Լրահոս

02.05.2011 18:05


Մի շարք միկրոավտոբուսային երթուղիներում փաստացի շահագործվող շարժակազմի քանակները զգալիորեն քիչ են եղել սահմանված պլանային քանակներից

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ շարունակում են ուսումնասիրությունները մայրաքաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ ներկայացվել են ապրիլի 13-29-ը ընկած ժամանակահատվածում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները:

Զեկուցվել է, որ նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների թվի հաճախման օրվա հաշվառման մասով, օրինակ, թիվ  152 մանկապարտեզում ստուգման օրը արձանագրվել է 35 հավելագրված երեխա: Սույն հիմքով տնօրենն ազատվել է աշխատանքից:

Ստուգված մանկապարտեզներում արձանագրվել են նաև ընդունելության կարգի խախտումներ, առանձին դեպքերում ճկուն համակարգով երեխայի հաճախման մատյանի գործածության հետ կապված թերություններ և բացթողումներ, մի շարք ՆՈՒՀ-ում որոշ երեխաների մասով, որոնց հաճախումը իրականացվում է վճարովի հիմունքներով, բացակայել են վճարման անդորրագրերը: Առանձին մանկապարտեզներում ճաշացանկը չի համապատասխանել սահմանված նորմերին:

Զեկուցվել է նաև մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի աշխատանքների կազմակերպման իրավիճակն ուսումնասիրելու նպատակով իրականացվող մոնիտորինգի ապրիլ ամսվա արդյունքները: Դրանց նախնական վերլուծությունից պարզվել է, որ մի շարք միկրոավտոբուսային երթուղիներում (հ.հ.53, 102, 107, 108, 109, 110) փաստացի շահագործվող շարժակազմի քանակները զգալիորեն քիչ են եղել սահմանված պլանային քանակներից, որի արդյունքում մեծ են եղել շարժման միջակայքերը և չի ապահովվել երթուղիների կանոնավոր սպասարկումը։

Մի շարք միկրոավտոբուսային երթուղիներում (հ.հ.4, 11, 16, 31, 37, 39, 40, 52, 60, 61, 66, 75, 81, 82, 84, 92, 102, 108, 110) շարժակազմերի 30-50%-ի արտաքին տեսքը գնահատվել է անբավարար։

Սահմանված ուղեվարձից բարձր՝ 200 դրամ ուղեվարձով փոխադրումներ իրականացնելու (միկրոավտոբուսային հ.հ.69 և 76 երթուղիներ), երթուղում սահմանված քանակի շարժակազմ չապահովելու և ուղևորների սպասարկումը ձախողելու (հ.53 երթուղի) համար, մրցույթային հանձնաժողով են ներկայացվել համապատասխան հիմքեր՝ նշված երթուղիները սպասարկող կազմակերպությունների հարցը քննարկելու և նրանց սպասարկման իրավունքից զրկելու համար։

Արձանագրվել է հասարակական տրանսպորտի կանգառներից օգտվելու կանոնների խախտման դեպքեր ներքաղաքային երթուղիներում շահագործվող թվով 34 տրանսպորտային միջոցների մոտ։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը