հրապարակված մյուս 12 պահանջների կատարման հարցը: Չմոռանանք, որ այդ պահանջներում իշխանափոխության, Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին խոսք անգամ չկար: Ահա այսպիսի՛ն է իրավիճակը: Իսկ որ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր ավելի քան սերտաճել է վարչախմբի հետ, արդեն իսկ պարզ է: Նա նույնիսկ չհանդուրժեց մի խումբ երիտասարդների նստացույցը: Դե, պայմանավորվածությունը մնում է պայմանավորվածություն: Նա եւ Սերժը որոշել էին, որ նստացույց չի լինելու եւ չեղավ: Ահա այսքանը: Իսկ մեկ ամիսը բավական ժամանակ է, որ ժողովուրդը վերջանականապես կողմնորոշվի եւ վերջապես սկսի ճիշտ քայլեր իրականացնել:

Վարդան Մխիթարյան

Այս խորագրի վերջին նյութերը