Լրահոս

03.05.2011 16:39


«Freedom House»–ի տվյալներով՝ Հայաստանը մամուլի ազատության մակարդակով մոտ է Եգիպտոսին

«Ռեգնում» գործակալությունը փոխանցում է, որ «Freedom House» միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը մայիսի 2–ին աշխարհի 196 պետություններում 2010թ. խոսքի ազատության վերաբերյալ զեկույց է ներկայացրել։

Կազմակերպության ուսումնասիրությունների համաձայն՝ այս տեսանկյունից Անդրկովկասի երկրներից ամենալավ վիճակում Վրաստանն է, որը զբաղեցրել է 118–րդ տեղը։ Վրաստանը հավաքել է 55 միավոր և դասվել է մամուլի ազատության տեսակետից «մասնակի ազատ» երկրների թվին։ «Մասնակի ազատ» երկրների թվին է պատկանում նաև Թուրքիան, որը հավաքել է 54 միավոր ու 112–րդ տեղում է։

Հայաստանը, հավաքելով 65 միավոր, Եգիպտոսի հետ միասին հայտնվել է 146–րդ տեղում է։ Ադրբեջանը 79 միավորով հայտնվել է 171–րդ տեղում։ Երկուսն էլ դասվել են «ոչ ազատ» մամուլ ունեցող երկրների շարքին։ ԶԼՄ–ների ազատության մակարդակով երկրների շարքը գլխավորում է Ֆինլանդիան, երկրորդ և երրորդ տեղերում են Նորվեգիան և Շվեդիան, իսկ վերջին տեղում ԿԺԴՀ–ն է հայտնվել։ Ռուսաստանը 173–րդ տեղում է և Գամբիայի, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ու Զիմբաբվեի հետ միասին համարվում «ոչ ազատ» մամուլ ունեցող պետություն։

«Freedom House»–ի զեկույցի տվյալներով՝ ընդհանուր առմամբ ԶԼՄ–ների ազատության մակարդակը հասել է նոր ցածր կետի։ Աշխարհում վեց մարդուց միայն մեկն է ապրում ազատ ու գործող մամուլ ունեցող երկրում։ Կազմակերպությունը հատուկ մտահոգություն է հայտնում 2010թ. Մերձավոր Արևելքում և Հյուսիսային ու Հարավային Ամերիկայում նկատվող միտման համար, մինչդեռ Աֆրիկայի երկրներում «Freedom House»–ն առաջընթաց է արձանագրել։

Այս խորագրի վերջին նյութերը