Կարծիք

30.11.2020 14:50


Փաշինյանն անզոր է ազատվել իր «զսպաշապիկից»

Փաշինյանն անզոր է ազատվել իր «զսպաշապիկից»

Բացի Ալիևի ու Էրդողանի խմբակից, ոչ ոք չի ցանկանում Հայաստանի և Արցախի թուլացումը, հայ ժողովրդի միասնականության խաթարումը, որը մեզ մեջքներս ուղղելու և այս ճակատագրական վիճակից դուրս գալու միակ դուռն է: Նիկոլ Փաշինյանը, ով դեռ հույսեր է փայփայում շարունակել պաշտոնավարումը որպես ՀՀ վարչապետ, այդ միասնակությանը նպաստելու փոխարեն շարունակում է հանրության իրեն սատարող հատվածին ներարկել «նախկիններն էին մեղավոր» թմրանյութը: Հիմա էլ ինչ-որ բացահայտումներ է անում առաջին և երրորդ նահագահների Մոսկվա կատարվելիք առասպելական այցի մասին, փորձում է արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման պատմությունը ներկայացնել իր կետից, է՛լ ավելի խորացնելով իր նկատմամբ անվստահության մթնոլորտը, կրկին մեղավորներ նշանակել նրանց, ովքեր, բնականաբար, իր հետ հապ չունեն:

Նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն արդեն ներկայացրել է բանակցությունների սեղանին նախկինում եղած փաստաթղթի և Նիկոլ Փաշինյանի հասկացածի տարբերությունները: Հիմա բազմաթիվ այլ մեկնաբանություններ էլ կլինեն, ինչպես օրեր առաջ ՌԴ նախագահ Պուտինն արեց, նշելով, որ Շուշիի հանձնման պայմանը միայն վերջին՝ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ է արծարծվել: Բայց ուշագրավն այն չէ, թե ի՞նչ է եղել և ի՞նչ ունենք, այլ այն, թե ինչպե՞ս դա եղավ: Որովհետև միայն իրական պատճառների ուսումնասիրումն ու գնահատումը կօգնեն մեզ հետայսու ճիշտ որոշումներ ու քայլեր անել:

Դեռ նախկին նախագահները Նիկոլ Փաշինյանի իրենց Մոսկվա «կատարելիք» այցի մասին «բացահայտումները» կմեկնաբանեն: Մենք չենք կարող նրանց փոխարեն հերքել կամ հաստատել դրանք: Բայց մի տրամաբանական գիծ Նիկոլ Փաշինյանի ելույթներում, հրապարակումներում և գործողությունների մեջ հստակ ընդգծվում է: Ո՛չ այդ «այցի» օրերին, ո՛չ դրանից առաջ երկու և կես տարիների ընթացքում և ո՛չ էլ հիմա նա չի հանդուրժում մեկին կամ մի քանիսին, ովքեր կարող էին կամ կարող են մի լավ բան անել այս երկրի համար: Նա ակամա խոստովանում է, որ այդ օրերին փաստացի մերժել է բանագնացի մանդատ տրամադրել Տեր-Պետրոսյանին և Քոչարյանին: Նա հիմա էլ չի հրաժարվում «միակ բանակցողի» իր ձևական արտոնությունից՝ զրոյացնելով իրավիճակի շտկման ցանկացած նախաձեռնություն: Ես նույնիսկ վստահ չեմ, որ առաջին և երրորդ նախագահները պատրաստ էին կամ պատրաստ են ինչ-որ հարթակում միասին ինչ-որ բան անել, թեև կուզեի, որ այդպես լիներ: Բայց Փաշինյանի ներկայացրած «իրականությունից» ակնհայտ է, որ ինքը մերժել է այդպիսի մանդատ տալը:

Նիկոլ Փաշինյանը նմանվել է ՋեԿ Լոնդոնի այն հերոսին, ով զսպաշապիկի ճնշման տակ հայտնվել է զուգահեռ իրականությունում և փորձում է այս իրականության մեջ ճշմարտության տեղ ներկայացնել այն, ինչին ինքն ավելի է հավատում:

Աղբյուրը՝ vesti.am

Այս խորագրի վերջին նյութերը